«Ադրբեջանն ու Թուրքիան ունեն ռազմական սցենար, գործողությունների կգնան, երբ համոզված լինեն, որ միջազգայնորեն ընկալելի կդարձնեն իրենց «ձեռքբերումը»». Տաթևիկ Հայրապետյան

Երեկ խորհրդարանի բակում Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողների հարցերին՝ Իրան-Իսրայել պատերազմի համատեքստում Սյունիքին սպառնացող հնարավոր վտանգների վերաբերյալ փորձագիտական դաշտի բարձրաձայնումների վերաբերյալ, ասել էր, որ այդ հայտարարությունները սադրիչ է համարում։ Նա նաև ընդգծել էր՝ պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը խոսելով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության մասին, պարզապես հիշեցրեց՝ Փաշինյանն ինչ ասում է, պետք է դրա հակառակը սպասել։

«Եթե Փաշինյանը խոսում է անկախության մասին, իրականում փաստում է Ադրբեջանից և Թուրքիայից կախվածության մասին, խաղաղության մասին խոսելիս՝ փաստում է աճող սպառնալիքների մասին, ընդ որում, պարտադիր չէ, որ զուտ գործ ունենանք ագրեսիայի հետ, այստեղ կա նաև հիբրիդային պատերազմ, տեղեկատվական քարոզչություն, որն իրականացվում է թե՛ հակառակորդների կողմից, թե՛ Նիկոլ Փաշինյանի ու իր թիմակիցների կողմից ՀՀ-ի ներսում։ Իրենք բոլորին մեղադրում են Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի մեջ, բայց իրականում իրենք են երկրի դեմ հիբրիդային պատերազմ վարում՝ վտանգելով ՀՀ հնարավոր ժողովրդավարական իմիջն արտաքին աշխարհում»,- 168.am հետ զրույցում ասաց Տաթևիկ Հայրապետյանը։

Կարդացեք նաև

Նա շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանն այսօր միջամտում է իրավական գործընթացներին, այսինքն՝ կոնկրետ քաղաքական պատվերներ է իջեցնում՝ օգտագործելով իր ֆեյսբուքյան էջը։

«Կարծում եմ՝ իրապես Սյունիքի հետ կապված ռիսկերը տևական ժամանակ կան և այդ ռիսկերը կան հատկապես Արցախում տեղի ունեցածից հետո։ Երբ հետևում եմ ադրբեջանական քարոզչությանը, նրանք այս շրջանում հնարավորինս զգուշավոր են, որովհետև ակնհայտ չէ, թե ինչպիսին է լինելու դասավորությունն Իրան-Իսրայել շարունակվող հակամարտության ընթացքում կամ վերջում։

Ադրբեջանն ու Թուրքիան ունեն ռազմական սցենար, միևնույն ժամանակ իրենք կգնան գործողությունների, երբ հստակ համոզված լինեն, որ կարողանալու են մարսել ու միջազգայնորեն ընկալելի դարձնել իրենց «ձեռքբերումը»։

Օրինակ, Արցախի դեմ ագրեսիային Ադրբեջանը գնաց այն փուլում, երբ կարողացան միջազգային կոնսոլիդացիա կամ չեզոքություն ապահովել դրա շուրջ։ Միջազգային ընկալումը՝ գործողությունների հետ կապված, շատ կարևոր է, դրա համար ինքս միշտ իմ խոսքում շեշտում եմ միջազգային դերակատարների հետ ճիշտ աշխատելու կարևորությունը՝ որպես զսպիչ գործոն հնարավոր ագրեսիվ քայլերի դեպքում»,- հավելեց փորձագետը։

Շարունակելով, Տաթևիկ Հայրապետյանը նաև ասաց, որ կան ռիսկեր, բայց այդ ռիսկերը հնարավոր է կառավարել խելացի դիվանագիտական աշխատանքի և գործողությունների արդյունքում։ Եթե ուղղակի որոշում են ռիսկերը չտեսնել, ու դրանից իրենց թվում է, որ աշխարհն ավելի վարդագույն է դառնում՝ չի աշխատում, քանի որ արդյունքի բերում է աշխատանքը, ոչինչ չանելը չի կարող արդյունք ունենալ։

Հիշեցնենք, որ արդեն մեկ շաբաթ է՝ Իրանն ու Իսրայելը փոխադարձաբար միմյանց տարածքները հրթիռակոծում են՝ հարվածներ հասցնելով միմյանց ռազմական նշանակության օբյեկտների, հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական օբյեկտներին։ Երկուստեք կան զոհեր։

Տեսանյութեր

Լրահոս