
Իրանում հայտնել են երկու բանկերի տեղեկատվական համակարգերի վրա կիբերհարձակումների մասին. լրատվամիջոց

Իրանի կիբերհրամանատարությունը հայտնել է, որ իր մասնագետները ստիպված են եղել պայքարել Իսրայելի կազմակերպած կիբերհարձակումների դեմ, որոնք հանգեցրել են իրանական երկու բանկերի տեղեկատվական համակարգերի խափանմանը: Այս մասին հայտնել է Press TV-ն։
«Համակարգչային անվտանգության մեր մասնագետները կարողացել են արագորեն վերացնել մեկ բանկի համակարգերի խափանումը և ներկայումս փորձում են վերականգնել երկրորդ բանկի համակարգերի աշխատանքը»,- հեռուստաալիքի փոխանցմամբ՝ նշված է հրամանատարության հայտարարությունում:
Լրատվամիջոցը հայտնել է, որ կիբերհարձակումների են ենթարկվել Bank Sepah-ը և Bank Pasargad-ը, սակայն չի մանրամասնել, թե նշված բանկերից որում են պահպանվում խնդիրները:
Հաղորդվում է նաև, որ Իրանը պատասխան միջոցներ է ձեռնարկել Իսրայելի դեմ՝ հետագա սպառնալիքները վերացնելու համար:
NBC-ի փոխանցմամբ՝ Իսրայելին առնչվող Predatory Sparrow հաքերային խումբը հայտարարել է, որ հունիսի 17-ին կոտրել է իրանական Bank Sepah-ի համակարգերը և ոչնչացրել դրա տվյալները, իսկ հաջորդ օրը համանման հարձակում է իրականացրել իրանական Nobitex կրիպտոարժույթների բորսայի նկատմամբ, որը, հաքերների պնդմամբ, ֆինանսավորել է Իրանի կառավարության գործողությունները։ Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ Predatory Sparrow-ն կրիպտոբորսայից առևանգել է 90 միլիոն դոլար:
Մերձավոր Արևելքում իրավիճակը սրվել է հունիսի 13-ի գիշերը Իրանին Իսրայելի հասցրած լայնածավալ հարվածներից հետո: Գործողության հայտարարված նպատակը Թեհրանի միջուկային ծրագրի խափանումն է: Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին։