«Տեխնիկական տեսակետից չի բացառվում, որ ընդհարման պահին «Վազ 21214» մակնիշի ավտոմոբիլը գտնվել է հետընթաց ընթացքի մեջ՝ արգելակման պրոցեսում»

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով դատական նիստը. դատարանում այժմ հետազոտվում են քրեական գործի ապացույցները: Դատարանում երեկ հրապարակվեց նախաքննության ընթացքում նշանակված դատավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունը:

Փորձագիտական եզրակացությունում նշված էր, որ ընդհարման պահին BMW մակնիշի ավտոմեքենայի՝ ընթացքի արագության նվազագույն սահմանը կազմում է 71կմ/ժ: Դիտարկելով մինչև ընդհարումը «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի գործողությունները՝ փորձագետները նշել էին, որ փորձաքննության ներկայացված իրադրությունում «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Եղվարդ-Երևան ավտոճանապարհի կողնակում կանգառ կատարելու առումով տեխնիկական տեսանկյունից գործել է ճանապարհային երթևեկության կանոններին համապատասխան:

«Մասնավորապես՝ ի նկատի ունենալով, որ «Վազ 21214» մակնիշի և «ՄԲՎ-320 մակնիշի» ավտոմոբիլների ընդհարման վայրում «Վազ 21214» մակնիշի ավտոմոբիլը գտնվել է ճանապարհի՝ Երևան տանող ուղեմասի հարակից աջ կողնակում, ապա այդ տեսակետից «Վազ 21214» մակնիշի ավտոմոբիլի վարորդի կողմից նշված այն հանգամանքը, որ իր ավտոմոբիլը կանգնած է եղել աջ կողնակում, չի հակասում տեխնիկական տեսակետից ճանապարհային տրանսպորտային պատահարի մեխանիզմին, սակայն նշենք, որ «Վազ 21214» մակնշի ավտոմոբիլի վարորդի կողմից նշված այն հանգամանքը, որ իր ավտոմոբիլը կանգնած է եղել առանց շարժիչն անջատելու փոխանցումների տուփի ազատ ռեժիմի տակ՝ տեխնիկական տեսակետից հակասական հանգամանք է»,- փորձաքննության եզրակացության մեջ նշել էին փորձագետները:

Նրանք նշել էին, որ ընդհարման պահին «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի փոխանցման տուփը չի գտնվել ազատ ռեժիմի տակ, այլ միացված է եղել հետընթաց փոխանցում.

Կարդացեք նաև

«Նշված հանգամանքից ելնելով՝ տեխնիկական տեսակետից չի բացառվում, որ ընդհարման պահին «Վազ 21214» մակնիշի ավտոմոբիլը գտնվել է հետընթաց ընթացքի մեջ՝ արգելակման պրոցեսում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընդհարման պահին միացած վիճակում գտնվելու հատկանիշներ են պարունակում նաև «Վազ 21214» մակնիշի ավտոմոբիլի հետևի լուսազդանշանային լապտերի արգելակման լույսի լամպերի շիկացման թելիկները:

Շարունակելով հետազոտությունը՝ նշենք, որ ինչպես հետևում է առաջադրված տվյալներից, մինչև ընդհարումը «ԲՄՎ» մակնիշի ավտոմոբիլի վարորդի երթևեկության համար խոչընդոտներ կամ նրա երթևեկության համար վտանգ ստեղծող հանգամանքներ չեն եղել, ինչից հետևում է, որ «Վազ 21214» մակնիշի ավտոմոբիլի վարորդի կողմից չեն ձեռնարկվել կամ թույլ չեն տրվել այնպիսի գործողություններ, որոնց արդյունքում տեխնիկական տեսակետից ստեղծվեր խոչընդոտ կամ վտանգ «ԲՄՎ» մակնիշի ավտոմոբիլի վարորդի երթևեկության համար, հետևաբար՝ եթե նույնիսկ ընդունենք, որ ընդհարման պահին «Վազ 21214» մակնիշի ավտոմոբիլը գտնվել է հետընթացի մեջ, ապա այդ պարագայում այն տեխնիկական տեսակետից չի խոչընդոտել «ԲՄՎ» մակնիշի ավտոմոբիլի վարորդի երթևեկությունը կամ չի հանդիսացել վտանգավոր «ԲՄՎ» մակնիշի ավտոմոբիլի վարորդի երթևեկության համար՝ հաշվի առնելով, որ այդ ավտոմոբիլների ընդհարման պահին «Վազ 21214» մակնիշի ավտոմոբիլը գտնվել է Երևան տանող երթևեկելի ուղեմասի աջ կողնակում, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ՝ ըստ առաջադրված տվյալների՝ մինչև ընդհարումը «ԲՄՎ» մակնիշի ավտոմոբիլի վարորդի երթևեկության համար խոչընդոտներ կամ նրա երթևեկության համար վտանգ ստեղծող հանգամանքներ չեն եղել:

Ուստի՝ առաջադրված պայմաններում «Վազ 2121» մակնիշի ավտոմոբիլի վարորդի կողմից թույլ տրված այնպիսի գործողություններ, որոնք տեխնիկական տեսակետից հակասելով ՃԵԿ-ի պահանջներին, պայմանավորած լինեին ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացումը, ինչպես նաև «Վազ 21214» ավտոմոբիլի վարորդի կողմից տվյալ ճանապարհատրանսպորտային պատահարը կանխելու տեխնիկական հնարավորություն ունենալու հանգամանքներ չեն գտնվել»:

Աշխատանքային ժամի ավարտի պատճառով դատավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունն ամբողջությամբ չհրապարակվեց:
Դատարանում հրապարակվեց նաև 2013թ. հոկտեմբերի 24-ին Ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Ս. Մարտիրոսյանին ուղղված գրությունը, որով Նաիրիի քննչական բաժանմունքի պետ Ս. Սարգսյանը խնդրել է նրա հանձնարարությունը համապատասխան աշխատակիցներին` ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ, մինչև քրեական գործի ավարտը Վ. Պետրոսյանի՝ ՀՀ պետական սահմանը կանխելու ուղղությամբ:

Դատարանում Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորված ՝անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը, որը կարող է սահմանափակվել միայն Քրեական դատավարության կամ այլ ընթացակարգերով, եթե անձին մեղսագրվում է որևէ արարք, նրան ձերբակալելու կամ կալանավորելու դեպքում: «Այս փաստաթուղթն ուղղակի ցույց է տալիս նախաքննական մարմնի, Դատախազության, Ոստիկանության շահագրգռվածությունը, որպեսզի Վարդան Պետրոսյանին տեսնեն որպես վթարի մեղավոր անձ՝ դեռևս հանգամանքները չպարզված»,- ասաց Ն. Բաղդասարյանը:

Նա հիշեցրեց, որ գրությունն ուղարկվել է դեպքից 4 օր անց, երբ Վարդան Պետրոսյանը ոչ կասկածյալ էր, ոչ մեղադրյալ, վթարի ենթարկված երկու վարորդներից մեկն էր, իսկ «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի համար նման գրություն չի ուղարկվել: «Պաշտպանական կողմը գտնում է, որ տվյալ դեպքում ակնհայտ էր, որ նախաքննական մարմինն արդեն դեպքից մի երեք օր անց որոշել էր, որ մեղադրանք պետք է առաջադրվեր Վարդան Պետրոսյանին, և ակնհայտ է, որ այս գրությամբ նախաքննական մարմինն ուղղակի խախտել է ՀՀ սահմանադրությամբ Վարդան Պետրոսյանին երաշխավորված ազատ տեղաշարժը»,- ասաց Ն. Բաղդասարյանը:

Երեկ քրեական գործի ապացույցների հետազոտման ժամանակ Նիկոլայ Բաղդասարյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ մի շարք փաստաթղթեր կազմելիս քննիչը դեպքը նկարագրել է հետևյալ կերպ. «2013թ. հոկտեմբերի 20-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրի հատվածում Վարդան Եղիշի Պետրոսյանը «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենայով բախվել է համընթաց ընթացող Արթուր Մարտիրոսի Հակոբյանի կողմից վարած «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայի հետ»: Ն. Բաղդասարյանն ասաց, որ դեպքից մի քանի ժամ անց կազմված արձանագրության մեջ նշել է, որ բախումը տեղի է ունեցել կողնակում:

Փաստաբանը հարց հնչեցրեց. «Ինչպե՞ս է նույն քննիչը դեպքից 8 օր հետո որոշման մեջ գրում, որ պարզել է, որ երկու ավտոմեքենաները համընթաց ընթանում էին»: Փաստաբանի հայտարարությանն արձագանքեց դատախազը՝ նշելով, որ չէր կարծում՝ պետք է բառախաղով զբաղվեին. «Ուշադիր նայելու պայմաններում բոլորիս հայտնի կդառնա, որ գործի հարուցման ֆաբուլան անընդհատ կրկնվել է բոլոր որոշումներում, որտեղ հենց առաջին օրը տեղ է գտել «համընթաց» բառը: գ Այս պարագայում ընդամենը համընթաց ընթացող՝ կստացվի, որ «Նիվան» երթևեկում էր, Վարդան Պետրոսյանը գնաց, ետևից խփեց, որն ավելի վատ է իրենց համար: Սա ընդամենը բառերի համակցություն է, որը դրվել է գործի հարուցման առաջին օրը ու շարունակվել է ընդամենը copy-paste-ի տարբերակով»:

Երեկ դատական նիստի ընթացքում հրապարակվեցին մի շարք այլ փաստաթղթեր, կողմերը կրկին անդրադարձ կատարեցին Վ. Պետրոսյանի սթափության վիճակին: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 6-ին:

Տեսանյութեր

Լրահոս