Բաժիններ՝

«Ֆիլմ-ճամբար» Գյումրիում (լուսանկարներ)

Նախապես չունենալով կինոարտադրության մասին հիմնական գիտելիքներ՝ երիտասարդները հայ-ամերիկյան համագործակցության շնորհիվ հնարավորություն կունենան ութօրյա ամառային ճամբարի ընթացքում նկարահանել ֆիլմեր: Նախագծի արդյունքում հայ երիտասարդները կծանոթանան «կինոյի աշխարհին», ձեռք կբերեն որոշակի փորձ ու միգուցե կկարողանան կողմնորոշվել իրենց ապագա մասնագիտությունն ընտրելու հարցում:

Ազգային առաջնորդության ինստիտուտի, Շիրակի թեմի երիտասարդական կազմակերպության և ամերիկյան Inside Out Global ստեղծագործողների միության հետ համագործակցության շնորհիվ հուլիսի 2-10-ն ընկած ժամանակահատվածում Գյումրիում կիրականացվի «Ֆիլմ-ճամբար» նախագիծը, որը նաև ակնկալում է օժանդակություն նոր հովանավորների կողմից:

Ֆիլմերի պրեմիերան տեղի կունենա հուլիսի 10-ին՝ Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում, որտեղ կցուցադրվեն նկարահանված ֆիլմը և տեսահոլովակը, ինչպես նաև վավերագրական ֆիլմ, որը կնկարահանվի այդ ութ օրերի ընթացքում ու կպատմի իրենց կատարած աշխատանքների մասին: «Մենք փորձում ենք պահպանել համաշխարհային պրեմիերաների բոլոր կանոնները, որպեսզի երեխաները զգան իրենց կատարած աշխատանքի բերկրանքն ու հաճույքը: Անկախ նրանից, թե որքան լավ կհաջողվի իրենց մոտ, նրանք կվայելեն այդ օրը, և կլինի գրեթե ամեն ինչ՝ սկսած կարմիր գորգից, վերջացրած՝ ծաղիկներով ու շնորհավորանքներով»,- ասաց ճամբարի կազմակերպիչ-ղեկավար Արևիկ Մուսոյանը:

film-jambar (4) film-jambar (5)

Կարդացեք նաև

Մասնակիցները կընտրվեն ոչ միայն Գյումրիից, այլև մայրաքաղաքից: Թվով 14 մասնակից՝ 17-20 տարեկան երիտասարդներ, այդ ընթացքում կնկարահանեն մեկ կարճամետրաժ ֆիլմ, սոցիալական մեկ տեսահոլովակ՝ արտասահմանյան և հայ մասնագետների օգնությամբ: Ի դեպ, նախագիծն առաջին անգամը չէ, որ իրականացվում է Հայաստանում. անցած տարի նույնպես կայացել է Գյումրիում, որտեղ, ի տարբերություն այս տարվան, մասնակցել են պատանիներ:

Մասնակիցները ձեռք կբերեն հիմնական կինոարտադրության գիտելիքներ ու փորձ, իսկ նախագծի ավարտից հետո նրանց կտրվեն նաև հավաստագրեր: «Պարտադիր չեն նախնական գիտելիքները ու նույնիսկ ցանկալի է, որ նախնական գիտելիքներ չլինեն, քանի որ մենք չենք ենթադրում, որ մի շաբաթվա ընթացքում պրոֆեսիոնալ գիտելիքներ ենք տալու մասնակիցներին. դրանք բոլորը նախնական գիտելիքներ են: Լավագույն տարբերակ կլինի այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրված են կինոյով, բայց առանձնապես փորձ չունեն: Ակնկալում ենք, որ սա նրանց համար կլինի լավ փորձ ու հիմք, որի վրա հետագայում հնարավոր կլինի կառուցել ավելին»,- նշեց նախագծի պրոդյուսեր և կազմակերպիչ Արևիկ Ավանեսյանը:

film-jambar (2) film-jambar (3)

Նախագիծը հենց սկզբից բոլորի ցանկությամբ իրականացվել է Գյումրիում: Կազմակերպիչները մեզ հետ զրույցում նաև նշեցին. «Քանի որ մայրաքաղաքում երիտասարդների համար ավելի շատ են հնարավորությունները՝ ներգրավվելու տարբեր ծրագրերի մեջ, քան Գյումրիում, մենք ցանկանում ենք այս նախագծի շնորհիվ ավելի ակտիվացնել քաղաքն ու երիտասարդներին:

Նաև, ի տարբերություն երևանցիների, մարդիկ ավելի պատրաստակամ են օգնելու մեզ ամեն հարցում՝ տրամադրելով իրենց տունն ու տարածքը: Չենք մոռանում նաև, որ Գյումրին մեր մշակութային կենտրոնն է. այդ իսկ պատճառով որոշեցինք իրականացնել այդ քաղաքում, միգուցե հետագայում ուրիշ քաղաքներում էլ լինի»:

Այժմ կազմակերպիչները մեծ հավատով սպասում են հովանավորների աջակցությանը, ինչպես նաև՝ մասնակիցների հայտերին՝ մեծ հույսով, որ ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես նախատեսել են:

Ամալի Խաչատրյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս