«Դիջիթեք» բիզնես ֆորումը կփորձի գործարարի դարդին դարման անել
Հունիսի 20-21-ին արդեն 7-րդ անգամ «ԴիջիԹեք» բիզնես ֆորումի շրջանակներում կհանդիպեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը և գործարար աշխարհը։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) «ԴիջիԹեք» բիզնես ֆորումն ավանդաբար անցկացնում է ՀՀ կառավարության հովանու ներքո։ Մեր այն հարցադրմանը, թե նոր կառավարությունը շարունակո՞ւմ է արդյոք ուշադրության կենտրոնում պահել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը պատասխանեց.
«Մի քիչ վերապահումով կմոտենայի «շարունակել» բառին: 2000 թվականից ի վեր, ինչ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ճանաչվեց գերակա, ճիշտ է, որոշակի հատվածային ծրագրեր կյանքի են կոչվել, սակայն կուրսի ընդհանուր ռազմավարական փոփոխություն դեպի տեխնոլոգիական զարգացում, դեպի բարձր տեխնոլոգիական երկիր, ցավոք, տեղի չի ունեցել:
Այս առումով խոստումնալից էին ԻՏՁՄ վարչության անդամների հանդիպումները ՀՀ նորանշանակ վարչապետի և էկոնոմիկայի նախարարի հետ: Ի թիվս բազմաթիվ ծրագրերի, որ մենք մատնանշել ենք ոլորտը զարգացնելու ուղղությամբ, մասնավորապես` դպրոցական, բուհական կրթության բնագավառներում, հուրախություն մեզ՝ վարչապետի և նախարարի կողմից շեշտադրվեց տեղեկատվական տեխնոլոգիաները հենց Հայաստանի տնտեսության ներսում կիրառելու անհրաժեշտությունը, ինչի շնորհիվ կբարձրանա ՀՀ տնտեսության արդյունավետությունը»,- նշում է Կարեն Վարդանյանը:
ԻՏՁՄ գործադիր տնօրենը նկատում է, որ դժվար է Հայաստանում գործարար աշխարհին ներկայացնել նրանց աշխատանքի արդյունավետությունը բարձրացնող լուծումներ, քանի որ բիզնեսի զգալի մասը գտնվում է ոչ մրցակցային դաշտում: Իսկ նման ընկերություններին տեխնոլոգիաներ պետք չեն. «Նման կազմակերպությունները տեխնոլոգիան կիրառում են ընդամենն իրենց ընկերություններում գողությունների քանակը նվազեցնելու համար: Կարծում եմ՝ վարչապետի վերջին հանդիպումը գործարարների հետ և բոլորին միասնական դաշտ բերելու ցանկությունը նույնպես լրացուցիչ խթան կդառնա, որպեսզի Հայաստանում ինֆորմացիոն տեխնոլոգիաները կիրառվեն նաև բիզնեսում:
«ԴիջիԹեք» բիզնես ֆորումի այս տարվա հիմնական նպատակը կողմերի միջև քննարկում ապահովելն է: Բիզնեսին մենք հարցում ենք անում, խնդրում ենք, որպեսզի մեզ ասեն իրենց խնդիրները: Սովորաբար մենք ենք առաջարկում տարբեր լուծումներ (հաճախորդների կառավարման, հաշվապահական, բանկային, տրանսպորտային, լոգիստիկ և այլն), այս անգամ մենք ցանկանում ենք փորձել հակառակ կողմից՝ լսել բիզնեսի դարդերն ու ոչ թե` ընդհանուր, այլ` հենց այդ դարդը լուծող քայլեր առաջարկել»:
Ֆորումը կանցկացվի իր ավանդական ձևաչափով: Կլինեն պրոբլեմային քննարկումների հարթակ, սեմինարների դաշտ, ցուցահանդեսային հատված և առանձնացված հանդիպումներ: Այս տարի ՀՀ վարչապետի հետ համաձայնեցվել է, որպեսզի պրոբլեմային քննարկումներին բանախոսությամբ հանդես գան նաև նախարարությունների և պետական գերատեսչությունների ներկայացուցիչները, ինչը կօգնի, որ գործարար շրջանակներն ավելի շահագրգիռ լինեն ու լուրջ մոտենան խնդրին՝ էլ ավելի արդյունավետ դարձնելով համաժողովը:
Այս տարի «ԴիջիԹեք» բիզնես ֆորումին ակնկալվում է շուրջ 50 ընկերության տաղավարային ներկայացում և մոտ 2000 այցելու: «Հիմնական խնդիրն է, որպեսզի այցելուները հնարավորինս թիրախային լինեն: Ֆորումի նպատակը տեխնոլոգիական աշխարհի և բիզնեսի միջև վստահություն ստեղծելն է: Հայկական ՏՏ ընկերություններն իսկապես ամենաժամանակակից լուծումներն արտադրում և արտահանում են: Մեր ընկերությունների բիզնեսի կառավարման լուծումներն օգտագործում են Դուբայում, բայց մեզ մոտ այդ մասին տեղյակ չեն: Նախ՝ միմյանց մասին պետք է տեղյակ լինեն, ծանոթանան, այնուհետև վստահեն: Այդ ժամանակ, կարծում եմ, տեխնոլոգիաների ներդրման խնդիրը լուծած կլինենք»,- նշում է նա։
Նշենք, որ «ԴիջիԹեք» բիզնես ֆորումն անցկացվում է «Խելացի լուծումներ խելացի բիզնեսի համար» կարգախոսի ներքո: Ֆորումի գլխավոր գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline): Ֆորումին է միացել նաև ռուսական «ARinteg» ընկերությունը` որպես հովանավոր: