Ջրի միջոցով տարածվող հիվանդություններ
Ինֆեկցիոն հիվանդությունների բռնկման աղբյուր կարող են հանդիսանալ ոչ միայն շրջակա միջավայրի աղտոտվածությունն ու հայտնիպատճառները, այլև ջուրը: Ջրի միջոցով կարող են տարածվել օրինակ՝ խոլերան, որովայնային տիֆը և պարատիֆերը, դիզենտերիան, տարբեր էնտերիտներ ու էնտերոկոլիտներ, սալմոնելոզը, լեպտոսպիրոզները, տուլարեմիան, վիրուսային գաստրոէնտերիտները, վիրուսային հեպատիտը, ամեոբիազը և այլն։ Ջրային ծագման ոչ ինֆեկցիոն բնույթի հիվանդությունների առաջացումը պայմանավորված է ինչպես բնական ջրերի հիմնական քիմիական նյութերի քանակության փոփոխությամբ (այսինքն աղային կազմի), այնպես էլ միկրոէլեմենտների պարունակությամբ և տոքսիկ նյութերի առկայությամբ, որոնք կարող են հայտնաբերվել ջրաղբյուրներում կեղտաջրերով աղտոտման հետևանքով։
Համաշխարհային առողջապահական կազմակերպության տվյալների համաձայն` ինֆեկցիոն բնույթի բոլոր հիվանդությունների 80%-ը հիմնականում պայմանավորված է ջրային գործոնով, որը կապված է ջրամատակարարման սանիտարա-հիգիենիկ նորմերի խախտման և խմելու ջրի անբավարար որակական ցուցանիշների հետ:
Ջրային ինֆեկցիոն հիվանդությունների տարածման շղթան հետևյալն է՝ հիվանդ մարդ-կոյուղու կեղտաջուր-գետ-ջրմուղի ցանց-առողջ մարդ կամ հիվանդ կենդանի–գետ–ջրմուղի ցանց-առողջ մարդ։ Վարակված ջրի օգտագործման սահմանափակումը սովորաբար կանխում է հիվանդության տարածումը։
Պետք է նշել, որ ջրային ինֆեկցիոն հիվանդությունների տարածումը հնարավոր է միաժամանակ երեք անհրաժեշտ պայմանների դեպքում.
1. Ջրային ինֆեկցիոն հիվանդության հարուցիչը պետք է հայտնվի ջրաղբյուրի ջրում։
2. Հարուցիչները ջրային միջավայրում պետք է պահպանեն իրենց կենսունակությունը որոշակի ժամանակահատվածում։
3. Խմելու և տնտեսական նպատակներով ջրի օգտագործման ժամանակ ինֆեկցիոն հիվանդության հարուցիչը պետք է ներմուծվի մարդու օրգանիզմ։
Ջրաղբյուրի ջրի էպիդ վտանգի գնահատման ժամանակ հաշվի են առնում ոչ թե ինֆեկցիոն հիվանդությունների հարուցիչների, այլ սապրոֆիտ միկրոօրգանիզմների առկայությունը, որոնք հանդիսանում են ջրի էպիդ աղտոտման օժանդակ ցուցանիշներ։ Այսինքն, ջրում պաթոգեն միկրոօրգանիզմների առկայության դեպքում, սովորական աղիքային միկրոֆլորայի քանակը նշանակալիորեն ավելանում է։
Վերջինիս բացակայության դեպքում որոշակի ճշգրտությամբ կարելի է ենթադրել, որ ջուրը էպիդ վտանգ չի ներկայացնում։ Բանը նրանումն է, որ ջրում ավելի հեշտ է հայտնաբերել աղիքային սապրոֆիտ միկրոօրգանիզմները, քան հարուցիչները։
Ջրի էպիդ վտանգի գնահատման համար կիրառվում են երկու ցուցանիշներ, դրանք են՝ աղիքային ցուպիկը (դա աղիքային ցուպիկի խմբի բակտերիաների թիվն է) և երկրորդը՝ ընդհանուր միկրոբային թիվը (դա գաղութների թիվն է, որը որոշվում է սննդային միջավայրի վրա 1մլ ջրի ցանքում 37° Շ պայմաններում, 24 ժամվա ընթացքում)։
Աղիքային ցուպիկի պարունակությունը որոշվում է հետևյալ ցուցանիշներով. կոլի-տիտր և կոլի-ինդեքս։ Կոլի-տիտրը դա ջրի այն քանակությունն է (արտահայտված մլ-ով) որը պարունակում է 1 աղիքային ցուպիկ, իսկ կոլի-ինդեքսը դա 1 լիտր ջրում պարունակվող աղիքային ցուպիկի թիվն է։ Պետք է նշել, որ սրանք հակադարձ ցուցանիշներ են, այսինքն, երբ հայտնի է կոլի-ինդեքսը հեշտությամբ կարելի է որոշել կոլի-տիտրը և հակառակը։
Մեծ հիգիենիկ նշանակություն ունի նաև ջրի քիմիական կազմը, որի հետ կապված բնակչության շրջանում կարող են ի հայտ գալ ոչ ինֆեկցիոն բնույթի տարբեր հիվանդություններ։
Ինչպես նշեցինք, բնական պայմաններում ջուրը պարունակում է տարբեր քիմիական էլեմենտներ ու միացություններ, որոնց կազմն ու հարաբերակցությունը կախված են աղբյուրների տեսակից (մակերեսային, ստորգետնյա ), ջրի ձևավորման պայմաններից, անտրոպոգեն և տեխնոգեն գործոններից և այլն։
էնդեմիկ շրջանների ստորգետնյա ջրերում կարող է դիտվել նաև ստրոնցիումի բարձր կոնցենտրացիաներ։ Խմելու նպատակով նման աղբյուրների օգտագործման ժամանակ երեխաների մոտ հայտնաբերվում է ոսկրային հյուսվածքի զարգացման խախտումներ, որն արտահայտվում է ատամների զարգացման ուշացումով, գաղտունի սպիացման ժամկետների երկարացումով, նվազում է նաև կրտսեր դպրոցական տարիքի երեխաների շրջանում ներդաշնակ մորֆո-ֆունկցիոնալ զարգացումը։
Ջրում մկնդեղի բարձր կոնցենտրացիաների հետ կապված բնակչության շրջանում կարող է զարգանալ կճղակային (սմբակային) հիվանդություն, որն արտահայտվում է ոտնաթաթի մաշկի վրա կոշտուկների առաջացումով և դիտվում է որպես մկնդեղով քրոնիկական թունավորում։
Հայտնի են նաև կապարով թունավորման բռնկումներ։ Կապարի բարձր կոնցենտրացիաները խմելու ջրում (1-ից մինչև 20մգ/լ) պայմանավորված էին ջրմուղու ցանցում կապարային խողովակների օգտագործման հետ։ Սակայն, պետք է նշել, որ բնական ջրաղբյուրները ևս կարող են պարունակել կապարի վտանգավոր կոնցենտրացիաներ։