Փող, չոր փող

Աշտարակցիներն այսօր էլ հիշում են Մոտոյին՝ Աշտարակի ամենահարուստ մարդկանցից մեկին: Երբ այս Մոտոն մահամերձ էր, բառացիորեն՝ վերջին շնչում, ընկերը կռանում է նրա մահճին ու հարցնում. «Ի՞նչ է ուզում սիրտդ, ի՞նչ բերեմ»: Մոտոն մի կերպ բացում է աչքերն ու շշնջում. «Փող, չոր փող»: Տպավորությունն այն է, որ նորանշանակ կառավարության կազմն ընտրելիս՝ ինչ-որ մեկի ցանկությունը համընկել է Մոտոյի ցանկությանը:

Ամեն դեպքում նոր կառավարության կազմն ընտրված է մանրամասնորեն. այստեղ մարդիկ են, ովքեր կոռումպացվածության մասշտաբով հավասարը, նմանը չունեն: Այլ կերպ ասած՝ ավելի վատ տարբերակ ուղղակի անհնար էր մտածել: Թե ինչպես կարող են նրանցից շատերը նախարարական պորտֆել ստանալ, ունի մեկ հնարավոր պատասխան (տես՝ վերնագիրը): Այլ, ավելի հավանական հիմնավորում որևէ մեկը չի կարող ներկայացնել, քանի որ այլ հիմնավորում պարզապես չկա:

Գուցե կասեք՝ ստո՛ւմ ես, այս մարդիկ ցանկանում են պաշտոններ՝ ժողովրդին ծառայելու և մարդկանց երախտագիտությունից բարոյական լիցքեր ստանալու նպատակո՞վ: Սա լուրջ չէ. փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներն ուղղակի լարվում և չարագուշակ, վտանգի զգացումներ են ունենում՝ լսելով նորանշանակ նախարարների անունները: Այսինքն՝ «ժողովրդին ծառայելու» տարբերակն ավտոմատ բացառում ենք: Ե՞րբ են մարդիկ, առհասարակ, պատրաստ կաշառք տալ՝ աշխատանքի ընդունվելու համար: Միայն այն դեպքում, երբ գիտեն՝ այդ գումարը ժամանակի ընթացքում վերադարձվելու է: Հասկանալի է, ոչ աշխատավարձի տաբելում ստորագրելով:

Սակայն առաջանում է մեկ այլ հարց. ինչի՞ն են պետք այս աստղաբաշխական գումարները նրան, ով վաճառել է այս պաշտոնները: Ի վերջո, թե՛ Հովիկ Աբրահամյանն ու Սերժ Սարգսյանը, թե՛ Դավիթ Հարությունյանը, ում, ըստ էության, դե ֆակտո, հանձնվել է վարչապետի պաշտոնը, թե՛ Գագիկ Ծառուկյանը, որն ակտիվորեն մասնակցում է կառավարության ձևավորման աշխատանքին, երկրի ամենահարուստ մարդիկ են: Ի՞նչ են անելու այդ գումարը: Մեծ գումարով կյանքն ապահովագրել կամ երկարաձգել ոչ ոք չի կարող. «Վարպետն ու Մարգարիտա» գործից է հայտնի, որ սարկոման գալիս է այնպես հանկարծակի, դավադրաբար՝ առանց մարդու պաշտոնին ու բանկային հաշիվներին նախապես ծանոթանալու:

Եվ այսքանից հետո կան մարդիկ, ովքեր չարախնդալով գրում են. «Ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանություններին»: Իբրև թե՝ եթե մեզ հետ վարվում են այսկերպ՝ հանցագործներին են նշանակում բարձրագույն պաշտոններին, իսկ մենք անզոր ենք, ուրեմն և արժանի ենք նրանց:

Սա, ենթադրում եմ, սխալ գնահատական է: Երբ մութ փողոցում, ուր անգամ մեկ անցորդ չկա, ավազակը հարձակվում է վրադ, կողոպտում ու ծեծում քեզ, դժվար է պնդել, որ դու արժանի էիր դրան, քանի որ չկարողացար կանխել կամ արժանի հակահարված տալ: Եվ հետո, հասարակությունն այն դեպքում է արժանի իր իշխանությանը, եթե ինքն է ընտրել այն:

Օրինակ՝ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջին պաշտոնավարության ժամանակ մենք արժանի էինք նրան, քանի որ ընտրել էինք: Հետո, 1996-ից մինչ օրս, ամեն ինչ նույնն է՝ չենք ընտրում, սակայն իշխանություն, պարզվում է, ունենք: Ինչպե՞ս կարելի է, այդուհանդերձ, արժանի դառնալ սեփական իշխանություններին և չամաչել դրանից:

Եթե տեսականորեն Հայաստանը բնակեցնենք ամերիկացիներով, գերմանացիներով, նրանք կհանդուրժե՞ն այս իշխանություններին: Ո՛չ, թույլ չեն տա, քանի որ նվաստացած ու կոտրված չեն, ինչպես մենք՝ այս 20-22 տարիներին, ապրում են լիարժեք կյանքով, իրենց զգում են սեփական երկրի տերը: Մեր միլիոնավոր հայրենակիցներ ապրում են ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում, Եվրոպայում…

Ստացվում է՝ նրանք իրենց արժանի են համարում այլ իշխանությունների, որոնց իշխանության պայմաններում նրանք բարեկեցիկ են, ազատ, հասել են հաջողությունների՝ սեփական խելքով: Այնտեղից շատերը սոցիալական ցանցի միջոցով տեսական դատողություններ են ուղարկում մեզ, գործողությունների պլաններ: Ոմանք անգամ նկատում են, թե երկրից հեռանալն ավելի արժանապատիվ է, քան քրեական և օլիգարխիկ իշխանությունների առաջ անզորությունը: Իսկ որքան լավ կլիներ, եթե մեր հայրենակիցները՝ իրենց գիտելիքներով, արժանապատիվ կյանքի մասին իրենց պատկերացումներով, վերադառնային հայրենիք: Ոչ թե Սերժ Սարգսյանի կամ Հովիկ Աբրահամյանի երկիր, այլ իրենց հայրենիք:

Սերժ Սարգսյանին հեռացնելը լուծում չէ: Լուծում է, եթե Հայաստան վերադառնան բոլոր արտագաղթածները: Իշխանության բոլոր մակարդակներում հիմնականում անտաղանդ, գորշ կադրեր են: Բացի այն, որ նրանք համատարած թալանում են, նաև ուղղակի խանգարում են մարդկանց՝ ապրել: Նորմալ, բարեխիղճ մարդուն օդը չի բավարարում, ու նա հեռանում է, քանի որ իրեն միայնակ ու խաբված է զգում: Փորձել են պայքարել՝ ընտրել են այս մեկին, մյուսին, ոչ ոքի իրենց ձայնը հարկավոր չի եղել: Իսկ միայնակ պայքարելն արդյունավետ չէ:

Միակ պայքարողը, որն իր պայքարում հետևողական է և ունի սեփական մեթոդոլոգիան, թերևս, Վարդգես Գասպարին է: Իսկ պայքարի համար չափազանց կարևոր է կրիտիկական զանգվածը, մարդկանց թիվը:

Թվում է՝ անհնա՞ր է երկրից հեռացած մեր հայրենակիցներին կանչել հայրենիք:

Բայց չէ՞ որ մենք ունենք նախադեպեր. անգամ Ցեղասպանությունից հետո մարդիկ վերադառնում էին Հայաստան: 1946-ին տեղի ունեցավ Մեծ հայրենադարձությունը, երբ մարդիկ բարեկեցիկ պայմանները թողնելով՝ վերադառնում էին հայրենիքգ շատերն առաքելություն ունեին հենց միայն իրենց ներկայությամբ ինչ-որ բան փոխելու: Ի դեպ, հատկապես հայրենադարձները նպաստեցին Երևանը մայրագավառից մայրաքաղաք դարձնելուն, բերեցին նոր մշակույթ, նոր վերաբերմունք:

Պատկերացնո՞ւմ եք` «Զվարթնոց» օդանավակայանում իջնում են 6-10 միլիոն հայեր` հաջողակ, արժանապատիվ ապրելու երկարամյա ստաժովգ Սա ֆանտաստիկ ֆիլմի սցենար է հիշեցնում, բայց որքան հաճելի է պատկերացնելը: Այս դեպքում մենք առավոտյան կարթնանանք լրիվ այլ երկրում:

Հակառակ դեպքում՝ կա երկու ճանապարհ. իշխանափոխության, համակարգային փոփոխությունների հասնել սահմանադրական ճանապարհով, այսինքն՝ ընտրություններով, ինչն ավելի ֆանտաստիկ է թվում, քան մեր միլիոնավոր հայրենակիցների վերադարձը հայրենիք:

Կա ևս մեկ ճանապարհ, որին իշխանությունն՝ իր օլիգարխներով, հակում է մարդկանց՝ ինքնադատաստան: Իրավիճակը գրոտեսկի է հասել…

 

Տեսանյութեր

Լրահոս