Բաժիններ՝

Պետական վճարումների էլեկտրոնային համակարգը շարունակում է ընդլայնվել

ՀՀ ֆինանսների նախարարության պետական վճարումների էլեկտրոնային www.e-payments.am համակարգի ծառայություններն այժմ հասանելի են նաև Մոբի դրամի միջոցով:

e-payments համակարգը հնարավորություն է տալիս քաղաքացիներին առցանց եղանակով առանց աշխատանքից կտրվելու և լրացուցիչ ժամանակ վատնելու անհրաժեշտ վճարումներ կատարել, այդ թվում՝ վճարել պետական տուրքերը, տեղական տուրքերը, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների համար գանձվող վճարները, համայնքային վճարումները, վարչական տուգանքները:
Անհատ ձեռներեցները, մանր և միջին ձեռնարկատերերը այս համակարգի միջոցով կարող են կատարել ՀՀ պետական բյուջեի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունները:
<<Եթե բանկային համակարգի միջոցով վճարումներ կատարելու պարագայում դրանք 1-2 բանկային օրում են հաշվեգրվում պետական բյուջե, ապա www.e-payments.am–ը հնարավորություն է տալիս մեկ ակնթարթում ապահովել գումարների հաշվեգրումը գանձապետական հաշիվների վրա>>,-նշում է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի գործառնական վարչության պետ Ժիրայր Տիտիզյանը:

ՀՀ ֆինանսների նախարարության e-payments պետական վճարումների առցանց համակարգին նախորդ ամիս միացել էր նաև Telcell-ը, որի միջոցով արդեն իսկ իրականացվել են թվով 3483 գործարքներ:
Գործընթացը շարունակական է: e-payments պետական վճարումների առցանց համակարգին միանալու համար պայմանագիր է կնքվել <<ԲՏԱԲանկ>> ՓԲԸ-ի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս