Հովիկ Աբրահամյան. Գործարարները պետք է աշխատեն հավասար դաշտում և խաղի նույն կանոններով
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Այսօր աշխարհով մեկ նշվում է ընտանիքի միջազգային օրը», – դիմելով ներկաներին, ասել է վարչապետը: – Ընտանիքը մեր պետության հիմքն է, իսկ ամուր ընտանիքն ուժեղ պետության երաշխիքն է: Ես ցանկանում եմ շնորհավորել մեր ժողովրդին ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ և ցանկանում եմ բոլորին սեր, համերաշխություն և միասնություն»:
Այնուհետև գործադիրն հաստատել է օրակարգն ու ձեռնամուխ եղել հարցերի քննարկմանը:
Դիմելով կառավարության անդամներին, վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է երեկվա իր հանդիպմանը. «Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ մենք երեկ հանդիպել ենք խոշոր գործարարների և բանկերի ղեկավարների հետ, քննարկել համագործակցության բազմաթիվ հարցեր, խաղի կանոններ ենք սահմանել: Մենք պայմանավորվել ենք, որ բոլորը պետք է աշխատեն հավասար դաշտում, և բոլորն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի ստվերից դուրս գան: Դա եղել է մեր պայմանը: Մինչև հուլիսի 1-ը մենք տալու ենք հնարավորություն, որպեսզի իրենք ինքնուրույն իրենց ցանկությամբ փորձեն աշխատել հավասար դաշտում: Ես տվել եմ հանձնարարական ֆինանսների նախարարին՝ բոլոր կառույցներով հետամուտ լինել այդ աշխատանքի գործընթացներին: Ես գտնում եմ և նաև ունեմ համոզմունք, որ իրենք խաղի կանոնները պետք է փորձեն պահպանել, և եթե չպահպանեն, մենք փորձելու ենք նաև մեր լծակներն օգտագործել, որպեսզի կարողանանք մեր առջև դրված խնդիրներին լուծում տալ: Մենք աշխատել ենք առանց մամուլի, փորձել ենք հարցերն ազատ պայմաններում իրենց հետ քննարկել, որպեսզի հասկանան, որ այդ խնդիրն, իրոք, կառավարության կողմից շատ հստակ է դրված, և մենք անպայման հետամուտ ենք լինելու, որպեսզի խաղի կանոնները բոլորը պահպանեն»: