
Եթե ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան եռանկյունում ձևավորվի համաձայնություն, ապա նրանք ի վիճակի են ապահովել հրադադարի շատ բարձր հավանականություն Իրան-Իսրայել պատերազմում. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրում է․
«Սպիտակ տան խոսնակ Կարոլին Լևիտը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահն առաջիկա երկու շաբաթների ընթացքում կկայացնի որոշում՝ մտնել Իրանի հետ պատերազմի մեջ, թե ոչ:
Այս հայտարարությունը հնչում է ուշագրավ պահի: Այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի և Չինաստանի նախագահների հեռախոսազրույցը, որի ընթացքում բնականաբար քննարկվել է իսրայել-իրանական պատերազմը: Դատապարտել են Իսրայելին, ու խոսել դիվանագիտական լուծման կարևորության մասին:
Բայց, առարկայորեն են խոսել, ինչի մասին վկայում են Ուշակովի ներկայացրած մանրամասները: Նա ասել է, որ Պուտինն ու Սօ Ցզինպինը պայմանավորվել են առաջիկա օրերին մշակել դիվանագիտական առաջարկ, որը կներկայացնեն պատերազմը դադարեցնելու համար:
Թերևս ավելորդ է ասել, թե ո՞ւմ պետք է ներկայացվի այդ առաջարկն առաջին հերթին: Իհարկե ԱՄՆ նախագահ Թրամփին: Ահա այդ ֆոնին Սպիտակ տան խոսնակը հայտարարում է, որ Թրամփը որոշում կկայացնի առաջիկա երկու շաբաթներին: Սա իհարկե չի նշանակում, որ չի կայացնի հենց վաղը, բայց նաև ակնհայտորեն նշանակում է, որ Թրամփը իր որոշման համար սահմանում է երկշաբաթյա ժամանակային «լյուֆտ»: Եվ սա թերևս սահմանվում է Ռուսաստանի ու Չինաստանի մշակած առաջարկի հաշվարկով:
Եթե ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան եռանկյունում որևէ տարբերակի շուրջ ձևավորվի կայուն համաձայնություն, ապա կասկածից վեր է, որ երեքը միասին ի վիճակի են ապահովել հրադադարի հասնելու շատ բարձր հավանականություն: Իսկ այս փուլում իհարկե կարևորը հրադադարն է, որը անշուշտ ամենևին չի նշանակի երաշխավորված խաղաղություն, բայց թույլ կտա առավել կառավարելի դարձնել վիճակն ու զարգացնել այն:
Ըստ իս ակնառու է, որ Թրամպը սպասում է Պեկինին ու Մոսկվային:
Ի դեպ, այստեղ մի հատկանշական դրվագ, կապված երեկվա «կոնֆուզի» հետ: Կարող եք «վերհիշել» վերևի հղումով: Թրամփը նախօրեին իր խոսքի մեջ օգտագործել էր «երեկ խոսել եմ Պուտինի հետ» ձևակերպումը, այն դեպքում, երբ պաշտոնապես նա Պուտինի հետ խոսել էր վերջին անգամ հունիսի 14-ին: Արձագանքել էր Կրեմլի խոսնակ Պեսկովը, ասելով, որ իրադարձությունները այնքան արագ են զարգանում, որ շատերը ասելով «երեկ», նկատի են ունենում երեք-չորս օրերի անցուդարձը:
Հարց էր առաջանում, Թրամպը կորցրե՞լ է ժամանակի զգացումը, թե՞ այդուհանդերձ «թռցրել է բերանից», քանի որ Պուտինի հետ հեռախոսազրույցը չպետք է հանրայնացվեր:
Իսկ այն, որ հաջորդ օրը տեղի է ունենում Պուտին-Սի Ցզինպին հեռախխոսազրույց, որտեղ կոնկրետ խոսվում է առաջարկ մշակելու մասին, ավելի հավանական է դարձնում հենց այն, որ խոսակցություն՝ հունիսի 17-ին, Պուտինն ու Թրամպը այդուհանդերձ ունեցել են»։