Արմեն Մարտիրոսյանը հակասում է Ռուբեն Հակոբյանին. «Առավոտ»

«Քանի որ խորհրդարանում չորս խմբակցություններն աշխատում են բացառապես ներքաղաքական տարբեր խնդիրների շուրջ, իսկ արտաքին քաղաքական մոտեցումները չեն քննարկվում, ուստիև ներքաղաքական 12 հարցերն են դրվել»,- գրում է «Առավոտ»-ը թերթը՝ ավելացնելով.

«Ընդհանարպես, պետք է ասեմ, որ չորս ուժերը տարբեր մոտեցումներ ունեն: Մենք մշտապես կարծել ենք, որ Հայաստանը գործ չունի ոչ Մաքսային միությունում, ոչ Եվրասիական միությունում, քանի որ կարծում ենք, որ այդ ուղղությամբ Հայաստանի համար որևէ նպաստավոր իրավիճակ չի լինելու»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Վերջինիցս հետաքրքրվել էինք, արդյոք այժմ արդիական չեն Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերվող հարցերը, որ իշխանությանն ուղղված իր 12 պահանջներում «քառյակն» (ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ և «Ժառանգություն») անդրադարձել է բացառապես ներքաղաքական խնդիրներին:

Մինչդեռ նախօրեին, հարցին, թե ինչո՞ւ «քառյակի» նիստում չեն քննարկվել արտաքին քաղաքականությանը վերաբերող խնդիրները, մասնավորապես, Աստանայում տեղի ունեցած վերջին զարգացումները, արդյո՞ք դա նշանակում է, որ «քառյակը» գոհ է իշխանությունների արտաքին քաղաքական գծից, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը պատասխանել էր.

«Ես չեմ կարծում, որ եթե այդ հարցերը չենք քննարկել, նման ենթադրություններ կարելի է անել, որովհետև առանձին-առանձին չորս քաղաքական ուժերն իրենց գնահատականը տվել են թե Աստանայի հանդիպման, թե արտաքին դոկտրինի վերաբերյալ։ Ուղղակի այսօր ժամանակի պատճառով չենք անդրադարձել արտաքին քաղաքական հարցերին։

Բայց, բնականաբար, ամեն ինչ չի ավարտվում այս 12 կետերով, մենք առաջիկայում կքննարկենք շատ ու շատ հարցեր»։ Վերջին իրադարձություններն, ըստ Արմեն Մարտիրոսյանի, ի չիք դարձրեցին ՀՀ իշխանությունների հավաստիացումներն այն մասին, որ Մաքսային միությունն ապահովելու է ՀՀ-ի և ԼՂՀ-ի անվտանգությունը:

«Միակ խնդիրը, որը լուծվում է դա իշխանությունը պահպանելու կամ երկարաձգելու խնդիրն է»,- ասաց նա: Երեկ, «ժառանգությունը» պահանջել էր ՀՀ իշխանություններից, որպեսզի դադարեցնեն Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու գործընթացը: ԲՀԿ-ն Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցության մասով դեռ հստակա դիրքորոշում չի հայտնել, ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանն էլ հայտարարել էր, որ իրենք դեմ են ձևին, որով իրականացվում է գործընթացը:

«Առավոտի» հարցին ի պատասխան Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ արտաքին քաղաքական կարևորագույն հարցում «քառյակի» մոտեցումների տարբերությունները չի կարծում, որ կարող է դառնալ «քառյակում» տարաձայնությունների արդյունք, քանզի խորհրդարանական համագործակցությունն արտաքին քաղաքական հարցերի շուրջ չէ:

«Հայաստանի շահն այս պահին պահանջում է, որ հնարավորինս սերտ հարաբերություններ ունենանք Եվրոմիության հետ, հատկապես տնտեսական և ժողովրդավարական արժեքների հարցերով, ուստիև, խորը հակասություն չորսի շրջանակում ես այս պահին չեմ տեսնում»,- ասաց նա՝ հավելելով, որ արտաքին քաղաքականությունը տվյալ երկրի ներքին քաղաքականության շարունակությունն է»:

Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս