
Իրանի դեմ ռազմական գործողությունները նոր փորձություն էին մեր տարածաշրջանի համար․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այցելել է Հայաստանում Իրանի դեսպանատուն և ցավակցություններ հայտնել իսրայելական ագրեսիայի հետևանքով Իրանի կրած մարդկային կորուստների կապակցությամբ։
«Այցելեցի ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն` սգո մատյանում գրառումներ անելու և ցավակցություններս Իրանի ժողովրդին այսկերպ փոխանցելու համար:
Իրանի դեմ ռազմական գործողությունները նոր փորձություն էին մեր տարածաշրջանի համար, որտեղ ցանկացած նոր ցնցում կարող է մասշտաբային ողբերգությունների հանգեցնել:
Ակնկալել, որ պատերազմներ և զոհեր այլևս չեն լինի, ուղղակի չենք կարող. ցավոք, իրողությունները լավատեսություն չեն ներշնչում:
Համոզված եմ, որ հարևան Իրանը արագ կվերականգնվի, և իրանցիների կվերադառնան իրենց խաղաղ կյանքին:
Ցավակցություններս մեր բարեկամ Իրանին»,- սոցցանցի իր էջում գրել է Աբրահամյանը՝ հրապարակելով նաև լուսանկարներ: