Անկախ ռեսուրսային կորուստներից, Իրանը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել իր կարմիր գծերը, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքին» առնչվող. Արամ Շահնազարյան

Իրան-Իսրայել ռազմական ակտիվ գործողությունները դադարեցված են, և 168.am Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանի հետ զրույցում փորձել է պարզել, թե 12-օրյա պատերազմում ով ինչ խնդիր լուծեց, ով որքանով ձախողեց հակառակորդի պլանները:

– Կասկած չկա, որ Իրանի դեմ Իսրայելի իրականացրած բլիցկրիգը նպատակ ուներ ոչնչացնել Իրանի ռազմական և միջուկային բոլոր ենթակառուցվածքները, գլխատել երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը, Իրանում ստեղծել ուժի վակուում, անկառավարելի քաոս, հրահրել քաղաքացիական անհնազանդության շարժում Իրանը ներսից քայքայելու, և դրանով իսկ հասնել գլխավոր նպատակին՝ ռեժիմի փոփոխություն, ինչի մասին պատերազմից առաջ և հետո բարձրաձայնում էին Իսրայելի պետական, քաղաքական տարբեր կալիբրի դեմքեր: Այսինքն, վերջնանպատակն Իրանի՝ որպես պետական միավոր, կազմաքանդումն ու մասնատումն էր:

Ի դեպ, սրան պիտի նպաստեին նաև ԱՄՆ-ի հարվածները, սակայն դա չստացվեց պարզ պատճառով, որովհետև նպատակները սահմանելիս դրա հեղինակները հաշվի չէին առել մի շատ կարևոր հանգամանք. Իրանը ոչ թե արհեստածին պետական միավորում է, այլ հազարամյակների պետական և քաղաքակրթական հզոր ավանդույթների կրողն ու շարունակողը: Եվ հենց այս գործոնն էլ նպաստեց, որ Իրանում ներքաղաքական և ներհասարակական ընկալումներում այդ պատերազմը դիտարկվի՝ որպես ազգային և հայրենական պատերազմ ու տեղի ունենա համախմբում հաղթանակի առանցքի շուրջ:

Իրանի զինված ուժերի բարձրաստիճան զինվորականներ, ղեկավարներ սպանվեցին, ինչպե՞ս հաղթահարվեց սա, ինչպե՞ս ընկալվեց սա հանրության կողմից, արդյո՞ք խոսակցություններ եղան բանակի թույլ լինելու մասին:

Կարդացեք նաև

Անշուշտ, սա ծանր հարված էր Իրանի ռազմական համակարգին, նման կալիբրի ռազմական գործիչների, գեներալների սպանությունը, որոնք անցել էին Իրան-Իրաք պատերազմի, մոտ երկու տասնամյակի ռազմաքաղաքական իրադարձությունների բովով Իրաքում, Լիբանանում, Սիրիայում: Իսկ իրանական հասարակությունը մեծ ցավով ընդունեց այս մեծ կորուստը, և այս գեներալները շատ արագ վերածվեցին հերոսների՝ մոտիվացնող հերոսների, ինչի վկայությունը վերջին օրերին նրանց հուղարկավորության արարողություններն են բազմահազարանոց: Կրկնում եմ, տեղի ունեցածը մոտիվացրեց Իրանի հասարակությանն առավել համախմբված լինելու՝ թշնամուն պարտության մատնելու, նրա ողնաշարը կոտրելու և հաղթելու գաղափարի շուրջ:

– Իրան-Իսրայել հակամարտության համատեքստում ի՞նչ զարգացումներ սպասել հետագայում, ե՞րբ, ի՞նչ պայմաններում:

– Կարծում եմ՝ պատերազմը դեռ ավարտված չէ: Այս հրադադարը չափազանց փխրուն է, կասեի՝ հարաբերական: Եթե հետևենք քաղաքական մեկնաբանություններին, փորձագիտական շրջանակի կարծիքներին Իրանում, և այն իրադարձություններին, որ տեղի են ունենում այսօր Իսրայելում, ակնհայտ և միանշանակ է, որ Իսրայելը պատրաստվում է պատերազմի երկրորդ փուլին կամ նոր պատերազմի և չի ցանկանում սահմանափակվել այսքանով, որպեսզի հասնի իր նպատակներին: Կարծում եմ, որ եթե միջազգային հանրությունը խելամտորեն չշարժվի, չձեռնարկի անհրաժեշտ քայլեր՝ սանձելու Իսրայելին, ԱՄՆ-ն էլ շարունակի իր աներկբա պաշտպանությունն Իսրայելին, նրա արկածախնդրությանը, մենք պատերազմի երկրորդ փուլի ականատեսը կլինենք, որը շատ ավելի ծանր հետևանքներ կունենա և այս անգամ՝ ամբողջ տարածաշրջանի, Մերձավոր Արևելքի համար:

– Իսկ ռազմական, քաղաքական ի՞նչ հետևություններ են արել Իրանում, այսպես ասած, ժամանակավորապես դադարած պատերազմից:

– Իհարկե, դեռևս շատ շուտ է, որ այս պատերազմի այս փուլը ենթարկվի համապարփակ վերլուծության՝ ռազմական և քաղաքական անհրաժեշտ հետևությունների առումով: Սակայն նախնական պատկերը մեզ հուշում է, որ Իրանում երիցս համոզվեցին, որ պետք է հզորացնել երկրի ռազմական, պաշտպանական կարողությունները, շարունակել նույն ընթացքը, որն Իրանը որդեգրել է վերջին 20-25 տարիներին, և հատկապես վերջին 10 տարիներին: Խոսքը հրթիռային հզորության, կարողությունների պահպանումն ու զարգացումն է, սեփական ՀՕՊ հզոր համակարգի ձևավորումն է, որը կանխելու է թշնամու օդային հարձակումները, հատկապես, երբ վերջին պատերազմն այս առումով ի հայտ բերեց առկա բացերը: Իրանում խոսում են ՀՕՊ բացերի մասին և շատ արագ փորձում են լծվել դրանց վերացմանը: Այսինքն, չփակել դիվանագիտության դռները, բայցև չգնալ որևէ միակողմանի զիջման, դա վերաբերում է ռազմական ծրագրերին, ուրանի հարստացման իրավունքից հրաժարմանը և այլն:

– Այսօր Իրանն ունա՞կ է պահել իր կարմիր գծերը, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցում:

– Այս պատերազմը մեծ ռեսուրսներ է խլել Իրանից, նա հիմա կենտրոնացել է Իսրայելին և ԱՄՆ-ին դիմակայելուն: Սա իրենց օրակարգային առաջնային խնդիրն է: Իսկ մնացյալ հարցերը կարող են դառնալ երկրորդական, ածանցյալ: Սակայն փաստը մնում է փաստ, որ վերջին օրերին Ադրբեջանին ուղղված հայտարարությունները, անուղղակի մեղադրանքները վկայում են, որ Իրանը, ամեն դեպքում, շարունակում է ուշադրության կենտրոնում պահել իր սահմանած բոլոր կարմիր գծերը, այդ թվում՝ Հարավային Կովկասում, մասնավորապես՝ ՀՀ ինքնիշխանության պահպանման և «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված:

– Հայաստանի հետ կապված՝ Իրանն ի՞նչ հետևություններ է արել, ի՞նչ վերանայումներ պիտի արվեն Իրան-Հայաստան հարաբերություններում:

Հայաստանի հետ կապված հետևություններ անելու անհրաժեշտություն Իրանը չունի, որովհետև Իրանը հստակ սահմանել է իր կարմիր գծերը, իր քաղաքականությունը, այդ թվում՝ Հայաստանին առնչվող:

Իրանի փորձագիտական շրջանակները՝ ուղղակի, իսկ պետական այրերը՝ ուղղակի և անուղղակի խոսում են Հայաստանի հետ հարաբերությունների առավել խորացման և ամրապնդման մասին բոլոր բնագավառներում, հատկապես շեշտելով երկու երկրների միջև ռազմաքաղաքական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությունը:

Ես կարծում եմ, որ այս պատերազմը կրկին օրակարգ է հանելու այդ ամենը: Այսինքն, պատերազմի ավարտից հետո ավելի շատ են Իրանում խոսելու այդ մասին, իսկ հաջորդ քայլերն արդեն կապված են լինելու ՀՀ իշխանությունների քայլերի հետ, որոնք բավարար իմաստություն կունենան հետևություններ անելու այս պատերազմից:

Ի դեպ, շատ կարևոր է՝ եթե կողմերը հասնեն նրան, որ ստորագրվի Իրան-Հայաստան ռազմաքաղաքական համապարփակ համագործակցության փաստաթուղթ, դա չմնա թղթի վրա, այլ անմիջապես գործնական քայլեր ձեռնարկվեն այն կյանքի կոչելու համար, սա ևս չափազանց կարևոր հանգամանք է:

– Ի դեպ, Իրան-Իսրայել ռազմական գործողությունների օրերին Թուրքիան պաշտպանում էր Իրանին, որքանո՞վ են Իրանում դրան հավատում: Արդյո՞ք՝ ինչպես Ադրբեջանի դեպքում, Թուրքիայի մասով ևս կան ինչ-ինչ կասկածներ, հատկապես, երբ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և Թուրքիայի տարածքում տեղադրված AN/TPY-2 ռադարը, որի հիմնական խնդիրն Իսրայելին ապահովագրելն է իրանական հրթիռներից, «օգնել է» Իրանի թշնամուն: Մյուս կողմից, Իրանին պաշտպանում էր նաև Պակիստանը, ով Ադրբեջանի ռազմավարական գործընկերն է, նրան օգնել է հաղթել 44-օրյա պատերազմում:

– Այո, փաստ է, որ այս պատերազմի ընթացքում Թուրքիան և նախագահ Էրդողանը խոսում էին Իրանի կողմից, սակայն Իրանում դա այնքան էլ միանշանակ չի ընկալվում, և իրանական փորձագիտական շրջանակները հակված չեն հավատալու նման ելույթների: Նրանք լավ գիտեն, որ Թուրքիան, մանավանդ Էրդողանի իշխանությունն ունակ է այս տարածաշրջանում ցանկացած ճգնաժամ վերածել հնարավորության՝ հանուն թուրքական դիրքերի ամրապնդման: Եվ եթե հետևեք փորձագիտական շրջանակների մեկնաբանություններին, նրանք միանշանակ նշում են, որ եթե պատերազմը շարունակվի, եթե այն ընդլայնվի, եթե Իրանը դրա արդյունքում կրավորական դիրքում հայտնվի, ապա Թուրքիան առիթը բաց չի թողնի իրականացնելու տարածաշրջանային իր նպատակները, այդ թվում՝ Իրանի հետ կապված հեռահար նկրտումները՝ Ադրբեջանի հետ միասին:

Ինչ վերաբերում է Պակիստանին, ապա որպես այս տարածաշրջանի իսլամական երկրներ, որպես կարևոր գործոններ Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, Իրանը և Պակիստանը շահերի համընկնումներ ունեն, իհարկե՝ նաև շահերի հակասություններ: Սա փաստ է: Իսկ Իսրայելի վերաբերյալ երկու պետությունների անվտանգային և գաղափարական մոտեցումները մնում են նույնը, ուստի այս առումով զարմանալու որևէ բան չկա, որ ՀՀ թշնամի պետությունն աջակցում էր Իրանին:

Տեսանյութեր

Լրահոս