Քաղաքացիները՝ ՀՀ նոր կառավարության մասին. «Աստված էլ բեթարից ազատի». (տեսանյութ)
Նոր կառավարության ձևավորումը հասարակության մեջ կարծես թե վստահություն չներշնչեց իշխանությունների նկատմամբ: Վերջերս 168.am-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ասել էր, որ կառավարությունումտեղի ունեցող փոփոխությունները կարող են հանրության վստահության մակարդակը բարձրացնել միայն այնդեպքում, եթե հանրությունը «հիմար է»: «Այդ նշանակումների մեծ մասը հին նշանակումներ են, այսինքն` հին մարդկանց նկատմամբ վստահություն ունենալն ինձ համար անհասկանալի է: Նրանք այն մարդիկ են, որոնք հանրության շրջանում կարծես թե հեղինակություն առանձնապես չունեն: Դրանք այդ իշխանական կլանի ներկայացուցիչներն են, որոնք սպասարկելու են այդ կլանի շահերը»,- ասել էր քաղաքագետը:
Սոցիոլոգները նույնպես դրական չեն արձագանքում փոփոխություններին: Մեզ հետ զրույցում Գևորգ Պողոսյանն ասել էր. «Քանի որ նոր դեմքեր չկան, դժվար է ասել, որ ինչ-որ բան կփոխվի, որովհետև, այսպես ասած, նույն թիմից ուրիշ մարդիկ են, և այնպիսի դեմքեր չեն, որոնք շատ լուրջ փոփոխություններ են մտցնելու ընդհանուր ոճի, մոտեցումների ու քաղաքականության մեջ»:
Մեր` քաղաքացիների շրջանում անցկացրած հարցումները ցույց տվեցին, որ հանրությունն, իրոք, առանձնապես մեծ սպասելիքներ չունի ձևավորվող կառավարությունից: Մարդիկ հիասթափված են, որ նույն դեմքերն են կառավարությունում` տարբեր պաշտոններով:
Հարցին, թե ի՞նչ սպասելիքներ ունեն նրանք ձևավորվող կառավարությունից, ստացանք նմանատիպ պատասխաններ. «Աստված էլ բեթարից ազատի, ոչ մի սպասում չունեմ: Բացի բացասականից, ոչ մի դրական սպասում չունեմ»: «Դե ի՞նչ սպասելիք ունենամ: Խոստանում են լավ բաներ, բայց դեռ չի երևում», «Ոչ մի սպասելիք: Էդ նոր կառավարություն չի, դա հին կառավարության խայտառակ տեսակն է: Ոչ մի բան չի փոխվելու, իսկ ինչ էլ որ փոխվի, գնում է դեպի վատթարագույնը: Սա վերջն է արդեն», «Նոր կառավարությունը դավաճան Արթուրիկն ա՞, նորից էլի արենա ա՞ եկել, էլի դավաճանություն կա՞: Նորը որն ա՞: Էն Աբրահամյանին հանեցին էն աթոռից, տարան էն աթոռին, ի՞նչ են անում», «Կարծում եմ, որ լավ կլինի: Մեր այրերն են, ինչքան լավ լինեն, էնքան մեզ օգուտ», և այլն:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: