Գնդակահարել է պետք
Մինչև անձնական պատասխանատվություն չլինի՝ ընդհուպ գնդակահարություն, Հայաստանում ոչ մի հարց չի կարգավորվի: Նման տեսակետ այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը: Ըստ նրա՝ պաշտոնը ստանձնելիս պետք է հստակ պայմաններ դրվեն, օրինակ՝ նվազագույն աշխատավարձը պետք է 3 տարում կազմի ոչ պակաս 100 հազար դրամ, գնաճը և փոխարժեքի տատանումը չպետք է ավել լինի 3%-ից, և այլն: Մեսրոբյանի համոզմամբ՝ այս պայմանները կարելի է ապահովել, քանի որ պետությունում կա էմիսիոն կենտրոն, կա ներքին տնտեսական քաղաքականություն, կա ԱԳՆ, Սփյուռք, կան լծակներ, իսկ աշխարհի մեծ մասը 3 կամ 5 տարվա պլան է կազմում:
«Կարող ենք խոսել` ճի՞շտ է գնդակահարությունը, թե՞ սխալ, կարելի է տուգանք, կամ անձնական գույքի բռնագանձում կիրառել, դա չէ էականը: Այն պահից, երբ ՀՀ-ում ինչ-որ ոլորտի նախարար գտնելը լինի շատ դժվար, երկրում թռիչք կլինի: Բայց երբ բոլորը հավակնում են բոլոր պաշտոններին, դա անարդյունք է: Մեքենա վարելու համար երկարատև սովորում ենք, քննություն հանձնում, որ իրավունք ունենանք այդ ժեշտի կտորը վարել, հետո մի քանի տարի համարվոմ ենք «խամ» վարորդ: Իսկ հարց եմ տալիս՝ պետություն «քշելը» հե՞շտ է: Կառավարությունում և ԱԺ-ում ազգանունների փոփոխության պայմաններում ոչինչ դրական մի սպասեք: Սպասել ինչ-որ փոփոխության, երբ 22 տարի նույն անձինք են կառավարում, ռոմանտիզմի գագաթնակետն է»,- ասաց Հ.Մեսրոբյանը:
Փորձագետի խոսքով՝ պետք է ջարդել օլիգարխիկ համակարգը՝ ներկրման մենաշնորհը վերացնել, պլանավորել սուպերմարկետները, որ հարակից փոքր խանութները չտուժեն, իսկ եթե օլիգարխիայի դեմը չառնվի, ոչ մի կառավարություն հաջողության չի հասնի:
«Մի քանի մոտեցում կա իրավիճակը շտկելու՝ ՀՀ-ին թարմ միտք է անհրաժեշտ, ընդ որում՝ ԶԼՄ-ներըպետք է դադարեն PR անել նոր նշանակվող պաշտոնյաներին: Հերիք է «փեշեր» ման գանք՝ ՌԴ, ԵՄ, ԱՄՆ: Գլոբուսը կլոր է և կան շատ ավելի հետաքրքիր խաղացողներ՝ Չինաստան, Հնդկաստան և Բրազիլիա, գամփռ պետություններ են, որոնք իրենք որպես նոր խաղացողներ նախապայմաններ չեն դնում: Մինչդեռ մեծ խաղացողներն իրենց պայմաններն են դնում՝ ՌԴ-ն գազի խնդիրը, ԵՄ-ն գենդերի խնդիրը, ԱՄՆ-ը՝ կենսաթոշակային համակարգի խնդիրը»,- նշեց Հ.Մեսրոբյանը:
Նրա բնորոշմամբ՝ քաղաքացիական դաշտում կան որոշ ուժեր, որ դեռ ամորֆ վիճակում են, ընդ որում՝ առանձին ուժ գոյություն չունի, որ առողջ է, կան տարբեր առանձին մարդիկ, որոնք բավականին առողջ մտքեր ունեն: