
Եկատերինբուրգում կալանավորվել է նախկինում կատարված սպանությունների գործով հինգերորդ կասկածյալը

Եկատերինբուրգի Լենինսկի շրջանի դատարանը մինչև հուլիսի 19-ը կալանավորել է նախկինում կատարված սպանությունների գործով ևս մեկ կասկածյալի՝ Ախլիման Գյանջիևին:Այս մասին հայտնում է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը:
Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր Եկատերինբուրգում ադրբեջանական էթնիկ խմբավորման գործունեության կասեցման մասին: Այն, ըստ քննիչների, առնչվում է 2001, 2010 և 2011 թվականներին կատարված մի շարք սպանություններին: Հունիսի 29-ին դատարանի որոշմամբ կալանավորվել էին Այազ, Ակիֆ և Մազահիր Սաֆարովները, իսկ հուլիսի 1-ին՝ Բաքիր Սաֆարովը և Ախլիման Գյանջիևը։ Կալանավորվածներից երկուսը մահացել էին։
Հունիսի 30-ին Ադրբեջանի իրավապահ մարմինները գործողություն էին իրականացրել «Սպուտնիկ Ադրբեջան» լրատվական գործակալության գրասենյակում: Հունիսի 1-ին Բաքվի դատարանի որոշմամբ 4 ամսով կալանավորվել են «Սպուտնիկ Ադրբեջան»-ի խմբագրական խորհրդի ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին:
Նույն օրը Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը՝ Եկատերինբուրգում իրավապահների գործողությունների կապակցությամբ ռուսական կողմին է փոխանցել պաշտոնական Բաքվի բողոքի նոտան:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանին բողոք է հայտնվել՝ Բաքվի վերջին ոչ բարեկամական գործողությունների և երկկողմ հարաբերությունների խաթարմանը գիտակցաբար ուղղված քայլերի կապակցությամբ: ՌԴ ԱԳՆ-ն նաև պահանջել է ազատ արձակել Բաքվում ձերբակալված ռուսաստանցի լրագրողներ Իգոր Կարտավիխին և Եվգենի Բելոուսովին: