Չափն, այդուհանդերձ, նշանակություն ունի

«Դավաճանություն, ցոփություն, շահամոլություն, անբարոյականություն, հավաքական շահի ստորադասում՝ անձնական շահին»: Այս հատկանիշներն է Գարեգին Նժդեհը նկատել՝ որպես պետական գործչին արատավորող, մերժելի հատկանիշներ: Նժդեհի այս միտքը հատկապե՛ս հոգեհարազատ է իշխող Հանրապետական կուսակցության յուրաքանչյուր անդամի համար: Ահա՝ ինչու է այս կուսակցության գաղափարախոսությունը նժդեհականությունը. վարվել, ինչպես պատգամել է Նժդեհը, առաջնորդվել բացառապես ժուժկալության, ասկետության, բարոյականության արժեքներով:

Վկան՝ սոցցանցի հիթ դարձած տեսանյութը՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ունեցվածքի և բիզնեսի մասին: Ավելի վաղ անգամ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն էր իր ելույթում թվարկել Հովիկ Աբրահամյանի ունեցվածքի երկար ցանկը: Ըստ այդմ՝ մեր երկրի վարչապետը գործարանների, գազալցակայանների, հողատարածքների, այգիների, շենքերի ու թանկարժեք ավտոմեքենաների տեր է: Եվ նույնիսկ ունի հանգստյան տուն՝ բարեկամ Ռուսաստանում՝ Ղրիմում:

Ամեն դեպքում, մինչ այս պահը պաշտոնապես որևէ մեկը չի հերքել այս տեղեկատվությունը:

Թե ինչպես է 1996 թվականից բացառապես պետական պաշտոններ զբաղեցնող չինովնիկը նման հսկայական հարստություն կուտակել, իրավապահների գործն է: Վհատեցնողն այլ բան էր՝ վարչապետի սերը, հատուկ հակվածությունը հարստության, շքեղության հանդեպ՝ շքեղ ավտոմեքենաներ, առանձնատուն, որը կառուցված է ԱԺ շենքի նմանությամբ:

Առհասարակ, ավելորդ շքեղությունը մարդուն ավելի շուտ անհարմարություն է պատճառում: Սակայն մեր հոգեբույժներից մեկը նկատեց, որ ագահությունը, չտեսությունը դիագնոզ չէ, այլ սովորական մարդկանց հատուկ վարքագիծ: Քչերի համար է շքեղությունն ավելորդություն, անգամ՝ հիմարություն, մեծամասնության դեպքում դա ինքնահաստատման, հասարակության մեջ սեփական դիրքի կարևորությունն ընդգծելու ցուցանիշ է համարվում:

Ասաց նաև, որ երկրի համար առանցքային նշանակության պաշտոններին ագահ, աչքածակ, շքեղության հանդեպ թուլություն ունեցող մարդկանց նշանակումը սխալ է՝ ընդհուպ պետական անվտանգության տեսանկյունից: Պետք են «վեհ, բարձր արժեքներ ունեցող մարդիկ, որոնք իրենց հետ կբարձրացնեն նաև հասարակությանը»:

«Վեհ, բարձր արժեքներ ունեցող մարդիկ», ինչ խոսք, Հայաստանում կան, սակայն բարձր պաշտոն զբաղեցնելու համար պահանջվող կաշառք տալ չեն կարող, իսկ ինտելեկտն ու պարկեշտությունը բացարձակ պահանջարկ չունեն:

Բայց պարկեշտ ղեկավարներ մենք, այդուհանդերձ, ունեցել ենք:
Առաջին Հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունին՝ երկրի ղեկավարը, վաճառել էր վերարկուն և առանց պատշաճ վերարկուի մեկնեց ԱՄՆ՝ Հայաստանի միջազգային հարաբերությունները կարգավորելու համար: 1919-ին բծավոր տիֆից մահացավ Արամ Մանուկյանը` Առաջին Հանրապետության Ներքին գործերի նախարարը:

Նրան առաջարկվել էր մեկնել արտերկիր՝ բուժվելու, սակայն, քանի որ երկրում հարյուրավոր մարդիկ մեռնում էին տիֆից, նա իրեն թույլ չտվեց օգտվել մի բանից, որից չէին կարող օգտվել հարյուրավոր այլ մարդիկ: Արամ Մանուկյանից մնացել է նրա բաճկոնը, որը միշտ նրա հագին էր՝ մաքուր ու բառացիորեն քրքրված: Հայաստանի վարչապետ Համազասպ Օհանջանյանի ավագ որդին զոհվեց Ղարաքիլիսայի հերոսամարտում: (Ի դեպ, Սևրի պայմանագիրը ստորագրվել է հենց Համո Օհանջանյանի օրոք):

Նիկոլ Աղբալյանը, որ Առաջին Հանրապետության Լուսավորության և արվեստի նախարարն էր, ինչպես նաև Ռազմական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանը, բնակվում էին փոքրիկ սենյակներում, ուր կահույքը փոքր-ինչ պակաս շքեղ էր, քան Հովիկ Աբրահամյանինը. սենյակում կար մեկ թախտ և մեկ սեղան:

Ազնիվ չէ կենտրոնանալ նորանշանակ վարչապետի՝ շքեղության, հարստության հանդեպ ունեցած թուլության վրա: Նա մեկն է՝ բոլորից: Եվ շատ դժվար է այսօր ասել՝ ո՛վ է ում խնդրել՝ դառնալ վարչապետ՝ Հովիկ Աբրահամյա՞նը՝ Սերժ Սարգսյանին, թե ՞ Սերժ Սարգսյանը՝ Հովիկ Աբրահամյանին: Վերջին տարբերակն ավելի հավանական է թվում: Ի տարբերություն մյուս հնարավոր թեկնածուների՝ Հովիկ Աբրահամյանը միայն իր աշխատանքային փորձը չէ, որ տալու է նախագահին:

Տեսանյութեր

Լրահոս