Սոցիոլոգը՝ նոր ձևավորվող կառավարության մասին. Նոր դեմքեր չկան

«Դեռ չեն ավարտվել նշանակումները, բայց առանձնապես լուրջ փոփոխություններ չեղան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանը` անդրադառնալով ՀՀ կառավարությունում մինչ օրս տեղի ունեցած փոփոխություններին և վերանշանակումներին: Ըստ սոցիոլոգի, այն արմատական փոփոխությունները, որոնց մասին խոստանում էին իշխանությունները, փաստորեն, տեղի չունեցան: «Տարբեր դեմքերով, բայց համարյա նույն կազմով է կառավարությունը նորից գործելու: Կարելի է ենթադրել, որ ընդհանուր կուրսը, գործունեության ոճն էլ, առանձնապես չի փոխվի»,- ասաց Գևորգ Պողոսյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է հանրության վստահության մակարդակը բարձրանա այդ նշանակումներից հետո, Գ. Պողոսյանը պատասխանեց. «Քանի որ նոր դեմքեր չկան, դժվար է ասել, որ ինչ-որ բան կփոխվի, որովհետև, այսպես ասած, նույն թիմից ուրիշ մարդիկ են և այնպիսի դեմքեր չեն, որոնք շատ լուրջ փոփոխություններ են մտցնելու ընդհանուր ոճի, մոտեցումների ու քաղաքականության մեջ»:

Գ. Պողոսյանը չի կարծում, որ Սերժ Սագսյանը Հովիկ Աբրահամյանին նշանակելով ՀՀ վարչապետի պաշտոնում փորձում է իշխանությունը հանձնել Ռոբերտ Քոչարյանին. «Սա շատ անսպասելի հարցադրում է, անկեղծ ասած, որովհետև դեռ շատ ժամանակ կա մինչև նոր ընտրությունները»:

Հիշեցնենք, որ այս մասին երեկ խոսել էինք նաև սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հետ: Ա. Ադիբեկյանն ասել էր, որ եթե Սերժ Սարգսյանը ցանկանա հանձնել, դրա համար կան ավելի պարզ և կարճ ճանապարհներ. «Նման բազմաքայլ շախմատային հնարք կիրառել պետք չէ: Հետո մի մոռացեք, որ երբ Ռոբերտ Քոչարյանը եկել է, նա եկել է արդեն իր թիմի մասն է կազմել, ոչ թե ինքն է այդ թիմը ձևավորել: Հանրապետական կուսակցությունն արդեն կար, նա ընդամենը դարձավ նրանց առաջնորդը ու երբ գնաց, նրա երկրորդ առաջնորդը մնաց տեղում: Սերժ Սարգսյանը իրազեկ էր, բոլոր ընդունվող որոշումներում մասնակից էր, ինքը բազմաթիվ պայմանագրեր է կնքելբ երբ Ազգային Անվտանգության խորհրդի նախագահ էր: Այսօր մենք Սերժ Սարգսյանի կողքին չենք տեսնում նրա նմանակը, որն ուներ Ռոբերտ Քոչարյանը: Սա բավական լուրջ խնդիր է»,- ասել էր Ա. Ադիբեկյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս