Սահմանադրությունից «անընդմեջ» բառը հանելու դեպքում նախկին նախագահները չեն կարող առաջադրվել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջերս իր հարցազրույցում անդրադարձել էր սահմանադրական բարեփոխումներին՝ վստահեցնելով, թե չկա՛ երկրի առջև ծառացած ոչ մի կենսական խնդիր, որի լուծմանը խոչընդոտի գործող Սահմանադրությունը: Ռ. Քոչարյանը նշել էր նաև, թե անհրաժեշտություն չկա վերաձևել գործող Սահմանադրությունը, որպեսզի մեկ անձը չկարողանա երկու անգամից ավելի նախագահ դառնալ:

«Պետք է ընդամենը հանել «անընդմեջ» բառը գործող Սահմանադրության 50-րդ հոդվածից: Ընդամենը մեկ բառ: Սակայն այդ լրացումը հետադարձ ուժ ունենալ չի կարող և այդպիսով ներկա քաղաքական լանդշաֆտի վրա ոչ մի կերպ չի ազդի»,- ասել էր ՀՀ երկրորդ նախագահը:

Pargev OhanyanՄեզ հետ զրույցում փաստաբանական գրասենյակի ղեկավար, նախկին դատավոր Պարգև Օհանյանն ասաց, որ Սահմանադրությունից «անընդմեջ» բառը հանելը բավարար է, որպեսզի միևնույն անձը երկու անգամից ավելի նախագահ դառնալու հնարավորություն չունենա, և այլ օրենքներում փոփոխություններ կատարելու կարիք չի լինի: Պ. Օհանյանի խոսքով՝ եթե «անընդմեջ» բառը հանվի Սահմանադրությունից, դա կնշանակի, որ մեկ անձը կարող է նախագահ դառնալ միայն երկու անգամ. նա կա՛մ պետք է անընդմեջ երկու անգամ ընտրվի, կա՛մ ընտրվի ընդմիջումով: Նախկին դատավոր Պարգև Օհանյանն ասաց, թե իր համար կարևոր չէ՝ անձը երկու անգամից ավելի կկարողանա՞ ընտրվել նախագահի պաշտոնում, թե՞ ոչ: Ըստ նրա՝ թե հիմա, թե նախկինում՝ եղել են միապետություններ, որոնք ծաղկել են. «Մարդիկ նվիրյալներ են եղել: Հո նրանք միայն պարահանդեսներ չե՞ն կազմակերպել, կերել, խմել: Իհարկե, այդպիսիններն էլ են եղել:

Շատերը հայրենասերներ, նվիրյալներ են եղել, որոնք, ինչո՞ւ չէ՝ նաև խիստ մեթոդներով հզորացրել են իրենց պետությունները, լավ էլ պահել են իրենց ժողովրդին: Մեր պարագայում կարող է միապետ լինել և շատ լավ լինել, կարող է կառավարման կարգ փոխենք, դարձնենք պառլամենտական, չգիտեմ՝ ինչեր անենք, և ավելի քանդվի այս երկիրը: Իմ կարծիքով՝ փոքրիկ օրինաչափություն գոյություն ունի: Փոքրիկ պետություններում լավ է դեմոկրատիան, պառլամենտական կառավարման համակարգը, իսկ մեծ, բազմազգ պետությունների համար, ինչպիսիք են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, ճիշտ է որոշակիորեն նախագահական, միապետական հատկանիշներով կառավարման համակարգը:

Կարդացեք նաև

Օրինակ, Ռուսաստանի պես պետության պարագայում, այսպես կոչված, չափից ավելի ժողովրդավարական համակարգն ուղղակի կտանի պետության կազմաքանդմանը, ինչպես դա եղավ արդեն ժողովրդավարական խորհրդային պետության հետ»:
Անդրադառնալով Ռ. Քոչարյանի այն մտքին, որ Սահմանադրության մեջ «անընդմեջ» բառի լրացումը հետադարձ ուժ ունենալ չի կարող, Պարգև Օհանյանն ասաց. «Այստեղ խոսքը հետադարձ ուժի մասին չէ: Այստեղ սահմանադրական նորմ է, որը կիրառվում է անմիջականորեն: Վե՛րջ: Այստեղ չի կարող խոսք լինել հետադարձ ուժի մասին: Եթե այդպես վերցնենք, կարող ենք բազմաթիվ օրինակներ բերել, այդ թվում՝ կապված վերջերս կենսաթոշակային բարեփոխումների, Դատախազության վերաբերյալ որոշ փոփոխությունների հետ:

Եթե Դատախազության աշխատակիցները՝ հավասարեցված զինվորական ծառայողների հետ, ծառայության 20 տարին լրանալուց հետո իրավունք ունեին թոշակի գնալու, հիմա դա փոխվել է, վերացել է: Եթե նայենք հետադարձ ուժով, ուրեմն՝ այդ փոփոխությունը չպետք է տարածվի նրանց վրա, ովքեր արդեն աշխատում են Դատախազությունում, և պետք է տարածվի նրանց վրա, ովքեր նոր պետք է աշխատանքի մտնեն Դատախազությունում: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի: Եթե Սահմանադրությունը փոխվեց, որոշվեց, վերջացավ»:

Խոսելով Ռ. Քոչարյանի այն դիտարկումների մասին, թե երկրում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն չկա, չկա երկրի առջև ծառացած ոչ մի կենսական խնդիր, որի լուծմանը խոչընդոտի գործող Սահմանադրությունը, Պարգև Օհանյանն ասաց. «Ե՛վ համաձայն եմ, և՛ համաձայն չեմ: Ինչ-որ առումներով համաձայն եմ, ինչ-որ առումներով՝ ոչ, որովհետև այդպես միանշանակ չի կարելի արտահայտվել նման հարցերի մասին, որովհետև երևույթը միանշանակ չէ: Որոշ առումներով, այո՛, «բարեփոխման կարիք կա», որովհետև իրականում չկա այնպիսի բան, որ բարեփոխման կարիք չունենա: Սկսենք հոգևոր բարձր արժեքներից: Մենք ինքներս նախ` պետք է բարեփոխվենք մեր մեջ: Ամեն ինչ պիտի բարեփոխվի, որովհետև ամեն ինչ առաջ է ընթանում՝ գիտություն, մշակույթ, հոգևոր արժեքներ: Բայց, ինչպես քիչ առաջ արտահայտվեցի, պետք չէ Սահմանադրությունը բարեփոխել` լավ կառավարելու, կոռուպցիան վերացնել` սոցիալական հիմնախնդիրները լուծելու համար, և այլն: Դրա համար պարզապես պետք է կամք, նվիրվածություն, մղում և այլն:

Չկրկնենք այն հայտնի առակը, որ՝ երբ աղվեսի դունչը խաղողին չի հասնում, ասում է՝ խաղողը խակ է: Այսինքն՝ մենք միշտ մեր մեղքը գցում ենք ուրիշների վրա՝ օրենքն է վատը, պետական կառավարման համակարգը, իշխանությունները, կառավարությունը: Եթե ուզում եք իմանալ. բոլորն էլ վիճելի են: Ասենք՝ հիմա այս նոր կառավարությունը պետք է դորդուբե՞շ անի: Ես խիստ կասկածում եմ: Մյուս կողմից էլ՝ ինչո՞ւ՝ ոչ: Շատ ինստիտուտներ բարեփոխման կարիք ունեն՝ էլ չեմ ասում սահմանադրական մակարդակով իրավական կարգավորման մասին: Այդ բարեփոխումների արդյունքում շատ առաջադեմ քայլեր կարող են իրականացվել: Ես հայեցակարգի մասին տեսականորեն շատ դրական կարծիքի եմ»:

Vardan Poxosyan (1)Իսկ սահմանադրագետ, ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը մեզ հետ զրույցում նշեց՝ սահմանադրական բարեփոխումների օբյեկտիվ անհրաժետություն կա. «Հիմնական խնդիրը կառավարման համակարգն է, այն գերկենտրոնացումն ու քաղաքական մենաշնորհի վտանգն է, կամ, շատ դեպքերում, առկայությունը, որը մեր քաղաքական համակարգը դարձրել է այսպիսի միակենտրոն, միաձիգ, և դրանով են նաև բացատրվում քաղաքական համակարգում առկա մյուս բոլոր թերությունները»: Վարդան Պողոսյանի խոսքով՝ մյուս կարևոր խնդիրը հիմնական իրավունքների անմիջական գործողության ապահովումն է: Ըստ նրա՝ հայեցակարգում դրանց վերաբերյալ կան շարադրված մոտեցումներ.

«Ընդ որում, կառավարման համակարգի հետ կապված լուծումների տեսանկյունից չկա միանշանակ դիրքորոշում: Կատարված է վերլուծություն, և, ըստ էության, որոշակի նախընտրություն կա խորհրդարանական համակարգի օգտին, բայց հայեցակարգում չկա վերջնական որոշում կամ կատերգորիկ եզրահանգում: Ինչ վերաբերում է հիմնական իրավունքների անմիջական գործողությանը, ապա, կարծում եմ, որ հայեցակարգը բավականին հանգամանորեն անդրադարձել է այդ խնդրին և նախանշել է որոշակի ուղիներ»:

Վ. Պողոսյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ կարծիք ունի ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի այդ պնդումների առնչությամբ, թե չկա երկրի առջև ծառացած ոչ մի կենսական խնդիր, որի լուծմանը խոչընդոտի գործող Սահմանադրությունը: Ի պատասխան՝ Վարդան Պողոսյանն ասաց. «Եթե երկրորդ նախագահը վերընթերցի իր 2012թ. հարցազրույցը, կարծում եմ՝ կտեսնի, որ իր ներկա և երկու տարի առաջվա դիրքորոշումները տրամագծորեն իրար հակասում են: Այնպես որ՝ ես այդ հայտարարությունն ավելի շուտ կապում եմ քաղաքական կոնյունկտուրայի, քան սահմանադրական բարեփոխումների օբյեկտիվ անհրաժեշտության հարցի հետ: Բնականաբար, ցանկացած քաղաքական ուժ, ելնելով կոնկրետ իրավիճակից, իր մոտեցումներն է դրսևորում առաջարկների նկատմամբ:

Եթե այդ առումով նայենք, բավականին տարօրինակ իրավիճակ է: Նախագահական ընտրություններից առաջ ընդդիմադիր երեք ուժեր հստակ ասում էին, որ անհրաժեշտ են փոփոխություններ, և նույնիսկ ասում էին՝ անհրաժեշտ է անցնել խորհրդարանական կառավարման համակարգի:

Խոսքը ԲՀԿ-ի,«Ժառանգության» և Դաշնակցության մասին է: Այսօր միայն Դաշնակցությունն է հետևողականորեն պահպանել իր դիրքորոշումը»:
Վարդան Պողոսյանը նույնպես պնդում է, որ Սահմանադրության 50-րդ հոդվածից «անընդմեջ» բառը հանելը բավարար կլինի, որպեսզի ցանկացած անձ հնարավորություն չունենա երկու անգամից ավելի առաջադրվել ՀՀ նախագահի պաշտոնում:

Սակայն, ըստ Վ. Պողոսյանի՝ որոշակի փոփոխություններ կլինեն նաև Ընտրական օրենսգրքում: Նա նշեց, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում, սակայն, նման հարց չի քննարկվել. «Ասեմ՝ ինչ պատճառով: Քանի որ Սահմանադրական հանձնաժողովում միանշանակություն դեռ չկա կառավարման համակարգի և դրության հետ կապված: Դա էլ իր հերթին` բացատրվում է նրանով, որ, այդուհանդերձ, կառավարման համակարգի, ձևի ընտրության հիմնախնդիրը, բնականաբար շատ քաղաքական հարց է, միայն իրավական խնդիր չէ: Այսինքն՝ միայն իրավական վերլուծությունները բավարար չեն, որպեսզի միանշանակ եզրահանգումների գաս, և քանի որ մենք հիմա մինչև հուլիսի 1-ը հանրային քննարկումների փուլ ունենք, հուսով ենք, որ այդ ընթացքում ինչ-որ կերպ քաղաքական առումով ևս կարծիքները կհստակեցվեն, և սահմանադրկան հանձնաժողովը, դրանք հաշվի առնելով, ավելի հստակ դիրքորոշում կարտահայտի:

Քանի որ այդ հստակ դիրքորոշումն այժմ չկա, մենք չենք մտել այլ մանրամասների մեջ: Մեր կարծիքով՝ դա չի եղել ամենասկզբունքային խնդիրն կապված այսօրվա կիսանախագահական համակարգի հետ: Բայց եթե այդ հարցն աժիոտաժ, տարընթերցումներ է առաջացնում, չեմ բացառում, որ հանձնաժողովը հուլիս 1-ի փաստաթղթում նաև հստակ անդրադառնա այդ հարցին և հստակ պատասխան տա՝ կա՞ արդյոք անհրաժեշտություն, եթե կա, ապա՝ ո՞ւմ վրա է տարածվում, ո՞ւմ վրա չի տարածվում, և այլն»:

Խոսելով Ռ. Քոչարյանի դիտարկման մասին, թե նույնիսկ «անընդմեջ» բառը Սահմանադրությունից հանելու դեպքում՝ այն հետադարձ ուժ ունենալ չի կարող, Վ. Պողոսյանն ասաց, որ եթե Սահմանադրության 50-րդ հոդվածից հանվի «անընդմեջ» բառը, դա կնշանակի, որ որևէ մեկը, այդ թվում` նաև նախորդ տարիներին հանրապետության նախագահի պաշտոնը երկու անգամ զբաղեցրած անձինք, իրավունք չեն ունենա առաջադրվելու հանրապետության նախագահի պաշտոնում:

Տեսանյութեր

Լրահոս