K վիտամինի գաղտնիքները
1943թ. Հենրի Դամը (Դանիա) և Էդուարդ Ադելբերգ Դոյզին (ԱՄՆ) արժանացան Նոբելյան մրցանակի K վիտամինի և դրա քիմիական կառուցվածքի հայտնաբերման համար։
Դամը պարզեց, որ երբ հավի ճտի կերից հեռացվում է խոլեստերինը, ապա թռչունը սկսում է արյունաքամ լինել։ Կերի մեջ մաքուր խոլեստերին ավելացնելու դեպքում իրավիճակը չէր փոխվում։ Գիտնականը հասկացավ, որ կերի մեջ պարունակվող խոլեստերինում կա արյունահոսությունը կանխող նյութ, դա K վիտամինն է։
Ժամանակի ընթացքում պարզվեց, որ K1 վիտամինը գոյանում է որոշ բույսերի մուգ կանաչ տերևներում` ֆոտոսինթեզի նախնական փուլում։
ԱՄՆ-ի սննդաբանները սահմանել են K վիտամինի օրաբաժինները` 5-15 մկգ` մանկահասակ երեխաների, 15-100 մկգ` մինչև 25 տարեկանների, կանանց` 90 մկգ, և տղամարդկանց համար` մինչև 120 մկգ (Ըստ Dietary Reference lntake-ի տվյալների)։
Միանշանակ ապացուցված է, որ 50-ն անց կանանց և 60-ն անց տղամարդկանց մոտ K վիտամինի պահանջարկը մեծանում է։
Որոշ գիտնականներ կարծում են, որ K վիտամինի պահանջարկն ավելի բարձր է` 200-500 մկգ/24 ժամ։
Մարդու առողջության պահպանման համար բացառիկ նշանակություն ունի K2 վիտամինը, որն առաջանում է մարդու և կենդանիների աղիներում` բույսերի կանաչ զանգվածում պարունակվող K1 վիտամինից։ Այդ գործընթացի կայացման համար անհրաժեշտ է, որպեսզի աղիներում լինի որոշ քանակի ճարպ, քանի որ այդ վիտամինը լուծվում է միայն ճարպում, իսկ արյան մեջ շրջանառվում է ցածր և շատ ցածր խտություն ունեցող ճարպասպիտակուցների միջոցով, որոնք «տեղափոխում» են նաև խոլեստերինը։
K2 վիտամինը, նույնն է` ֆիլոխինոն կենսանյութը, անհրաժեշտ է կալցիումի «ճիշտ» փոխանակման համար։ Կալցիումը խտացնում է այն միջավայրը, որտեղ հայտնվում է, իսկ K2-ն ուղղում է կալցիումը դեպի ոսկորները և ատամները ու «պեղում» է այդ մակրոտարրը անոթների պատերի վրայից։ K2 վիտամինը պահեստավորվում է լյարդում։ K2 վիտամինը, ի տարբերություն K1-ի` չի բարձրացնում արյան մակարդելիությունը։
K2 վիտամինն ունի բացառիկ օգտակար հատկություններ.
- Նպաստում է ոսկորների ամրությանը։
- Կանխարգելում է կալցիումի կուտակումը սրտամկանում և անոթներում, կանխարգելում է աթերոսկլերոզի զարգացումը։
- Ճապոնացի գիտնականները կարծում են, որ 45 մկգ K2 ընդունելու դեպքում մոտ 10 անգամ նվազում է լյարդի ցիռոզի զարգացման հավանականությունը (հետազոտությունները շարունակվում են)։ Ի դեպ, այդ երկրում մշակվել է K կենսանյութ պարունակող մթերք, որը պարտադիր խմում են բոլորը։
- Ուժեղացնում է մարդու վերարտադրողական ֆունկցիան։
- Անհրաժեշտ է ուղեղին, լավացնում է հիշողությունը։
- K2-ը շատ է սագի լյարդի պաշտետում 369 մկգ, պանրի մեջ- 56,5-76,3 մկգ, կաթնաշոռում-24,8 մկգ, հավի ձվի դեղնուցում-15,5-32,1 մկգ, կարագում-15 մկգ, հավի լյարդում-14 մկգ, տավարի աղացած մսում-8,1 մկգ` և լյարդում-5 մկգ, թթվեցրած ծաղկակաղամբում-4,8 մկգ։
- Հիմնականում շատ խոլեստերին պարունակող մթերքներում։
- Սելենը, լինալոոլը և ֆիլոխինոնը համեմի սերմի և կանաչ զանգվածի հիմնական «այցեքարտն» են։ Նյութեր, որոնց գաղտնիքները հավանաբար ունեն հետագա ուսումնասիրության կարիք։ Արդյո՞ք այդ գաղտնիքները հայտնի են եղել հազարամյակներ առաջ։
Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: