«Փաշինյանն ու Մակրոնը շատ նման են. ֆրանսիացիների բախտը բերել է, որ Եվրոպայում են». Հայկ Խալաթյան

«Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը ծիծաղելի է համարում իշխանությունների կողմից այդքան թմբկահարվող «ահաբեկչության փորձ» կոչվածը, որի արդյունքում եղավ կալանավորումների նոր ալիք:

«Նույնիսկ իրենք են գունավոր ծուխերով ԱԺ մտել, հիմա ասենք՝ 2018-ին նրանք ԱԺ-ում ահաբեկչությա՞մբ են զբաղվել: Էլ չեմ խոսում այն մասին, որ եթե ընդունենք, որ 2024-ի պլանը կար, թեպետ մեծ կասկածներ ունեմ, որ դա Բագրատ Սրբազանը կամ իր կողմնակիցներն են կազմել, նույնիսկ ծիծաղելի է… Չնայած՝ ավելի շատ մտահոգիչ, որովհետև տեսնում ենք, որ դրա քողի տակ Հայաստանում ուժգնանում են բռնաճնշումները»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Անդրադառնալով այդ «ահաբեկչության» կամ «հեղաշրջման» փորձ կոչվածի մեջ ռուսական կողմին մեղադրելու իշխանականների փորձերին, նա նշեց, որ հաջորդ ընտրություններում իշխանությունների գլխավոր խաղաքարտերից մեկը լինելու է՝ «եկեք փրկենք Հայաստանի ինքնիշխանությունը Ռուսաստանից»: Ըստ նրա՝ այդպիսով փորձելու են և՛ իշխանությունները, և՛ նրանց սատելիտ ուժերը ձայներ հավաքել. «Ռուսաստանին այսպես մեղադրելով՝ իշխանությունները երկու խնդիր են լուծում՝ արտաքին քաղաքականության մեջ հեշտացվում է վեկտորը դեպի Թուրքիա, իսկ ներքին քաղաքականության մեջ, իրենց կարծիքով՝ դա պետք է օգնի իրենց հաղթել ընտրություններում: Իմ կարծիքով՝ մեր ժողովուրդը պետք է մտածի, թե որո՞նք են այս հակառուսականության պատճառները, ի՞նչ է տալու դա Հայաստանին»:

Հայկ Խալաթյանը շեշտեց, որ, երբ կան մարդիկ, որոնք շատ ակտիվ խոսում են միայն այն ժամանակ, երբ ռուսական կողմը պրոադրբեջանական կամ պրոթուրքական որևէ հայտարարություն է անում. «Բայց երբ ՀՀ վարչապետն է ավելի ուժեղ պրոթուրքական, պրոադրբեջանական հայտարարություններ անում, չգիտես՝ ինչու, այդ մարդիկ լռում են»:

Կարդացեք նաև

Անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի կալանավորմանը՝ նա նշեց, որ Փաշինյանն իր մտքում վախենում է և ինքն անցնում հարձակման. «Սամվել Կարապետյանի հայտարարությունը՝ ի աջակցություն հայ եկեղեցու, նորմալ հայի նորմալ հայտարարություն էր, ես այնտեղ որևէ քաղաքական ենթատեքստ չտեսա, բայց Փաշինյանն իր գործողություններով ստիպում է Սամվել Կարապետյանին ակամայից արդեն մտնել քաղաքական գործընթացների մեջ: Տեսնենք՝ դա Նիկոլ Փաշինյանի ճակատագրական սխա՞լն է, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա»:

Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Մակրոնի՝ ի աջակցություն Փաշինյանի իշխանության արած հայտարարություններին, նա ընդգծեց. «Փաշինյանն ու Մակրոնը շատ նման են, միայն ֆրանսիացիների բախտը բերել է, որ ապրում են Եվրոպայում, որովհետև այդպիսի ապաշնորհ ղեկավարի օրոք ավելի բևեռացվեց Ֆրանսիայի հասարակությունը: Վերջին ընտրություններում նույն Նիկոլ Փաշինյանի նման թիրախավորում է Լը Պենի կուսակցությունը: Էլ չասեմ, որ արտաքին քաղաքականության մեջ ձախողում է ձախողման հետևից, էլ չասեմ կնոջ հետ հարաբերությունները, ապտակը կնոջ կողմից: Այստեղ հայ հասարակությունը պետք է իրեն հարց տա, թե ինչու է իբր պրոհայկական Մակրոնն առաջարկում, որ Հայաստանը բուֆեր լինի Եվրոպայի և Ռուսաստանի միջև»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս