
Նոր որակ հյուրանոցային-առողջարանային ոլորտում. «Դերժավա»-ի և «Ինտերկոնտինենտալ»-ի հերթական համագործակցությունը
Նոր որակ ու նոր ասելիք հյուրանոցային-առողջարանային ոլորտում․ Միջազգային հեղինակավոր «Ինտերկոնտինենտալ» (InterContinental) հյուրանոցային ցանցի Holiday Inn-ի ֆրանշիզան 2027-ին ներկայացված կլինի նաև Դիլիջանում՝ «Դերժավա» ընկերությունների խմբի և «Ինտերկոնտինենտալ»-ի համագործակցության շնորհիվ:
Այսօր տեղի ունեցավ երկու ընկերությունների ղեկավարների հանդիպումը․ պայմանագրի վավերացման փուլն ավարտելու նպատակով Հայաստան է ժամանել «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցային ցանցի տարածաշրջանային զարգացման տնօրեն Ալեքսիս Ֆոյիալը։
Նա 168․am-ի հետ զրույցում նշեց՝ այս նախագիծն առանձնացնում է որպես մայրաքաղաքից դուրս խոշոր նախագծի օրինակ, և վստահեցրեց՝ Դերժավայի» հետ համագործակցությունը շարունակական է լինելու։
«Դերժավա» ընկերությունների խմբի տնօրեն Մարինե Հովակիմյանն էլ հիշեցրեց՝ սա իրենց երկրորդ համագործակցությունն է «Ինտերկոնտինենտալ հյուրանոցային ցանցի հետ․
«Առաջինը «Crowne Plaza Yerevan» հյուրանոցն է, որի բացումը, լիահույս ենք՝ տեղի կունենա շուտով։ Երկրորդ համագործակցությունը «Holiday INN Dilijan» հյուրանոց-առողջարանն է, որը գործելով Դիլիջանի հիասքանչ բնության սրտում, հյուրերին, զբոսաշրջիկիներին առաջարկելու է հյուրանոցային բարձրակարգ ծառայությունների փաթեթ։ Այս նախագիծը կյանքի կոչելու համար «Դերժավա» ընկերությունը պատրաստվում է կատարել շուրջ 7 միլիարդ դրամի ներդրում։
«Դիլիջան Ռեզորթ»-ի վերաբացումը, կարծում ենք՝ մեծապես կնպաստի մարզում կյանքի աշխուժացմանը և համաչափ զարգացմանը»։
Դիլիջանում հյուրանոցային համալիրը տեղայնացնելու է «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցային ցանցի տասնյակ տարիների լավագույն ավանդույթները, ունենալու է միջազգային չափանիշներին համապատասխանող պայմաններ՝ սպա, բացօթյա և փակ լողավազաններ, սրճարան, մանկական խաղահրապարակ, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված մուտք ու ելք։
Բրիտանական «Ինտերկոնտինենտալ»-ն աշխարհում կառուցել է 227 հյուրանոց, իսկ Հայաստանում Holiday INN-ը կլինի երրորդը, բայց առաջինը՝ առանձնանալով որպես առողջարան (resort)` իր ճարտարապետական և դիզայներական լուծումներով:
«Դերժավա գրուպի» ներկայացուցիչները նշում են նաև՝ կարևորելով համայնքի զարգացումը՝ հյուրանոցային համալիրը կապահովի 100-ից ավելի աշխատատեղ տեղի բնակչության համար։
Մանրամասները՝ տեսանյութում