Ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը չի կարող նախագահ դառնալ
Ուկրաինայում կայացած արտահերթ նախագահական ընտրություններում խոշոր գործարար, միլիարդատեր Պետրո Պորոշենկոյի հաղթանակը դարձել է ամենաքննարկվող թեման ոչ միայն՝ աշխարհում, այլ, որքան էլ զարմանալի է՝ նաև Հայաստանում: Բայց այստեղ քննարկվում է ոչ այնքան այն պարագան, որ Պորոշենկոն տարիներ շարունակ անձամբ մասնակցելով ու ֆինանսավորելով քաղաքական պայքարը՝ կարողացավ նախագահ ընտրվել, այլ այն, որ օլիգարխները կարող են նախագահ դառնալ, և դա ոչ միայն չի քննադատվում, այլև անգամ ողջունվում է Արևմուտքի կողմից: Ոմանք նույնիսկ այնքան հեռու են գնում, որ մոտավորապես հետևյալ բովանդակությամբ եզրակացություններ են անում՝ այլևս Արևմուտքն ընդունում է միայն օլիգարխ-նախագահներին՝ որպես օրինակ ներկայացնելով հենց Պորոշենկոյի հաղթանակն Ուկրաինայում, ինչպես նաև Բիձինա Իվանիշվիլիի՝ ոչ սեփական դեմքով իշխանության գալը Վրաստանում:
Ահա այս երևույթը հայկական որոշակի շրջանակներում դարձել է ոչ միայն քննարկման, այլ նաև ոգևորության առարկա: Իսկ ոգևորությունը հասցեական է ու վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին, ով ընդամենը վերջերս հայտարարեց, թե իր ղեկավարած կուսակցությունը մասնակցելու է առաջիկա բոլոր համապետական ընտրություններին:
Եվ ահա, Ծառուկյանի նախագահ դառնալու հեռանկարով տոգորվածները հղում են անում Ուկրաինայի օրինակին և գրեթե հանդիմանանքով հարցնում՝ եթե դա հնարավոր է Ուկրաինայում, ինչո՞ւ նույնը չի կարող լինել նաև Հայաստանում: Սակայն հայկական օլիգարխիան, որի ներկայացուցիչներից մեկը, գուցե ամենակարկառունը, Գագիկ Ծառուկյանն է, վրացական ու հատկապես ուկրաինական օլիգարխիայի հետ համեմատության մեջ առնվազն մի քանի սկզբունքային տարբերություն ունի, ինչն անհնար է դարձնում նրա՝ նախագահ դառնալու հնարավորությունը Հայաստանում: Գոնե ուկրաինական նախադեպի համատեքստում:
Նախ՝ Պորոշենկոն, օլիգարխ լինելով հանդերձ, բարձր պետական պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ քաղաքական, ընդհուպ՝ արտգործնախարարի: Բայց ամենակարևորը՝ Պորոշենկոն տևական ժամանակ լինելով իշխանական օլիգարխ՝ ի վերջո կատարել է քաղաքական ընտրություն և համարձակվել է պաշտպանել իշխանության դեմ հանդես եկող տեսակետը և ուժերին՝ առաջին հերթին՝ կապված արտաքին քաղաքական կողմնորոշման հետ:
Ու ամենևին այնպես չէ, որ Պորոշենկոն Եվրամայդանի կողմ է անցել Յանուկովիչի փախուստից ու իշխանության փլուզումից հետո: Հակառակը՝ Պորոշենկոն երկար ժամանակ, դեռ Յանուկովիչի նախագահության, անխախտ թվացող նախագահության շրջանում հրապարակավ ֆինանսավորել է այն, ինչը պետք է դառնար Մայդան: Այսինքն՝ Պորոշենկոն ռիսկի, այնուամենայնիվ, գնացել է, որովհետև Մայդանի ճնշման դեպքում ինքը հայտնվելու էր ոչ թե նախագահի նստավայրում, այլ կալանավայրում:
Նախագահ ընտրվելու հաջորդ օրը Պորոշենկոն հայտարարեց, որ արդեն իսկ բանակցություններ է սկսել ներդրումային հիմնադրամների հետ՝ իր բիզնեսները վաճառելու նպատակով:
Իհարկե, Հայաստանում գրեթե բոլորը կպնդեն, թե դա «թատրոն» է, որ իրականում նա ոչինչ էլ չի վաճառելու և շարունակելու է մնալ օլիգարխ: Գուցե: Բայց գոնե թատրոնի մակարդակով նա այդ քայլին դիմել է: Ի տարբերություն Հայաստանի պաշտոնյա ու պատգամավոր օլիգարխների, ովքեր բիզնեսի հետ կապված հարցերում պատասխանների բոլոր հնարավոր տարբերակներից ընտրում են միայն սուտը: Հայտնի կալվածատերերը, սեփականատերերը և այլք հայտնի կենդանու համառությամբ ասում են, թե իրենք բիզնեսներ չունեն, որ դրանք իրենց հարազատներինը, ազգականներինը կամ մերձավորներինն են: Այսինքն՝ բիզնեսներից հրաժարվել մեր քաղաքական-տնտեսական վերնախավը նույնիսկ ձևականորեն պատրաստ չէ:
Ընդհանրապես մեր և Ուկրաինայի միջև, ի թիվս բազմաթիվ տարբերությունների, կա մի սկզբունքային տարբերություն: Այնտեղ մեծահարուստները հսկայական գումարներ են ծախսում իշխանության գալու համար, Հայաստանում՝ մեծահարուստները սերտաճում են իշխանությանը՝ իրենց կարողությունները պահպանելու և ավելացնելու նպատակով: Սա առաջին հայացքից՝ փոքր, բայց սկզբունքային, էական տարբերություն է, որով, ի դեպ, կարելի է բնորոշել նաև երկրների տնտեսական-քաղաքական համակարգերի փոխկապակցվածության ու կայացման մակարդակը: Ու խնդիրն ամենևին, ձևականորեն կամ ոչ, բիզնեսից հրաժարվելը չէ: Ցանկացած մեծահարուստ, բավարարելով նյութական բոլոր հնարավոր պահանջմունքները, ինչ-որ պահի ցանկանում է նաև որոշակի առաքելություն իրականացնել, որը ոչ միայն կարող է բիզնես եկամուտ չապահովել, այլև կարող է վտանգել ունեցած բիզնեսները: Բայց դա յուրաքանչյուր մարդու ընտրությունն է:
Պատրա՞ստ է արդյոք Գագիկ Ծառուկյանը հրաժարվել իր ունեցվածքից՝ հանուն ինչ-որ առաքելության: Հրապարակավ նա ամեն առիթով ասում է, որ պատրաստ է: Բայց առայժմ գործով ցույց է տվել, որ պատրաստ է հրաժարվել գրեթե ամեն ինչից՝ բիզնեսները պահպանելու համար:
Պետրո Պորոշենկոն իր հաղթանակով, ի դեպ, մեծագույն նվեր մատուցեց նաև… ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: «Ինչո՞վ է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլիից» հարցադրումը կարծես արդեն կորցրել է ակտուալությունն ու քարոզչական ազդեցությունը: Հիմա հանգիստ խղճով նա կարող է հայտարարել՝ «ինչո՞վ է Ծառուկյանը պակաս Պորոշենկոյից»: Այդ հայտարարությունն անելու համար նույնիսկ կարելի է հանրահավաք հրավիրել: Մնում է պարզել՝ պատրա՞ստ է արդյոք Ծառուկյանը դեպի Եվրոպա գնացող Պորոշենկոյի հետ համեմատվելու համար լցնել հրապարակը: