Բաժիններ՝

«Վիվա Արմենիա»-ն նախատեսում է գնել «Օվիո»-ն. Սիվիլնեթ

Հայկական կապի օպերատոր «Վիվա Արմենիա»-ն ծրագրում է գնել «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերության 100 տոկոս բաժնեմասը։ Այդ ընկերությունն է Հայաստանում ներկայացնում նախկին «Ռոստելեկոմ», այժմ «Օվիո» անվանումով ռուսական ապրանքանիշը, որը մատուցում է լայնաշերտ ինտերնետ կապի ծառայություններ։ Այս մասին հայտնում է Սիվիլնեթը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հուլիսի 2-ին նախատեսում է քննարկել գործարքին համաձայնություն տալու որոշման նախագիծը։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ու Ազգային անվտանգության ծառայությունն արդեն տվել են իրենց համաձայնությունը։ Գործարքի արժեքի մասին տեղեկություն առայժմ հրապարակված չէ։

Հեռահաղորդակցության ոլորտում գործող ռուսական «Ռոստելեկոմ» ապրանքանիշը ներկայացնող «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերության հնարավոր վաճառքը դեռ 2022-ին հայտնվեց ուշադրության կենտրոնում, երբ սկսվեց բաժնետոմսերի փոխանցման գործընթաց։ Սակայն գործարքը, ըստ ՍիվիլՆեթի աղբյուրների, այդ ժամանակ տապալվեց՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմի և դրա հետևանքով ռուսական ընկերությունների նկատմամբ սահմանված արևմտյան պատժամիջոցների պատճառով։

Արդյունքում գնորդը չկարողացավ ներգրավել վարկային միջոցներ՝ գործարքը վերջնականացնելու համար։

2022-ին գնորդ կողմը ներկայացված էր Կիպրոսում գրանցված Molitro Holdings Limited ընկերության կողմից։ Դրա բաժնետերերն էին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որը պատկանում է Սամվել Կարապետյանին, և Արման Ունանյանը, որի անունը կապվում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիների հետ, թեև վերջիններս հերքել էին փոխկապակցված լինելը։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տվել էին իրենց համաձայնությունը գործարքին։ Ընկերության վաճառքի նախնական գինը հայտարարված էր 25 մլն դոլար, և գնորդները նախատեսում էին հինգ տարվա ընթացքում ներդնել շուրջ 2,5 մլրդ դրամ։

Չնայած այս ամենին՝ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը նշել էր, որ գործարքը չի կայացել՝ առանց դրա պատճառները հստակ նշելու։ ՀԾԿՀ-ից էլ փաստել էին, որ գործարքի ավարտի մասին փաստաթղթեր երբեք չեն ներկայացվել։

Այսպիսով, 2022-ի դրությամբ ընկերության վաճառքը չկայացավ, իսկ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ»-ն շարունակեց գործել իր նախկին բաժնետերերի կառավարման ներքո՝ պահպանելով իր՝ Հայաստանի քաղաքներում 92% ծածկույթ ունեցող կապի ենթակառուցվածքներն ու շուրջ 3,000 կմ երկարությամբ օպտիկական ցանցը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս