Վիկտոր Սողոմոնյան. «Ուորլիքի ելույթում առավել կարևոր հարցերը չգիտես ինչու մշուշով են պատված». «Մեդիամաքս»
Մեդիամաքսի հարցազրույցը ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ
– Մայիսի 7-ին Երեւանում ԱՄՆ դեսպանատունը հրապարակեց Կարնեգի հիմնադրամում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ելույթի տեքստը, որտեղ դիվանագետը մանրամասն անդրադարձել էր ղարաբաղյան հակամարտության թեմային: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ ելույթը:
– Շրջանցելով ելույթի մեծ մասը, որտեղ արտահայտվում են հակամարտության եւ առհասարակ աշխարհաքաղաքական իրավիճակի վերաբերյալ համանախագահի անձնական հայացքները, պետք է նշեմ, որ ելույթի ընթացքում հնչեցված 6 կետերը, որոնք, պարոն Ուորլիքի խոսքերով, արտացոլում են ««ամրագրված» փոխզիջման հիմնական տարրերը» եւ «կազմում են ԱՄՆ-ի քաղաքականության հիմքը ԵԱՀԿ ՄԽ գործունեության եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ», լուրջ մտահոգության առիթ են տալիս:
Հրապարակված կետերը, եթե դրանք այս պահին դրված են բանակցային գործընթացի հիմքում, անընդունելի հետքայլ են հայկական կողմի համար` հայտնի Մադրիդյան սկզբունքների համեմատ: Դա նախեւառաջ ԼՂՀ-ի ապագա կարգավիճակի որոշման հարցի աղոտ ու գործնականում անիրագործելի ձեւակերպումն է`առանց պլեբիսցիտի հիշատակման, ինչպես նաեւ Լաչինի միջանցքի կարգավիճակի վերաբերյալ բանաձեւը:
Դա այն դեպքում, որ հայկական կողմի համար Մադրիդյան փաստաթղթի արժեքը առաջին հերթին կայանում էր համաժողովրդական կամարտահայտման միջոցով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչման եւ Լաչինի միջանցքի ու ԼՂՀ-ի կարգավիճակների նույնականության մեջ: Պրն. Ուորլիքի ձեւակերպումներում հայաստանյան կողմի համար առավել կարեւոր հարցերը չգիտես ինչու մշուշով են պատված եւ, ընդհակառակը, առավել զգայուն հարցերը խիստ շեշտադրված են: Ընդհանուր առմամբ, ձեւակերպումներն այնպես են շարադրված, որպեսզի կողմերից յուրաքանչյուրը ցանկության դեպքում կարողանա դրանք մեկնաբանել իրեն հարմար ձեւով: Համանախագահները նախկինում եւս նմանատիպ փորձեր արել են, սակայն այսպիսի մոտեցումը հաջողություն ունենալ չի կարող:
– Վերջին օրերին շատ կարծիքներ հնչեցին այն մասին, որ Ջեյմս Ուորլիքը ոչ մի նոր բան չի ասել, այլ կրկնել է հենց Մադրիդյան սկզբունքներում ամրագրված հիմնադրույթները:
– Պատասխանի փոխարեն կառաջարկեմ հրապարակել Մադրիդյան փաստաթղթի այն դրույթները, որոնք վերաբերում են իմ կողմից հիշատակված խնդիրներին` հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը ճանաչելուն եւ Լաչինի միջանցքի կարգավիճակին: Դրանց համեմատությունը համապատասխան «Ուորլիքի դրույթների» հետ հստակ ցույց կտա առկա տարբերությունը:
******
Մադրիդյան փաստաթուղթ ( 2007թ. նոյեմբերի 29)
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը
ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը պետք է որոշվի պլեբիսցիտի միջոցով, որը կապահովի ԼՂ բնակչության ազատ եւ իրական կամարտահայտությունը: Պլեբիսցիտի անցկացման պայմանները եւ ժամանակացույցը կողմերի միջեւ կհամաձայնեցվեն հետագա բանակցությունների միջոցով, ինչպես նկարագրված է կետ (9)-ում: ԼՂ բնակչության տակ ի նկատի են առնվում 1988 թվականին ԼՂ-ում բնակվող բոլոր ազգությունների ներկայացուցիչները` այն էթնիկ համամասնությամբ, որը գոյություն ուներ մինչեւ հակամարտության սկիզբը: Չպետք է սահմանափակվեն հարցը կամ հարցերը, որոնք կներկայացվեն պլեբիսցիտի, եւ դրանք կարող են ներառել կարգավիճակի տարբերակների ամբողջական շրջանակը:
Լաչին
Համաձայնեցված լայնության միջանցքը կմիացնի ԼՂ-ն Հայաստանի հետ: Մինչեւ ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը հստակեցումը, տվյալ միջանցքը կգտնվի ԼՂ անցումային իշխանությունների վերահսկողության ներքո՝ ստատուս քվոյի պայմաններում: ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի հստակեցումից հետո միջանցքի գործունեությունը կարգավորվելու է՝ հաշվի առնելով ԼՂ վերջնական կարգավիճակը:
Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը
ԼՂ կարգավիճակը
ԼՂ բարդ պատմությունը հաշվի առնելով` կողմերը պետք է պարտավորվեն ապագայում որոշել ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը փոխադարձ համաձայնեցված եւ պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության միջոցով: Սա պարտադիր է: Անցումային կարգավիճակը ժամանակավոր կլինի:
Լաչին
Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողության ներքո: Չի կարող կարգավորում լինել առանց Ադրբեջանի ինքնիշխանության հարգման եւ այդ տարածքների նկատմամբ նրա ինքնիշխանության վերականգման անհրաժեշտության ճանաչման:
Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք պետք է լինի: Այն պետք է բավականաչափ լայն լինի՝ անվտանգ տարանցում ապահովելու համար, բայց այն չի կարող ընդգրկել ողջ Լաչինի շրջանը: