«Արդյո՞ք Առողջապահության նախարարությունը Սահմանադրական դատարանին ներկայացրել է այս բժշկական ռիսկերը: Եթե ոչ, ապա սա միայն իրավական հարց չէ». Անուշ Պողոսյան

«Առողջ որոշում» հաղորդաշարի ժամանակ ասաց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «Նայում եմ Ազգային ժողովում քննարկվող «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումը և անկեղծորեն զարմանում եմ․ ոչ մի խոսք կնոջ առողջության և բժշկական ռիսկերի մասին։

Մինչդեռ բժշկական փաստերն անփոփոխ են․ 50 և ավելի տարեկան կանանց հղիությունը համարվում է բարձր ռիսկային հղիություն, քանի որ այս տարիքում ինչպես մայրական օրգանիզմը, այնպես էլ պտուղը բախվում են մի շարք կենսաբանական և բժշկական վտանգների։

50 և ավելի տարեկան կանանց համար արհեստական բեղմնավորումը գրեթե միակ տարբերակն է հղիանալու, սակայն այն ունի ինչպես բարձր բժշկական, այնպես էլ էթիկական ռիսկեր։ Շատ երկրներում նման պրակտիկան օրենսդրական սահմանափակումների ներքո է․ Ֆրանսիա, Գերմանիա, Նորվեգիա՝ մինչև 46 տարեկան, Իսպանիա և ԱՄՆ-ի որոշ նահանգներ՝ մինչև 50–52 տարեկան։ Հայաստանում նման տարիքային սահմանափակում հանվում է։

Այս տարիքում ձվարանները գրեթե չեն արձագանքում հորմոնային խթանմանը, ուստի սովորաբար օգտագործվում է դոնորական ձվաբջիջ, իսկ կնոջ արգանդը ենթարկվում է հորմոնալ նախապատրաստման, որպեսզի կարողանա ընդունել սաղմը։ Բնական ձվաբջիջներով հղիանալու հաջողության ցուցանիշը գրեթե 0–1%, իսկ դոնորական ձվաբջիջներով՝ 30–50%, կախված կնոջ առողջական վիճակից։

Նույնիսկ դոնորական ձվաբջիջներով հղիության դեպքում հաճախ արձանագրվում են՝ պրեէկլամպսիա, էկլամպսիա, հիպերտենզիա, շաքարային դիաբետ, վաղաժամ ծնունդ կամ պտղաջրերի արտահոսք, կեսարյան հատման բարձր հավանականություն (մինչև 90%), սրտանոթային բարդություններ և թրոմբոզներ, ինչպես նաև վիժման ռիսկ՝ մինչև 30% դեպքերում։

Տարիքի հետ աճում է քրոմոսոմային անոմալիաների հավանականությունը՝ Դաունի, Էդվարդսի և Պատաուի համախտանիշներ, սաղմի մահացություն կամ աննորմալ զարգացում, վաղաժամ և քաշի պակասով նորածիններ, նորածնի հոսպիտալացման ավելի բարձր ցուցանիշներ։

Բարձր հորմոնալ ծանրաբեռնվածությունը կարող է խթանել կրծքագեղձի, արգանդի լորձաթաղանթի և ձվարանների բջջաբանական փոփոխություններ, հատկապես այն կանանց մոտ, ովքեր արդեն ունեն հորմոնալ խախտումներ կամ նախաուռուցքային վիճակներ։

Հարց է առաջանում՝ արդյո՞ք ՀՀ առողջապահության նախարարությունը Սահմանադրական դատարանին պատշաճ կերպով ներկայացրել է այս բժշկական ռիսկերը նախքան վերարտադրողական իրավունքների ընդլայնման օրենսդրական հիմքերի հաստատումը։ Եթե ոչ, ապա սա այլևս միայն իրավական հարց չէ, այլ նաև՝ հանրային առողջության և բժշկական անվտանգության հարց»:

Տեսանյութեր

Լրահոս