Ռիսկայինից դեպի պատասխանատու բիզնես
Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին ՀԲ բլոգում հոդված է հրապարակել՝ հայաստանյան հանքարդյունաբերության թեմայով։ Այն թարգամանաբար ներկայացնում ենք ստորև։
* * *
Եթե ինձնից պահանջվեր ընտրել Հայաստանի արտահանման հիմնական աղբյուրը և տնտեսական աճի առանցքային շարժիչը, ապա ես կընտրեի հանքարդյունաբերությունը։
Սակայն հանքարդյունաբերությունը ռիսկային բիզնես է և հղի է խոչընդոտներով։ Հետախուզական աշխատանքները հաճախ ավարտվում են զրոյական արդյունքով։ Ներդրումները շատ մեծ են՝ գերազանցում են մի քանի հարյուր միլիոն դոլարը։ Հումքային ապրանքների գները ենթակա են կտրուկ փոփոխությունների, և կառավարությունները կարող են փոփոխել քաղաքականությունն ու հարկման մեխանիզմները։ Բացի այդ, կարող են լինել լուրջ սոցիալական ռիսկեր՝ կապված պոչամբարների, ամբարտակների և վերաբնակեցման քաղաքականության հետ։
Ռիսկային լինելը, սակայն, չի նշանակում, որ հանքարդյունաբերությունը անպատասխանատու բիզնես է կամ պետք է այդպիսին լինի։ Այս ռիսկերից շատերը կարելի է մեղմել կամ վերացնել։ Դա պահանջում է պատշաճ քաղաքականություն, օրենքներ, կարգավորումներ, դրանց պատշաճ կիրառում և կյանքի պլանավորում, երբ հանքը մոտենում է։ Ընդ որում, այս ամենը պետք է իրականացվի մինչև հանքի բացվելը։ Աջակցող բնույթ ունեցող քաղաքականությունը, ինչպես օրինակ, երկրաբանական թարմ տեղեկատվության հասանելիությունը և լիցենզիաների տրամադրման կանխատեսելիությունը, նվազեցնում է ռիսկը։
Ներդրումային ռիսկերը կարելի է մեղմել կառավարության և ընկերությունների համատեղ աշխատանքի միջոցով՝ ենթակառուցվածքային ծախսերը նվազեցնելու ուղղությամբ, այնպես, որ դրանից շահեն նաև մյուս արտադրողներն ու սպառողները։ Քաղաքականության կայունությունը և կանխատեսելիությունը նույնպես մեծապես նվազեցնում են ռիսկերը և շահագրգիռ կողմերին թույլ են տալիս աշխատել հայտնի պարամետրերի շրջանակներում։
Մտահոգության մեկ այլ հարց է արդյունաբերական հանքերի բնապահպանական ցուցանիշները։ Այդ ռիսկերը նվազեցնելու գործիքակազմը ներառում է ավելի խիստ օրենսդրություն, ֆինանսական երաշխիքներ՝ բնապահպանական վնասի հետ կապված, ժամանակակից տեխնոլոգիաներ, մոնիթորինգի և գնահատման հուսալի մեխանիզմներ։
Սոցիալական ռիսկերի մեղմումը նույնպես առաջնահերթություն է՝ հաշվի առնելով հանքերի ազդեցությունը համանքների վրա և ուղղակի աշխատատեղեր ստեղծելուց բացի այլ անաչառ օգուտներ ապահովելու անհրաժեշտությունը։
Խիստ օրենքներն ու կարգավորումները հաճախ բավարար չեն այս բոլոր ռիսկերը նվազեցնելու համար։ Կառավարությունները պետք է նաև մեծացնեն իրենց կարգավորիչ հզորություններն ու տեխնիկական հնարավորությունները։ Եվ վերջապես, եթե կան ռիսկերի հետ կապված վեճեր, ներառյալ այն, թե ով պետք է կրի այդ ռիսկերը, կարևոր է ունենալ վեճերի լուծման ուժեղ մեխանիզմներ կամ ինստիտուտներ, որոնք հասանելի կլինեն բոլորի համար։
Այս տարվա մարտի վերջին, առաջին անգամ Հայաստանում, պետական պաշտոնյաները, տեղական իշխանությունները, համայնքների ղեկավարները և քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կազմակերպությունները քննարկեցին պատասխանատու հանքարդյունաբերության լավագույն փորձը։
Նախորդ տարիների ընթացքում Համաշխարհային բանկը աջակցություն է ցուցաբերել Հայաստանին՝ միջազգային ստանդարտներին համապատասխան հանքարդյունաբերության նոր օրենսդրության մշակման հարցում։ Լուրջ փոփոխություններ են կատարվել հարկման մեխանիզմներում։ Արդյունքում՝ հանքային ռոյալթիներից ստացվող հարկային եկամուտները 2012 թվականին հասան 39 միլիոն դոլարի, իսկ 2013-ին՝ 45.3 միլիոն դոլարի (նաև շնորհիվ բարենպաստ գների)։ 2011-ին՝ հարկման հին ռեժիմի պայմաններում, ռոյալթիները ընդամենը 17.9 միլիոն դոլար էին։
Բանկը աջակցում է ՀՀ կառավարությանը նաև մեկ այլ կարևոր օրենսդրության մշակման հարցում, օրը վերաբերում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանը։ Օրենսդրական այս նոր շրջանակն արդեն իսկ ներգրավել է նոր ներդրողների, այդ թվում՝ Միջազգային ֆինանսական կորպորացիային (IFC): Համաշխարհային բանկը հուսով է, որ այդ համագործակցությունը կընդլայնվի։
Վերը նշված համաժողովում քննարկումն արդյունավետ էր, սակայն դա չի նշանակում, որ այդքանով ամեն ինչ վերջացավ։ Ես հույս ունեմ, որ դա սկզբ կդնի խորհրդատվական մշտական գործընթացի շահագրգիռ կողմերի միջև։ Հետևաբար, խորհուրդ կտայի նաև հիմնել Հանքարդյունաբերության պալատ, որը թույլ կտա ֆորմալ և ինստիտուցիոնալ բնույթ հաղորդել երկխոսությանը։