Բաժիններ՝

Ներդրում՝ կողոպուտի համար. Թեղուտը հանք չէ, այլ՝ հանքերևակում

Վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել էր Թեղուտի հանքավայր` շրջել պղնձամոլիբդենային այդ հանքավայրի տարածքում, ծանոթացել Թեղուտի լեռնահանքային համալիրի տնտեսությանը, որից հետո այցելել էր հանքահարստացուցիչ ֆաբրիկա, ծանոթացել իրականացված ներդրումներին և ֆաբրիկայի արտադրական հզորություններին:

Սերժ Սարգսյանը հանդիպել էր տեղի համայնքներից ընկերությունում աշխատող մարդկանց հետ և ներկա էր գտնվել Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության ու պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի շնորհանդեսին: Նախագահական նստավայրից տարածված հաղորդագրության մեջ նաև նշվում էր, որ Թեղուտ հանքավայրի շահագործումը մեծ նշանակություն ունի համայնքների տնտեսական կյանքում, հանդիսանում է այդ համայնքների միակ արդյունաբերական ձեռնարկությունը, և, թե ինչ լավ գործեր է արել հանքավայրի շահագործող «Vallex» ընկերությունը: Նույնիսկ հանքավայրի շահագործման հետ կապված խնդիրները հաղորդագրությունում ներկայացված էին դրական լույսի ներքո, մասնավորապես, թե հատվող ծառերի փոխարեն` անտառապատման որքան լավ ծրագիր է մշակել շահագործողը:

Թեղուտի հանքավայրի շահագործման նախագծի վերաբերյալ երկրի առաջին դեմքի մակարդակով արված այսքան գովաբանությունը տարօրինակ է, հատկապես բնապահպանների հնչեցրած մտահոգությունների ու տագնապների համադրությամբ:

Ըստ էության, Սերժ Սարգսյանն իր այցով կարևորեց «Vallex»-ի դերը և երաշխավորեց, որ չնայած հասարակության բողոքներին, ընկերությունը շարունակելու է իր «պատասխանատու» հանքարդյունաբերությունը: Ո՞րն էր նախագահի այս քայլի դրդապատճառը, ի՞նչ սպասելիքներ կարող են սրանից հետո ունենալ բնապահպանները և հասարակությունը: Այս հարցերի շուրջ զրուցեցինք Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի հետ:

Կարդացեք նաև

Hakob-Sanasaryan– Այստեղ զարմանալու ոչինչ չկա: Թեղուտի նկատմամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հատուկ վերաբերմունքը վաղուց է հայտնի: Դառնալով վարչապետ, հաշվի չառնելով Թեղուտի նախագծի վերաբերյալ հրապարակված խիստ բացասական կարծիքները, նա առանց հապաղելու ընթացք տվեց այդ հանքավայրի շահագործմանը, այն էլ` «բացառիկ հանրային գերակա շահի» կարգավիճակով: 2007 թվականի նոյեմբերի 1-ին նրա մասնակցությամբ մեծ շուքով տոնախմբություն կազմակերպվեց Թեղուտում և հանքաքարի վերամշակման գործարանի հիմքում թաղվեց գալիք սերունդներին հղված ուղերձը:

Այժմ էլ, բացարձակորեն հաշվի չառնելով մասնագետների և հասարակության կարծիքներն ու բողոքները, նույն տոնական տրամադրությամբ հայտարարում են, որ շուտով սկսվելու են հանքաքարի վերամշակման աշխատանքները, որն իբր մեծ նշանակություն ունի նաև համայնքների տնտեսական կյանքում, երբ իրականում այդ հանքավայրի շահագործումը տակնուվրա է անելու ոչ միայն տեղի տնտեսական կյանքը, այլև կյանքն ընդհանրապես: Նախ, մինչ այդ շնորհանդեսին մասնակցելը, որպես ՀՀ նախագահ, Սերժ Սարգսյանը պետք է ուշադրություն դարձներ տարիներ շարունակ հնչեցվող այն հայտարարություններին, որոնք ցույց են տալիս, որ Թեղուտի նախագիծը լեցուն է թերհաշվարկներով և կեղծիքներով, որ այդ հանքավայրի շահագործմամբ մեր երկրին մեծածավալ տնտեսական, էկոլոգիական և այլ կարգի վնասներ են հասցվելու:

– Ի՞նչ հիմնավորումներ ունեք, Ձեր հաշվարկներն ինչպիսի՞ն են:

– Ասածը հաստատելու համար բերեմ մի քանի փաստեր: «Vallex» ընկերության կողմից կազմված նախագծում «Թեղուտ» հանքավայրի շահագործման հետևանքով ՀՀ տնտեսությանը հասցվելիք գումարային վնասը կազմում է 2.07 մլրդ դրամ (4.6 մլն դոլար, Նախագծում 1 դոլարի փոխարժեքը 450 դրամ է): Վնասվող, աղտոտվող և ոչնչացվող հողատարածքը 1491 հեկտար է: «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքով` անտառային հողերում արդյունաբերական թափոններ տեղադրելու դեպքում յուրաքանչյուր քառակուսի մետրի հաշվով վնասի հատուցումը սահմանված է 10 հազար դրամ, 1 հեկտարին` 100 մլն դրամ, այն դեպքում, երբ հսկայածավալ հողատարածքներ ունեցող Ռուսաստանում յուրաքանչյուր հեկտարի հաշվով` 2.6 մլն դոլար է, այսինքն, 10 անգամ ավելի շատ, քան սակավահող Հայաստանի Հանրապետությունում:

Եթե նույնիսկ հողի աղբակալման սակագնով հաշվարկենք այդ հողատարածքին հասցվելիք վնասը, ապա այն կկազմի 149.1 մլրդ դրամ (372 մլն դոլար): Պետք է նկատի ունենալ, որ այդ տարածքի զգալի մասը հավերժորեն մնալու է ծանր մետաղներ պարունակող պոչանքի և «դատարկ» ապարների տակ, իսկ բացհանքի 240 հեկտարը դառնալու է հարյուրավոր մետրերի խորության անդնդախոռոչ:
«Թեղուտ» հանքավայրի նախագծով, 25 տարիների ընթացքում վերամշակվելու է 175 մլն տոննա հանքաքար, արդյունքում` առաջանալու է 290 մլն տոննա թափոն` մակաշերտ և «դատարկ» ապարներ: Նաև` վերամշակվելիք 175 մլն տոննա հանքաքարից, ըստ նախագծի, կգոյանա 172.8 մլն տոննա պոչանք: Ծանր մետաղների բարձր պարունակությամբ պոչանքը պետք է համարվի` վտանգավորության առաջին, իսկ «դատարկ» ապարները` երրորդ դասի թափոն:

ՀՀ «Թափոնների մասին» օրենքում հանքարդյունաբերական այս թափոնները միտումնավոր արտացոլված չեն, որպեսզի այդ թափոնները հարկման չենթարկվեն: Առաջին դասի վտանգավորության թափոնի մեկ տոննան շրջակա միջավայրում տեղադրելու դիմաց սահմանված է 48 հազար, իսկ երրորդինը` 4800 դրամ հարկ (1 տոննա պոչանքի դիմաց պահանջվող 48 հազար դրամ հարկը շատ փոքր է, քանզի ծանր մետաղներ պարունակող այդ փոշին շրջակա միջավայրից մեկուսացնելու և հավանական վթարները վերացնելու համար հազարավոր տարիներ ֆինանսական ծախսեր է պահանջվելու):

172.8 մլն տոննա պոչանքը շրջակա միջավայրում տեղադրելու դիմաց հարկը կազմում է 8.294 տրիլիոն դրամ (20.73 մլրդ դոլար), իսկ 290 մլն տոննա թափոնից եթե 200 մլն տոննան համարենք «դատարկ» ապարներ, իսկ 90 մլն տոննան` ոչ վտանգավոր թափոն (յուրաքանչյուր տոննայի համար` 600 դրամ), ապա պետությանը մուծելիք հարկը կկազմի 1.014 տրիլիոն դրամ (2.53 մլրդ դոլար): Այսինքն, միայն երեք տեսակի թափոնների (պոչանք, «դատարկ» ապարներ, մակաշերտ) դիմաց «Vallex» ընկերության վճարելիք հարկը կազմում է շուրջ 9.3 տրիլիոն դրամ (23.26 մլրդ դոլար): Այն դեպքում, երբ, ըստ Թեղուտի նախագծի, այդ հանքավայրի շահագործման արդյունքում «Vallex» ընկերության մաքուր շահույթը կարող է կազմել 406.2 մլն դոլար, իսկ Հայաստանի Հանրապետությանը վճարելիք շահութահարկը` 101.7 մլն դոլար:

texut (1)

Նույնիսկ այս մոտավոր և ոչ ընդգրկուն հաշվարկներից արդեն երևում է, որ «Թեղուտը» ոչ թե հանքավայր է, այլ` հանքերևակում, քանի որ հանքանյութում օգտակար տարրերի պարունակություններն այնպիսին չեն, որ նրա շահագործումը օգուտ բերի և՛ պետությանը, և՛ շահագործողին: Եթե Թեղուտի հանքավայրի շահագործմամբ Հայաստանի Հանրապետությանը հասցվելիք վնասը հաշվարկվի բոլոր բաղադրիչներով և անկողմնակալ, ապա հասցվելիք վնասը կկազմի հազարավոր տրիլիոններ` ընկերության ներկայացրած 2.07 մլրդ դրամի դիմաց: Փաստորեն, ընկերությունը թերհաշվարկներ ու կեղծ փաստեր ներկայացնելով` գերշահույթ է հետապնդում: Ողբերգական է, որ մեր երկրի տնտեսագետները լռում են, իրավապահ օրգանները չեն տեսնում կատարվող բացահայտ հանցագործությունը, իսկ ՀՀ նախագահը, փաստորեն` աջակցում է ընկերությանը` դեռևս վարչապետ եղած տարիներից:

– Միջազգային հանրությունն ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցում:

– Միջազգային կազմակերպությունների գործուն մասնակցությամբ մեր երկրում ընդունվել են ընդերքի հարստությունները կողոպտելուն աջակցող օրենքներ, որոնց կասեցման ուղղությամբ որևէ գործ չի կատարվում: Այդ օրենքները պետք է համապատասխանեցվեն Հայաստանի Հանրապետության շահերին, ինչը կկանխի ժողովրդի ունեցվածքի կողոպուտը, ինչպես նաև` շրջակա միջավայրի լայնածավալ աղբակալումը: Ահա թե ինչում պետք է դրսևորվի ՀՀ նախագահի առաքելությունը, եթե, իհարկե, նա իր ապագան կապում է Հայաստանի հետ:
– Ընկերությունը պնդում է, որ մեծածավալ ներդրումներ է անում՝ հատման ենթակա անտառի փոխարեն` կրկնակի մակերեսով անտառտնկումներ, հիմնել է բարեգործական հիմնադրամ, համայնքների զարգացման նպատակով օժանդակություն է հատկացնում, և այլն:
– Իրականացված ներդրումները հիմնականում թանկարժեք տեխնիկա, սարքավորումներ, պայթուցիկ նյութեր գնելու, ինչպես նաև` աշխատուժ վարձելու համար ֆինանսներ ծախսելն է, որպեսզի կարողանան փոխել գետերի հուները, պայթեցնելով և այլ միջոցներով քանդել սարերը, թափոնները տեղափոխել ու լցնել գետերի հուները և կատարած մեծածավալ ավերածությունների համեմատությամբ` ընդամենը պղնձի ու մոլիբդենի չնչին քանակություններին տիրանալու նպատակով:

– Նշեցիք հանքաքարի վերամշակման գործարանի հիմքում թաղված ուղերձի մասին: Ի՞նչ է դա:

– Մեզ անհայտ է, թե 2007 թվականին վարչապետը և «Vallex» ընկերությունն ի՞նչ բովանդակությամբ ուղերձ են հղել գալիք սերունդներին, սակայն կարելի է գուշակել, որ խոսքը հանքավայրի շահագործման մասին է եղել: Այսօր, երբ ավելի ու ավելի ակնհայտ են դառնում հանքավայրի շահագործման ավերիչ հետևանքներն ու սպառնալիքները, գալիք սերունդներին այլ ուղերձ հղելու անհրաժեշտություն է առաջանում: Այդ ուղերձը հարկ է, որ լիներ միայն ՀՀ նախագահի անունից, թերևս, այսպիսի բովանդակությամբ. «Բազմակողմանի ու խորությամբ քննելով «Թեղուտի» հանքավայրի շահագործման ծրագիրը, հանուն ձեզ` կասեցնում եմ այդ հանքավայրի շահագործումը, չնայած արդեն հարյուրավոր միլիոն դոլարների ծախսեր են կատարված: Միաժամանակ խոստանում եմ հետայսու շրջանցել միջազգային կազմակերպությունների պարտադրանքները, և մեր երկրում զարգացնել գյուղատնտեսությունը, իրական արդյունաբերությունը, կասեցնել արտագաղթը և հաստատել արդարադատություն: Հոգ չէ, եթե արածս պատճառ դառնա անգամ կյանքիս կորստին: Նաև ձեզ պատվիրում եմ. կառավարելով ձեր ընտանիքը կամ մեր երկիրը` խորությամբ ընկալեք և մշտապես հիշեք ժողովրդական հետևյալ իմաստությունը. «Երբ կհատվի վերջին ծառը, երբ կթունավորվի վերջին գետը, երբ կորսվի վերջին թռչունը, միայն դրանից հետո մարդիկ կհասկանան, որ փողը (դրամը) չի ուտվում»:

– Այս ամենից հետո հնարավոր համարո՞ւմ եք, որ հանքավայրի շահագործումը կասեցվի:

– Եթե ՀՀ նախագահը կասեցնի Թեղուտի հանքավայրի շահագործման աղետաբեր ծրագիրը, ապա իրոք գալիք սերունդները լինելու, ապրելու իրավունք կունենան, ակնհայտ է, որ նաև կասեն, թե` տեսեք, ի՜նչ փառավոր նախնիք ենք ունեցել: Հանքավայրի շահագործումը կասեցնելու հավանականությունը շատերը զրոյական կհամարեն, բայց մարդը միշտ էլ զարգանալու, իր սխալները գիտակցելու և շտկելու հնարավորություն ունի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս