
Որպես ՌԴ քաղաքացի և գործարար՝ Սամվել Կարապետյանին անհրաժեշտ օգնություն է տրամադրվելու. Զախարովա
Ռուսաստանը հայտարարել է, որ ՌԴ քաղաքացին, գործարարը, ինչպես և ՌԴ ցանկացած այլ քաղաքացի, գործարար, մշտապես ստանում է օգնություն և աջակցություն, եթե դիմում է մեր դեսպանատուն, ռուսական կողմին։ Այս մասին այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով ՀՀ-ում գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանավորմանը։ Նրա խոսքով, ռուսական կողմին կարող են դիմել նա կամ նրա փաստաբանները, մտերիմները։
Զախարովան նախ ասաց, որ եթե դիտարկեն յուրաքանչյուր այլ իրավիճակ՝ կապված այլ անձի հետ, ապա գործողությունները, հատկապես, երբ խոսքը քրեական հետապնդման մասին է, չեն կարող արդարացվել ազգային պատկանելությամբ, գործողությունները կարող են արդարացվել փաստերով, տվյալներով, որոնք ապացուցում են օրինախախտումը։
Նա հիշեցրեց, որ ռուսական կողմը հայտարարություններ է արել։
«Այս թեմայի քննարկումները շարունակելու համար մենք պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում այնտեղ կոնկրետ՝ հստակ հայտարարությունների, մեղադրանքների և այլնի տեսքով, քանի որ արվել են այնքան շատ հայտարարություններ, այնքան առանձնահատուկ, որ նախ՝ եկեք հասկանանք, թե ինչի մասին է խոսքը։ Եվս մեկ անգամ՝ որպես Ռուսաստանի քաղաքացի և գործարար, բնականաբար, նրան անհրաժեշտ օգնություն է տրամադրվելու»,- նշեց Զախարովան։