«Փաշինյանը Թուրքիայում մեծ սիրով նոր ստորացուցիչ պարտավորություններ կստանձնի». Էդգար Ղազարյան

Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանն անհանգստություններ ունի, որ Նիկոլ Փաշինյանը գործարար Սամվել Կարապետյանին կարող է արտահանձնել Ադրբեջանին:

«Դեռևս 2021թ. Ադրբեջանում պատերազմից հետո հարուցվել է քրեական վարույթ, որով մեղադրանք է առաջադրված մի խումբ նշանավոր հայազգի գործիչների, այդ թվում՝ Արա Աբրահամյանի, Սամվել Կարապետյանի, Ռուբեն Վարդանյանի նկատմամբ: Ռուբեն Վարդանյանին հասցրել են ձերբակալել, որովհետև նա շրջափակման օրերին գտնվում էր Արցախում, իսկ մյուսների մասով Ադրբեջանի դատախազությունը և Ադրբեջանի նախագահի անվտանգության հարցերով խորհրդականը վաղուց են հայտարարել, որ եթե Հայաստանը ձգտում է Ադրբեջանի հետ իրական խաղաղության, ապա պետք է ադրբեջանական իրավապահներին հանձնեն բոլոր այն անձանց, ովքեր պատսպարվում են Հայաստանում՝ Ադրբեջանի իրավապահ մարմիններից:

Սամվել Կարապետյանն այն եզակի գործիչներից է, որ հսկայական մեկենասություններ և բարեգործական ծրագրեր է իրականացրել Արցախում, ինչը Նիկոլ Փաշինյանի ներկայիս սահմանումների, ընկալումների, ՍԴ որոշմամբ տված մեկնաբանությունների պայմաններում համարվում է Ադրբեջանի տարածքում իրականացված ապօրինի գործունեություն: Ես մեծ անհանգստություն ունեմ՝ հաշվի առնելով, որ նա նաև ՌԴ քաղաքացի է, հնարավոր է, որ Նիկոլը Սամվել Կարապետյանին արտահանձնի Ադրբեջանին»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Գործարար Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվեց, որովհետև պաշտպանել էր Հայ Առաքելական եկեղեցին Փաշինյանի արշավից ու ասել՝ եկեղեցու ու հայ ժողովրդի կողքին է: Սամվել Կարապետյանը նշել էր, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: «Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին՝ ունենալով անմիջական մասնակցություն, եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»,- ասել էր Սամվել Կարապետյանը:

Կարդացեք նաև

Փաշինյանն այս հայտարարությունից հետո ֆեյսբուքյան իր էջում սկսեց գրառումներ կատարել և ցուցումներ տալ իրավապահներին, որոնք էլ Կարապետյանի հայտարարությունը համարեցին իշխանություն զավթելու կոչ:

Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մեկնել Թուրքիա՝ Էրդողանի հետ հանդիպման, և Սամվել Կարապետյանի կալանավորումը, Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավը կապում են դրա հետ:

Էդգար Ղազարյանի կարծիքով՝ Թուրքիայում սպասվում է նոր ստորացուցիչ պարտավորությունների ստանձնում Փաշինյանի կողմից. «Ավելի քան վստահ եմ, որ Իլհամ Ալիևը չի ստորագրելու, այսպես կոչված, խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը, որովհետև իրենք չեն հրաժարվի իրենց նախապայմաններից, բայց Հայաստանը կստանձնի պարտավորություններ, մասնավորապես՝ Սյունիքի տարածքով Թուրքիա-Ադրբեջան հաղորդակցության ապահովման, ճիշտ այն տրամաբանությամբ, ինչպես ակնկալում են Թուրքիան և Ադրբեջանը, ինչպես դա արտացոլված է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների միջև Շուշիում կնքված հռչակագրում: Ինչպես նաև՝ ՀՀ տարածքում ադրբեջանցիների բնակեցման պարտավորությունն է ստանձնելու:

Սրանք լրացուցիչ պարտավորություններ են, որոնք կդրվեն Փաշինյանի առջև, և նա դրանք կկատարի առանձնակի երջանկությամբ և սիրով և միգուցե հայտարարի, որ հայ ժողովրդի և Հայաստանի պատմությունը նոր շրջան են ապրում՝ 2025թ. հունիսի 20-ից: Այսինքն՝ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի պատմության փուլերն իր և Էրդողանի հանդիպման օրերով են պայմանավորված»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս