Բաժիններ՝

Վերջին 5 տարիներին Հայաստանի պետական պարտքը կտրուկ ավելացել է

«Վերջին 5 տարիներին Հայաստանի պետական պարտքը կտրուկ ավելացել է. 584.6 միլիարդ դրամից 2013 թ. վերջում հասնելով 1861.3 միլիարդ դրամի՝ կազմել է ՀՆԱ-ի 44%-ը»,- այս մասին Մեդիա կենտրոնում կազմակերպված՝ «Պետական պարտքի կառավարումը Հայաստանում: Քաղաքական որոշումները և դրանց հետևանքները» թեմայով քննարկման ժամանալ ասել է անկախ հետազոտող, Թուլեյնի համալսարանի բիզնես-կառավարման մագիստրոս Արտակ Քյուրումյանը՝ նշելով, որ պետական պարտքի կտրուկ ավելացումը պայմանավորված է նաև դրամի արժեզրկմամբ:

2013թ. հոկտեմբերից մինչև 2014թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում Արտակ Քյուրումյանն ուսումնասիրել է ՀՀ պետական պարտքի կառավարման, պետական պարտքի ներգրավման, պետական պարտքի մեծության հետ կապված մի շարք հարցեր և կուտակված տվյալներն ու տեղեկատվությունը դիտարկել է ՀՀ-ում զարգացումների, միջազգային փորձի և կատարված հետազոտություններում արձանագրված եզրակացությունների համատեքստում:

Վերջին տարիների զարգացումների ուսումնասիրության հիման վրա Քյուրումյանը վերլուծել է պետական պարտքի վերաբերյալ որոշումների հիմնավորվածությունն ու դրանց կապը ՀՀ կառավարության ռազմավարական ու միջնաժամկետ փաստաթղթերում սահմանված նպատակների, միջազգային ֆինանսական կազմակերպությունների կանխատեսումների հետ:

Հայաստանը սկսել է պետական պարտքի հետ կապված խնդիրներ ունենալ, երբ սկսել է ոչ արտոնյալ պայմաններով վարկեր վերցնել: Քյուրումյանի ներկայացմամբ, արտոնյալ պայմաններով տրամադրվող վարկերը քիչ հասանելի են դարձել, երբ ՀՀ-ն դասվել է միջին եկամուտ ունեցող երկրների շարքին: Անկախ հետազոտողն իր ուսումնասիրության արդյունքում պատրաստել է զեկույց՝ ներկայացնելով նաև առաջարկություններ, որոնք հնարավորություն կտան բարելավել պետական պարտքի կառավարման համակարգը և հետագայում խուսափել նախկինում կատարված սխալներից:

Ուսումնասիրելով պետական պարտքի կառավարումը, Քյուրումյանը նկատել է, որ Կենտրոնական բանկում, ունենալով զգալի միջոցներ, այնուամենայնիվ նորանոր վարկեր են ներգրավվել: Մասնագետի համոզմամբ, օրինակ` ռուսական` 500 միլիոն դոլարի վարկի կարիքն ամենեւին չկար, կամ կարելի էր վերցնել միայն 100 միլիոն դոլարը, հատկապես, որ վարկերը վերցնում ենք ու մի շարք ծրագրեր այդպես էլ չեն իրագործում, ինչպես հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցումը:

Արտակ Քյուրումյանը գտնում է, որ եվրապարտատոմսերի թողարկումը նույնպես անտեղի էր, քանի որ այդ գումարները ԿԲ-ում հենց այնպես դրված են, իսկ երկիրը պետք է դրանց համար տարեկան 42 միլիոն դոլար տոկոս վճարի: Հետազոտողի համոզմամբ՝ անհրաժեշտ է պարտքերը տրամադրրել միայն հստակ ծրագրերի ներկայացման դեպքում:

Քյուրումյանն առաջարկում է յուրաքանչյուր տարվա վերջին սահմանել ՀՀ պետական պարտքի թույլատրելի առավելագույն մեծությունը եւ պարտքի նպատակային կառուցվածքը:

Պետական պարտքի հետ կապված առկա իրավիճակն, ըստ Քյուրումյանի, պայմանավորված չէ Ֆինանսների նախարարությունում համապատասխան մասնագետների բացակայությամբ, առկա են այլ պատճառներ. «Անհրաժեշտ է պետական պարտքի կառավարումը պաշտպանել քաղաքական ազդեցությունից»,- եզրակացրել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս