Անդրանիկը, Ժորիկն ու Արտակը… Ինչպե՞ս գծվեց Սամվել Կարապետյանի կալանքի պլանը

Երեկ 7 ժամ քննությունից հետո Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրի «նոր ծագող աստղ», դատավոր Արտակ Կարապետյանը կալանավորեց «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ, ռուսաստանահայ խոշոր գործարար, ազգային բարերար Սամվել Կարապետյանին:

Սամվել Կարապետյանին նրա ազգանվանակից, ծնունդով եղեգնաձորցի, բայց Լոռու մարզի դատարանից Երևան վերջերս տեղափոխված դատավորը կալանավորեց 30 վայրկյանանոց 2 նախադասության համար:

«Ի՞նչ կարծիք պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին՝ ունենալով անմիջական մասնակցություն, եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»,- ասել էր «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը՝ չմերժելով լրագրողի խնդրանքը՝ «արձագանքել իշխանությունների սկսած գրոհին հանդեպ Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի»:

Առանց տեսանյութը դիտելու և միայն տեքստի ընթերցմամբ մեկնարկած ՔՊ-ական երկօրյա վայնասունը երեկ կեսգիշերին մոտ ավարտվեց Սամվել Կարապետյանի կալանքով:

Կարդացեք նաև

«Ասում է՝ մենք մեր ձևով ենք միջամտելու: Հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ: Ավելի ճիշտ՝ ձեզ»,- կալանքի նիստից առաջ գրել էր Նիկոլ Փաշինյանը, և անկեղծ ասած՝ շատերին թվում էր, որ արդարադատությանը միջամտելու այդպիսի ակնհայտ, աղաղակող գրառումից հետո, որն ուղիղ ցուցում էր դատավորին՝ կալանավորել Սամվել Կարապետյանին, փոքրիշատե մասնագիտական ինքնասիրություն ունեցող որևէ դատավոր կխուսափեր ուղիղ թիրախ դառնալուց:

Բայց մեր դատական համակարգում, ցավոք, «ինչի կա տենց դատավոր, որ իմ ասածը չի անի՞» տրամաբանության ներքո «աշխատող» դատավորների պակաս չկա, և որքան էլ շատերը մտածում էին «Մասիս Մելքոնյանին արձակուրդից կկանչեն, կալանքը կտա, իր կարգապահականն էլ կջրեն» սցենարի իրականացման ուղղությամբ, Երևանի քրեական դատարանի без 5-и минут նախագահ Ժորա Չիչոյանն իր «Մասիսն» ուներ՝ Արտակ Կարապետյան անունով:

Մինչ այդ, հիշենք՝ նախօրեին պաշտոնից ազատվել էր Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արմեն Աբազյանը, Ժ/Պ էր նշանակվել նրա տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը՝ իրականացնելով ԱԱԾ տնօրեն դառնալու՝ իր վաղեմի երազանքը, և անմիջապես վրա հասավ պարտքը փակելու ժամանակը՝ Սամվել Կարապետյանը պետք է կալանավորվի «0» փաստական հիմքերի առկայության պայմաններում:

Մնացածն, ինչպես ասում են, տեխնիկայի հարց էր. քանի որ դատարանի նախագահ Մնացական Մարտիրոսյանն արձակուրդում է գտնվում, իսկ նրան փոխարինող Ժորա Չիչոյանը հրաշալի հարաբերություններ ունի ԱԱԾ-ի հետ, քանի որ օպերատիվներն, ինչպես հայտնի է, ինքն է քննում, Անդրանիկ Սիմոնյանը, ըստ 168.am-ի տեղեկությունների, բնականաբար, նրան՝ որպես փոխարինողի, պետք է ասեր՝ գործը գլուխ բերել:

Վերջինս էլ շատ արագ ու թերևս մեծագույն հաճույքով Սամվել Կարապետյանին կալանավորելու սուրբ գործը պատվիրակում է Արտակ Կարապետյանին, ով էլ իր հերթին, կարծում ենք, առանց տրտնջալու, առանց ամաչելու, առանց հակադարձելու, առանց մտածելու՝ «էս ի՞նչ եմ անում», առանց բողոքելու և կրկին՝ մեծագույն պատրաստակամությամբ կատարում է հանձնառությունը:

Ժորա Չիչոյանը երիտասարդ դատավոր է, ասում են՝ բավականաչափ խելացի, այնքան խելացի, որ իր աչքի առաջ ունենալով բոլոր ժամանակների բոլոր իշխանություններին ծառայելով՝ լրջագույն դիրքային հաջողությունների հասած դատախազ հոր և դատավոր հորեղբոր օրինակները՝ արագ հետևություններ է անում, ու շուտով արդեն դե յուրե կլինի Երևանի քրեական դատարանի նախագահը: Հայրը՝ Արմեն Չիչոյանը, Շիրակի մարզի դատախազն է, հորեղբայրը՝ Սերգեյ Չիչոյանը՝ դատական համակարգում բոլոր հնարավոր բարձր պաշտոնները զբաղեցրած դատավոր:

Արտակ Կարապետյանն էլ, անշուշտ, իր սիրուն աչքերի համար չէր բերվել Երևան. Մի Մասիսը այնքան էլ չի հերիքում. առջևում բարդ գործընթացներ են: Արդյունքում՝ Սամվել Կարապետյանն այժմ «Արմավիր» ՔԿՀ-ում է, Նիկոլ Փաշինյանն՝ անշուշտ, գոհ: Էլ ի՞նչ է պետք երիտասարդ կարիերիստներին… Այսօր թերևս՝ ոչինչ, իսկ վա՞ղը…

Տեսանյութեր

Լրահոս