ԱՄՆ-ի դեսպանատունը մեկնաբանում է Ուորլիքին և Մորնինգսթարին
«ԱՄՆ-ը ամբողջությամբ հետամուտ է Մինսկի խմբի շրջանակում աշխատելու հանձնառությանը` օգնելու կողմերին հասնել խաղաղ կարգավորման»,- մեր գրավոր հարցմանն այսպես են արձագանքել Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատնից՝ ի պատասխան խնդրանքի` մեկնաբանել ամերիկյան դիվանագետների վերջին հայտարարությունները:
Բաքվում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը մայիսի 19-ին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում խոսելով ղարաբաղյան խնդրի և բանակցությունների մասին, հայտարարել էր, թե հակամարտության ցանկացած կարգավորում «կպահանջի այդ յոթ շրջանների (նկատի ունի նախկին ԼՂԻՄ-ին հարակից տարածքները.- Ա.Ս.) վերադարձը»:
Մինչ այդ` ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի մայիսի 7-ի ելույթից հետո, հարակից շրջանների հարցին թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել էր նաև Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը` գրելով. «Լեռնային Ղարաբաղի շրջակա օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողության տակ»: Ի դեպ, մեկ այլ մեկնաբանության մեջ պարոն Հեֆերնն առաջարկել էր տարբերակել «բուն Լեռնային Ղարաբաղի և շրջակա տարածքների կարգավիճակները»:
Հաշվի առնելով հատկապես տարածքների հարցի նկատմամբ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում որոշակի զգայունությունը և բացասական վերաբերմունքը` մեկնաբանություն խնդրեցինք Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատնից: Ինչո՞ւ են ամերիկյան դիվանագետները բանակցային կետերից շեշտում հատկապես տարածքներին վերաբերող բաղադրիչը:
Ի պատախան մեր այս հարցին` ԱՄՆ-ի դեսպանատունը գրել է. «Դեսպան Ուորլիքի խոսքում հիշատակված բոլոր 6 կետերն էլ հավասարապես կարևոր են: Այդ կետերից որևէ մեկը մյուսի համեմատ առանձնակի չի շեշտադրվում: Եթե այս կետերի վրա հիմնված համաձայնություն կայանա, ապա առավել անվտանգ ու բարեկեցիկ իրավիճակից կշահեն բոլոր կողմերը»:
Մենք նաև խնդրեցինք կարծիք հայտնել քաղաքական-վերլուծական շրջանակներում շրջանառվող այն տեսակետի մասին, թե դիվանագիտական այս քայլերով Միացյալ Նահանգները փորձում է ակտիվանալ տարածաշրջանում և իր ձեռքը վերցնել նախաձեռնությունը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը:
Դեսպանատան պատասխանում նշված է.
«ԱՄՆ-ը ամբողջությամբ հետամուտ է Մինսկի խմբի շրջանակում աշխատելու հանձնառությանը` օգնելու կողմերին հասնել խաղաղ կարգավորման: Ինչպես տեսանք համանախագահների ավելի ուշ` մայիսի 12-ին արված հայտարարության մեջ, նրանք սկզբունքների ու ելույթում առաջ քաշված կետերի շուրջ համամիտ են և հավասարապես հետամուտ են առաջ գնալու ճանապարհ գտնելու խնդրին»:
Հիշեցնենք, որ դեսպան Ուորլիքը ելույթ ունենալով Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում` ներկայացրել էր ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ ԱՄՆ-ի պաշտոնական տեսակետը և առանձնացրել «վեց տարրեր», որոնք, իր խոսքերով, «պետք է խաղաղության համաձայնագրի մաս կազմեն, եթե ուզում ենք, որ այն տևական լինի»:
Դեսպան Ուորլիքն այսպես էր շարադրել այդ կետերը.
- «Առաջին. հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը` կողմերը պետք է համաձայնության գան, որ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամարտահայտման միջոցով ապագայում: Սա ընտրովի տարբերակ չէ: Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր:
- Երկրորդ. նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ և ինքնակառավարում:
- Երրորդ. Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել, և Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի:
- Չորրորդ. պետք է լինի միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովվի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը:
- Հինգերորդ. տևական կարգավորման ներքո պետք է ճանաչվի ներքին տեղահանվածների ու փախստականների` իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքը:
- Եվ վերջապես վեցերորդ. կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն: Չկա այնպիսի սցենար, որտեղ խաղաղությունն ապահովվի առանց լավ մշակված ու բոլոր կողմերի վստահությունը վայելող խաղաղապահ գործողության»: