Ասողին ասող ա պետք

Մաքսային միությանն անդամակցելու մասին անցած տարվա սեպտեմբերի 3-ի հայտարարությունն իշխանությունը՝ հրապարակավ գովերգելով, կուլիսային քննարկումներում ներկայացնում էր՝ որպես Ռուսաստանի կողմից պարտադրված, պետական անվտանգության կամ սեփական անձեռնմխելիության սպառնալիքի, շանտաժի արդյունքում կայացված որոշում:

Վերջին օրերի իրադարձությունները, մասնավորապես՝ ապրիլի 29-ին Մինսկում կայացած գագաթաժողովին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի չմասնակցությունը, իսկ որ ավելի կարևոր է՝ այդ գագաթաժողովի ընթացքում և դրանից հետո Մաքսային միության անդամներ Ղազախստանի ու Բելառուսի նախագահների հայտարարությունները, ցույց են տալիս, որ այդ նրանք, մեղմ ասած, ոգևորված չեն Հայաստանի անդամակցությամբ: Իսկ ավելի ուղիղ՝ ամեն ինչ անում են՝ դա թույլ չտալու համար:

Ըստ ամենայնի, դրանից առանձնապես չի նեղսրտում Մաքսային միության ամենաառանցքային անդամը՝ Ռուսաստանը, որի նախագահը Եվրասիական տնտեսական միության ձևավորման հիմնարար փաստաթղթի շուրջ ձեռք բերված սկզբունքային համաձայնությունների մասին հայտարարում է մի նիստի ավարտից հետո, որին այդ միության անդամ դառնալ պատրաստվող Հայաստանը չի մասնակցել: Ակնհայտ է, Ղազախստանի ու Բելառուսի շահերից չի բխում փչացնել Ադրբեջանի հետ հարաբերությունները՝ հանուն Հայաստանի, ու նրանք դեմ են ոչ միայն Հայաստանի համար մի քանի հարյուր ապրանքի գծով ներմուծման ռեժիմի բացառությանը, այլև պահանջում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետ անցկացնել:

Իսկ Ռուսաստանի շահերից չի բխում փչացնել հարաբերությունները Ղազախստանի ու Բելառուսի, իրականում՝ նաև Ադրբեջանի հետ՝ հանուն Հայաստանի համար ապրանքների արտոնյալ ռեժիմի ու Հայաստան-Ղարաբաղ սահմանային ընդհանրության: Ընդամենը մի քանի ամիս առաջ Հայաստանի՝ Մաքսային միություն սլանալու արագությամբ զարմացած Ռուսաստանն իր այսօրվա լոյալությամբ ցույց է տալիս, որ իրականում իր համար խնդիրը ոչ թե Հայաստանին մաքսային ու եվրասիական անհեթեթ կառույցների անդամ դարձնելն էր, այլ ԵՄ-ի հետ ասոցիացված անդամ դառնալու հեռանկարը թույլ չտալը: Առաջին հայացքից՝ Հայաստանի համար միայն բացասական գործոնների այս շղթայումկարող է թաքնված լինել Հայաստանի փրկօղակը՝ Մաքսային միությունից խուսափելու հարցում:

Թեկուզ՝ ԵՄ ասոցացման համաձայնագիրը նախկին տեսքով չստորագրելու հեռանկարով: Եթե շատ պարզ լեզվով ձևակերպենք, ապա ստեղծված իրավիճակում ընդամենը Պուտինին պետք է ասել՝ «քո նպատակն էր, որ Հայաստանը չստորագրի Ասոցացման համաձայնագիրը, չստորագրեցինք, թող հանգիստ ապրենք՝ առանց Մաքսային ու նաև Եվրոպական միության»:

Սա, իհարկե, լավագույն լուծումը չէ, սակայն վատագույնից լավ է: Այսինքն՝ Հայաստանը կարող է որոշակի թայմ-աուտ վերցնել՝ հայտարարելով, որ համագործակցում է և՛ Մաքսային, և՛ Եվրոպական միության հետ՝ առանց որևէ մեկին անդամակցության հեռանկարի՝ գոնե մոտ ապագայում: Թե ի՞նչ կլինի հետո, ցույց կտա ժամանակը: Թեև պետության համար ասվածը պատեհ չի հնչում, սակայն Հայաստանի իշխանությունն առաջնորդվում է հենց այդ՝ «էսօր էլ գլորենք» սկզբունքով: Մնում է վերը նշված տեքստը Պուտինին ասող լինի: Բայց կլինի՞ արդյոք այդ մեկը:

Իշխանության մեջ՝ հազիվ թե, ընդդիմությունից՝ առավել ևս: Ոչ միայն այն պատճառով, որ, ինչպես պատկերավոր նկարագրել է ՀՀԿ-ականներից մեկը, Հայաստանում «ասողը» Պուտինն է: Որովհետև իրականում, և՛ իշխանության, և՛ ընդդիմության համար Մաքսային միությունն իսկական դրախտ է՝ թե՛ քաղաքականապես, թե՛ տնտեսապես: Իշխանությունն իշխում է այնպես, ինչպես Ռուսաստանում, Բելառուսում ու Ղազախստանում, իշխանության նյութական բարիքները վայելում է ավելի լավ, քան կերազի եվրոպական որևէ երկրի որևէ բարձրաստիճան պաշտոնյա:

Ընդդիմությանն էլ ռուսական դիկտատը հնարավորություն է տալիս կառչել անշրջելիության թեզից և մշտական տեղ ունենալ քաղաքական դաշտում: Կյանքը ցույց տվեց, որ սեպտեմբերի 3-ից հետո իշխանության «կուլիսային» հառաչանքը ոչ թե թուլության կամ անելանելիության արտահայտություն էր, այլ Եվրամիության հետ բանակցությունները Ռուսաստանի վրա հնարավորինս թանկ «ծախելու» գործարքը թաքցնելու փորձ:

Ու հիմա ստեղծվել է իրավիճակ, երբ Մաքսային միությունը, ըստ էության, չի ցանկանում ընդունել Հայաստանին, սակայն մեր իշխանությունն օրը մի քանի անգամ հայտարարում է, որ միայն Մաքսայինով կա հային փրկություն:

Տեսանյութեր

Լրահոս