
Իրանը հայտարարել է Հայֆայում և Թել Ավիվում գտնվող ռազմական թիրախներին հարվածելու մասին

Իրանը հարվածներ է հասցրել Հայֆայում և Թել Ավիվում գտնվող ռազմական նշանակության թիրախներին: Այս մասին, հիմնվելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությանը, հայտնել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը՝ IRIB-ը:
«Հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ համակցված հարվածների նոր ալիք է սկսվել Հայֆա և Թել Ավիվ քաղաքների ռազմական օբյեկտներին և արդյունաբերական կենտրոններին, որոնք առնչվում են Իսրայելի ռազմական արդյունաբերությանը»,- նշվում է ԻՀՊԿ-ի հայտարարությունում։
Հունիսի 19-ին Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հրամայել է ուժեղացնել հարվածները Թեհրանում գտնվող կառավարական թիրախներին: Նա հիվանդանոցներին և բնակելի թաղամասերին հարվածելու մեղադրանք է ներկայացրել Իրանին:
Իսրայելի պաշտպանության բանակն էլ նույն օրը հարվածներ է հասցրել իրանական Արակ, Խոնդաբե և Նաթանզ քաղաքներում գտնվող միջուկային օբյեկտներին։ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հաստատել է հարձակումների փաստը և դրանց մասին տեղեկացրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան։