Կուտակային զարմանքներ խորհրդարանում
Այս շաբաթ կառավարությունը նույնիսկ նիստի օրը փոխեց, որ հասցնի ԱԺ արտահերթ նիստի օրակարգն ապահովել: Փոխեց ու հասցրեց: Առավոտ շուտ ահագին օրենքների ու դրանց փոփոխության նախագծեր բերեց խորհրդարան: ԱԺ-ում էլ սկսվեց հերթական արտահերթ նիստը: Հերթական, որովհետև սա առաջին դեպքը չէր: Նախորդ տարիներին կառավարությունը միշտ էլ «հրատապության» անվան տակ արտահերթ նիստեր էր գումարում ու իրեն անհրաժեշտ օրենքներ ընդունել տալիս: Հնարավորինս արագ ու, որ ավելի կարևոր է՝ հնարավորինս անաղմուկ: Այս անգամ չստացվեց: Խորհրդարանական ընդդիմադիր պատգամավորներն աղմուկ բարձրացրեցին: Խորհրդարանական լուրերը դարձան լրատվամիջոցների հիմնական թեման:
Իհարկե, չափազանցություն կլինի ասելը, թե այդ լուրերն ավելի սահմռկեցուցիչ են, քան Մերձավոր Արևելքի պատերազմական գործողությունները պատմողները: Բայց նույնքան անտրամաբանական ու անհասկանալի էին, որքան ուկրաինական քաղաքացիական պատերազմի մասին տեղեկատվությունը: Նախ` զարմացել ու զայրացել էին ընդդիմադիր պատգամավորները: Պնդում էին, որ օրենքի խախտում է եղել՝ հասարակական հնչեղություն ունեցող օրենքների նախագծերի հրապարակային քննարկումներ չեն եղել: Իսկ դրանք օրենքով են նախատեսված, և երկրորդ՝ օրենքների նախագծերը պատգամավորներին չեն բաժանվել: Ուստի, իրենք չեն կարող քննարկել ու քվեարկել: Սա կարծես թե ճիշտ էր, որովհետև ՀՀ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ էր այն հաստատել: Հաստատել էր լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում:
Ընդդիմադիրների բողոքը հուժկու էր: Հայաստանյան իրավիճակին անծանոթ մեկին կթվար, թե նախկինում հենց իրենք՝ ընդդիմադիր պատգամավորներն են ընդունել բոլոր օրենքները: Ուստի հիմա նեղացել են, որ իրենց ժամանակին չեն տվել օրինագծերը: Վեճերն այնքան բուռն էին, որ լրատվամիջոցները չէին հասցնում փոխանցել պատգամավորների ասելիքը: Ափսոս: Որովհետև երկուստեք՝ թե ընդդիմությունը, թե իշխանությունը ներկայացնող պատգամավորները քաղաքական մտքի գոհարներ էին շաղ տալիս: Դրանց լրջագույն վերլուծությունն անսահման կհարստացներ մեր քաղաքական մտքի գանձարանը և անզուսպ կխթաներ պետականաշինությունը: Հետևաբար, դրանք հնարավորինս պետք է փրկել մոռացումից ու փոխանցել սերունդներին:
Եվ այսպես, ըստ ընդդիմադիր պատգամավորների` խորհրդարանը դարձել է «Անորակ, բռակ» օրենքների «դակիչ» կամ «շտամպովկա»: Այս ու ավելի թունդ բնութագրումներից հետո ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ «Լավ օրենք ընդունելու համար առնվազն պետք է կարդալ դրանք»:
«Այնպես չի, որ նոր հայտնագործություն արեցիր»,- պատասխանել էր ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը: Նա երևի վաղուց է հայտնագործել «նոր» ու հին հայտնագործությունների տեսությունը, բայց այդ մասին չշարունակեց:
Փոխարենը` շարունակեց ու խոսեց այն մասին, որ այս՝ պատգամավորներին չբաժանված օրինագծերի մեծ մասը ծանոթ է: Անհավանական է, բայց դրանք, ըստ Այվազյանի, ծանոթ են իրենց նախընտրական ծրագրից: Եթե ՀՀԿ-ի ղեկավարությունը ժամանակին կողմնորոշվեր ու 2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո իրենց նախընտրական ծրագիրն ընդունեին որպես ՀՀ օրենք, ահագին գլխացավանքից կազատեին: Թե՛ հասարակությանը, թե՛ բուն խորհրդարանին, թե՛ կառավարությանը: Կառավարությունն այլևս ոչ հերթական, ոչ արտահերթ նիստերով չէր անհանգստացնի ԱԺ-ին՝ սեփական որոշումներով կբավարարվեր:
Բայց ընդունեք, որ հանրապետական պատգամավորը խիստ մարդասիրական պատասխան է տվել: Կարող էր, չէ՞, ընդդիմադիր պատգամավորին հարցնել` «Իսկ Դուք վստա՞հ եք, որ եթե օրինագիծը ժամանակին բաժանվեր, ու մեր ներկա գումարման ԱԺ պատգամավորները կարդային՝ կհասկանային»: Ընդունեք, որ այս հարցին հրապարակային պատասխանելը քաղաքացիական պատասխանատվություն կծներ:
Զրպարտության ու նման այլ հարակից մեղադրանքներով: Բայց նույնիսկ սա չի կարելի հրապարակավ պնդել: Որովհետև մեր պատգամավորների ինտելեկտուալ գնահատականը շատ բարձր է: Հարազատ իշխանության տված գնահատականը: Տեսեք, այսօր միայն հանրահայտ «Պարտադիր-կուտակային» կոչված ու հարակից օրենքների փոփոխության նախագիծը 250 էջ է: Եթե չհաշվենք մյուս նախագծերը, ապա պիտի համաձայնենք, որ մեկ արտահերթ նստաշրջանի ընթացքում 250 էջ կարդալը, հասկանալը նույնիսկ Էյնշտեյնի համար անիրագործելի կլիներ: Հետո՞ ինչ, որ նրա IQ-ն ամենաբարձրն էր ժամանակին: Հետո, մեր պատգամավորների կարդալ-հասկանալն ամենևին էլ կարևոր չէ: Շատ ավելի կարևոր է քվեարկելը:
Չնայած Ստալինից հետո տարածված կարծիքի համաձայն` նույնիսկ դա էլ վերանայվեց. «Կարևոր չէ, թե ինչպես են քվեարկում, կարևոր է՝ ինչպե՞ս են հաշվում»: Իսկ դա մեր խորհրդարանում գիտեն: Օրինակն այսօրվա քվեարկությունն էր, երբ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը 66-ը 67 հայտարարեց: Նա նույնիսկ արտահերթի չնաշխարհիկ հիմնավորում է հրապարակել՝ «Ամբողջ (նկատի ունի` անցած.- Ա.Գ.) նստաշրջանն անցել է լարված՝ քաղաքական առումով, և օրենսդրական աշխատանքը ետ է մնացել»:
Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ներկայացնելիս` նախագահ Սերժ Սարգսյանը հորդորեց չքննադատել նախորդին: Նույն հորդորը Սահակյանին ակնհայտ չի արվել: Ուստի, նոր խոսնակը քննադատական խոսքի պես մի բան ասաց նախորդի հասցեին: Բայց ավելի կարևոր է այն, որ ըստ նոր խոսնակի՝ ապագա նստաշրջաններում ԱԺ կյանքում քաղաքականությունը նվազագույնի կհասցվի: Երջանիկ ժամանակներ են մեզ սպասվում: Կարծեմ սրիկա Լորուենս Արաբացին էր ասում, որ «Հայերը հին ժողովուրդ են, ամեն ինչի արժեքը գիտեն, հայերին չես զարմացնի»: Միամի՛տ: Չգիտեր, որ մեզ ջահել-ջուհուլ ազգերը չեն զարմացնի, իսկ մենք իրար՝ կարող ենք: Այն էլ այնպես, որ չենք կարողանում կողմնորոշվել՝ ո՞վ ավելի շատ զարմացրեց՝ ընդդիմությո՞ւնը, թե՞ իշխանությունը: