Բաժիններ՝

Վիետնամում հակաչինական ելույթների հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վիետնամում գրանցվել են զանգվածային անկարգություններ, որոնց մասնակիցները հարձակվել են երկրի խոշորագույն պողպատաձուլական գործարանի վրա: Դրա հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ: Այս մասին գրում են տեղական ԶԼՄ-ները:

Բժիշկներից մեկի խոսքերով՝ Գա Տին նահանգում զոհվել է 5 վիետնամցի աշխատակից և ևս 16 մարդ, որոնց համարում են չինացիներ. «Անցած գիշեր մոտ 100 մարդ է հայտնվել հիվանդանոցում: Նրանցից շատերը չինացիներ են: Էլ ավելի շատ մարդ հիվանդանոցում է հայտնվել առավոտյան»:

Հարյուրավոր չինացիներ արդեն իսկ փախել են Վիետնամից՝ գերազանցապես մեկնելով հարևան Կամբոջա: Վիետնամի հարավային արդյունաբերական շրջաններում հակաչինական անկարգություններ բռնկվեցին այն բանից հետո, ինչ Չինաստանը հորատող սարք տեղադրեց Հարավ-չինական ծովի վիճելի հատվածում, որին հավակնում է մի քանի երկիր:

Անկարգությունների հետևանքով տուժել է 460 ընկերություն, որոնց գործարանները վնասվել են: Բախումների ժամանակ վիրավորվել է 40 ոստիկան և ձերբակալվել է մոտ 600 ցուցարար: Չինաստանի ու Վիետնամի միջև հարաբերությունների ներկայիս սրումը համարվում է ամենալուրջը՝ 1979 թվականի սահմանային կարճատև պատերազմից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս