2013 թվականին ԵՄ-ում կտրուկ աճել է փախստականների քանակը
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականին ԵՄ-ում կտրուկ աճել է փախստականների քանակը: Այս մասին նշված է Սահմանի պահպանման եվրոպական գործակալության (Frontex) տարեկան զեկույցում:
Դրանում նշված է, որ 2013 թվականին ԵՄ-ի սահմանը հատելու փորձ կատարելիս ձերբակալվել է 107.000 ապօրինի ներգաղթյալ: Դա 34.500-ով ավելին է՝ համեմատած 2012 թվականի հետ: Այս տարվա առաջին չորս ամիսներին ձերբակալվել է 42.000 ապօրինի ներգաղթյալ, ինչը եռակի գերազանցում է նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի ցուցանիշը:
Փախստականների ամենամեծ ներհոսքը գրանցվել է Իտալիայում: Այս տարվա առաջին չորս ամիսներին ծովային ճանապարհով Իտալիա հասնելու փորձ է ձեռնարկել ավելի քան 23.000 մարդ: Նրանցից շատերն անհուսանալի նավակներով փորձել են Լիբիայից ու Եգիպտոսից հասնել Իտալիա: Նախորդ տարի նման փորձ է ձեռնարկել մոտ 40.000 ապօրինի ներգաղթյալ:
2013 թվականին ապօրինի ներգաղթյալները ԵՄ մուտք գործելու փորձեր են ձեռնարկել նաև Սիրիայից, Էրիթրեայից, Աֆղանստանից ու Ալբանիայից: Frontex-ը կանխատեսում է, որ առաջիկա տարիներին ԵՄ-ում միայն աճելու է ապօրինի ներգաղթյալների քանակը: