Եվրոպացիները կներե՞ն Հայաստանի ռուսականությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հունիսի 23-ին Ստրասբուրգում մեկնարկելիք ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանի ժամանակ կրկին բարձրացնելու է հայաստանյան պատվիրակության լիազորությունները չճանաչելու հարցը: Ալիևը հայտարարում է, որ եթե Ռուսաստանի պատվիրակությունը մեկ տարով զրկվեց ձայն իրավունքից՝ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման համար, ապա նույն սկզբունքով պետք է առաջնորդվել Հայաստանի նկատմամբ, որն արդեն 20 տարի «բռնակցել է» Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը: Արդյո՞ք ԵԽ ԽՎ պատվիրակները կարող են ընդառաջ գնալ Ալիևի ցանկությանը, և որքանո՞վ է իրական Հայաստանի պատվիրակության լիազորությունների չճանաչման հարցը: Այս հարցի շուրջ մեր հարցերին պատասխանում է ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակությունում ԱԺ ԲՀԿ խմբակցությունը ներկայացնող Նաիրա Զոհրաբյանը:
– Ադրբեջանի նախագահը, որպես ԵԽ ԽՎ Նախարարների կոմիտեում նախագահող երկրի ղեկավար, հունիսյան նստաշրջանի ժամանակ կրկնելու է Հայաստանի պատվիրակության լիազորությունները չճանաչելու պահանջը: Որքանո՞վ եք իրատեսական համարում, որ ԵԽ ԽՎ պատգամավորները կբավարարեն Ալիևի ցանկությունը:
– Չեմ կարծում, որ նման բան հնարավոր է, որովհետև նախ՝ ԵԽ ԽՎ պատվիրակությունների կազմավորման որևէ սկզբունք Հայաստանի պատվիրակության ձևավորման դեպքում չի խախտվել, իսկ եթե հարցին նայում ենք գլոբալ առումով, ապա որևէ տրամաբանական պատճառաբանություն չկա, թե ինչու չպիտի հաստատվեն հայկական պատվիրակության լիազորությունները: Կա միայն Ալիևի ցանկությունը, իսկ այդ ցանկությունը, բարեբախտաբար, ԵԽ ԽՎ կանոնակարգում ֆիքսված չէ՝ որպես այս կամ այն ազգային պատվիրակության լիազորությունները չհաստատելու աքսիոմ:
– Ալիևն իր պահանջը հիմնավորում է ԵԽ ԽՎ-ի կողմից երկակի ստանդարտների կիրառման անթույլատրելիությամբ. եթե Ռուսաստանին պատժում եք Ղրիմի համար, Հայաստանին էլ պատժեք Ղարաբաղի համար: Արդյո՞ք այս հիմնավորումը չի ազդի ԵԽ ԽՎ պատվիրակների վրա:
– Մենք էլ ենք մշտապես հանդես գալիս հանուն ԵԽ ԽՎ-ի կողմից երկակի ստանդարտների կիրառման անթույլատրելիության և մշտապես ասում ենք, որ Ադրբեջանն իրավունք չունի լինել ԵԽ անդամ, բայց, ցավոք սրտի, ԵԽ ԽՎ-ում մեր այս կոչերն անտեսում են: Մի երկիր, որտեղ կան տասնյակ և հարյուրավոր քաղբանտարկյալներ, մի երկիր, որտեղ այս պահին 43 լրագրող գտնվում է անազատության մեջ, մի երկիր, որտեղ խոսքի ազատությունը և մարդու իրավունքները ոտնահարվում են, իրավունք չունի լինելու Եվրոպայի խորհրդի անդամ:
Նույն պատճառաբանությամբ Եվրոպայի խորհուրդն իր շարքերը չի ընդունում Բելառուսին: Երբ որ մենք նայում ենք, թե ինչ հիմնավորմամբ են Բելառուսին արգելում լինել ԵԽ անդամ, և այն խնդիրները, որոնք ԵԽ-ն բարձրացնում է Ադրբեջանի առջև, ապա տեսնում ենք, որ դրանք գրեթե նույնական են: Կա՞ այստեղ երկակի ստանդարտների կիրառում. իհա՛րկե կա: Ադրբեջանի և Բելառուսի տարբերությունն այն է, որ Ադրբեջանը նավթ ունի, իսկ Բելառուսը նավթ չունի:
– Եթե ԵԽ-ն առաջնորդվում է նավթ ունենալու և չունենալու սկզբունքով, ապա Հայաստանն էլ նավթ չունի և Հայաստանին էլ կարող են հեռացնել ԵԽ-ից:
– Կրկնում եմ, որ Հայաստանում չկա այնպիսի իրավիճակ, որի համար Հայաստանի պատվիրակության լիազորությունները չհաստատվեն: Ես նաև վստահ եմ, որ Ալիևն այնքան խոհեմություն կունենա, որ իր զառանցանքն իր ելույթում չի բարձրացնի: Բնականաբար, նրա հունիսյան նստաշրջանում հնչեցվելիք ելույթի մեծ մասը նվիրված է լինելու Հայաստանին, քանի որ դա իրենց համար իդեա ֆիքս է, բայց ես կարծում եմ, որ դահլիճի զավեշտալի արձագանքին չարժանանալու համար Ալիևը ձեռնպահ կմնա Բաքվում հնչեցրած իր զառանցանքները Ստրասբուրգում կրկնելուց:
– Կարո՞ղ է ԵԽ ԽՎ պատվիրակների մոտ Հայաստանի և հայաստանյան պատվիրակության նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորված լինել՝ կապված Ուկրաինայի հարցով Հայաստանի ռուսամետ դիրքորոշմամբ, այն դեպքում, երբ ԵԽ անդամների մեծ մասը պաշտպանում է Ուկրաինային: Եվ այդ վերաբերմունքը որքանո՞վ կարող է ազդել քվեարկության արդյունքների վրա:
– Իհարկե, որոշակի բացասական վերաբերմունք կարող է ձևավորված լինել: Շատերը հենց նման վերաբերմունքի դրսևորում են համարում այն, որ անցած տարի ԵԽ ԽՎ-ն մերժեց Ադրբեջանի եվրոպացի լոբբիստների կողմից Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ներկայացված նախագիծը վերածել բանաձևի, իսկ այս տարի, չգիտես թե ինչու, ԵԽ ԽՎ-ն այն ուղարկեց հանձնաժողով՝ բանաձևի վերածելու համար: Սա որոշ քաղաքական վերլուծաբաններ համարում են Ռուսաստանի հարցով Հայաստանի պատվիրակության քվեարկության պատասխանը, բայց ես կրկնում եմ, որ ԵԽ ԽՎ-ում շատ լավ հասկանում են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների առանձնահատուկ բնույթը, քաղաքական հանձնաժողովներում բազմիցս քննարկվել է այդ հարցը, և ես միանշանակ բացառում եմ մեզ համար դեպքերի անցանկալի զարգացումը: