Բաժիններ՝

Թուրքիայում արհմիությունները համընդհանուր գործադուլի կոչ են արել

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մայիսի 13-ին Մանիսա նահանգի Սոմայի շրջանի ածխահանքի վթարից (զոհվել է 282 մարդ) հետո թուրքական չորս արհմիություն կոչ է արել սկսել համընդհանուր գործադուլ: Նրանց տարածած հայտարության մեջ նշված է.

«Սոմայում մեր հարյուրավոր եղբայր-աշխատավորներին ի սկզբանե դատապարտել են կործանման՝ հարկադրելով աշխատել արտադրական գազանային պայմաններում՝ ուղղված առավելագույն կերպ շահույթ ստանալուն: Մենք աշխատավոր դասին, աշխատավորներին ու նրանց ընկերներին կոչ ենք անում պաշտպանել Սոմայում մեր եղբայրներին»:

Արհմիությունները դատապարտել են Սոմայի պետական հանքավայրը շահագործման նպատակով մասնավոր ընկերությանը հանձնելը, ինչն էլ նրանց կարծիքով՝ հանգեցրել է հանքափորների աշխատանքային պայմանների վատթարացմանը:

Վթարից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ժամանել էր Մանիսա նահանգ, սակայն նրան դիմավորել են բողոքներով, ինչի համար նա հարկադրված է եղել կիսատ թողնել իր ելույթը:

Երեկ Անկարայում ու Ստամբուլում անցկացվել են բողոքի ակցիաներ՝ կապված Սոմայի վթարի հետ: Ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս