Բաժիններ՝

Կառավարությունն իր ծրագրում ներառել է ժողովրդի շահը հետապնդող առաջարկները. Հովիկ Աբրահամյան

ՀՀ կառավարությունն իր ծրագրում ներառել է քաղաքական բոլոր ուժերի կողմից ներկայացված, բայց իր տեսակետով ժողովրդի շահը հետապնդող առաջարկները: Նման կերպ այսօր Աժ նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բնորոշեց կառավարության հնգամյա ծրագիրը:

Ըստ նրա` առաջարկվել է, որ մենաշնորհների դեմ պայքար մղվի, բայց ՏՄՊՊՀ վերաբերյալ օրենսդրությունը ոչ թե մենաշնորհների, այլ գերիշխող դիրքի չարաշահման դեմ պայքարի տեսակետից է մշակված: Հ. Աբրահամյանը հայտնեց, որ վերլուծություն է իրականցվում և մինչև տարվա վերջ առաջարկներ կլինեն ու խնդիրը ճիշտ կլուծվի:

«Բազմաթիվ են ծրագրերը, որ չենք կարող իրականացնել ֆինանսական միջոցների սղության պատճառով: Մենք չունենք կախարդական փայտիկ, որ, ասենք, էապես ավելացնենք կրթության կամ առողջապահության ծախսերը: Բայց մենք ունենք պատրաստակամություն` քննարկելու բոլոր խելամիտ առաջարկները: Կան առաջարկներ, որ տեսականորեն ընդունելի են, բայց մեր իրականության պայմաններում իրագործելի չեն»,- ասաց Աբրահամյանը` օրինակ բերելով, որ առաջարկ կա բոլոր հանձնաժողովների նախագահներն առաջադրվեն ընդդիմության կողմից: Սակայն, նրա խոսքով, եթե կան խորհրդարանական ուժեր, որ առաջնորդվում են «ինչքան վատ, այնքան լավ» սկզբունքով, կասկածելի է, որ դա կբերի առաջընթացի, ընդհակառակը` դա կարող է ավելացնել բևեռայնացվածությունը:

Անդրադառնալով կենսաթոշակային բարեփոխումներին` ՀՀ վարչապետը հայտարարեց, թե կան գաղափարներ, որ ունեն «ամբոխահաճո» բնույթ և չունեն երկարաժամկետ հեռանկար:

Կարդացեք նաև

«Ես իմ դիրքորոշումն արդեն արտահայտել եմ, կենսաթոշակային բարեփոխումները մեր երկրում անհրաժեշտ են և նրանք անպայման ունենալու են պարտադիր բաղադրիչ, բայց մենք պետք է գտնենք այնպիսի ուղի, որ լինի պարտադիր, բայց ոչ պարտադրված: Մենք աշխատում ենք ու շուտով կներկայացնենք Ձեր դատին»,- ասաց Հ.Աբրահամյանը:

Նա հայտարարեց սկզբունքները, որոնց շուրջ կառուցվել է ծրագիրը` իրատեսկան, սակայն հավակնոտ, խստապահանջ, սակայն ոչ անտարբեր, ականջալուր, սակայն քաղաքական գծին հետամուտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս