Կոմանդոսն ուզում է, որ նոր վարչապետը կին լինի. «Ժամանակ»
«Ժամանակի» զրուցակիցն է Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:
-Պարոն Տեր-Թադևոսյան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներ Ռուստամ Գասպարյանն ու Ռուբեն Գևորգյանը նախաձեռնել են «ազատամարտի նվիրյալների» միություն ստեղծել: Դրակա՞ն եք վերաբերվում այդ նախաձեռնությանը:
-Մեզ մոտ ինչքան շատ բազմազանություն լինի՝ այնքան լավ: 40-ի մոտ կազմակերպություն կա, մեկը ֆինանասավորում է, մեկն օգնում է․․․ Ես կարծում եմ՝ այն, որ ԲՀԿ-ն է նախաձեռնում ստեղծել նման բան, էլի լավ է, որովհետև գումարի մի մասը ազատամարտիկներին օգնելուն կգնա: Հետագայում կերևա՝ ինչ գործունեություն է ծավալում, որոշները կանդամագրվեն այդ կառույցին և միասնական կփորձեն մեր հայրենիքը պաշտպանել:
-Մտավախություն չկա՞, որ այդքան շատ կազմակերպությունները կարող են ազատամարտիկների մեջ պառակտում առաջացնել: Մենք արդեն ունեինք ԵԿՄ-ն, ազատամարտիկների դաշտային հրամանատարների խորհուրդը․․․
-Նայած՝ ԶԼՄ-ներն այդ ամենն ինչպես կներկայացնեն, եթե ամեն ինչի մեջ բացասականը փնտրենք, ապա ոչ մի լավ բանի էլ չի հանգեցնի: Ցանկացած երևույթի մեջ պետք է դրական որևէ բան փնտրել: Իհարկե բացասական էլ կա՝ գուցե մրցակցություն լինի, բայց չպետք է թողնենք, որ կազմակերպություններն իրար հետ մրցակցեն: Պետք է միասնական պայքարենք: Շատ ազատամարտիկներ մինչ այժմ ոչ մի կազմակերպության անդամ չեն էլ դարձել, մարդիկ կան ԵԿՄ-ից դուրս են եկել, ինչ է՝ չե՞ն կարող այլ կազմակերպություն մտնել: Բայց ամենակարևորն այն է, որ մարդիկ պաշտպանված լինեն՝ ես այս տեսանկյունից եմ նայում:
-Դուք բազմիցս մեզ հետ զրույցում ասել եք, որ երկրում մի շարք խնդիրներ կան և որոնց լուծումը պետք է անպայման տրվի: Օրեր առաջ հրաժարական տվեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ի՞նչ եք կարծում՝ վարչապետի փոփոխությամբ երկրում առաջացած խնդիրներին լուծում կտրվի՞։
-Ես դա չեմ կարող ասել, դա առանձին քաղաքական գործիչների վարած քաղաքականությունն է, ես այդ հարցում չեմ ուզում խորանալ կամ առավել ևս՝ նախկին վարչապետի գործունեությանը գնահատական տալ:
Մենք պետք է ռեալ խնդիրներին նայենք, չպետք է թույլ տանք, որ մեր ազատամարտիկներն այսպիսի իրավիճակում գտնվեն, Աստված նրանց երկար կյանք տա:
Կարծում եմ, երկրում պետք է աշխատատեղեր ստեղծվեն, որ մարդիկ այս երկրից հեռանալու ցանկություն չունենան: Նոր վարչապետը՝ ով էլ որ նա լինի, պետք է առաջին հերթին մտածի մարդկանց Հայաստան հետ բերելու մասին, աշխատատեղեր ստեղծի, որ մարդիկ կարողանան աշխատել և իրենց պահել: Նայեք, թե վերջին շրջանում քանի աշխատատեղ է փակվել, քանիսն են Հայաստանից հեռացել: Մենք հիմա անկման մեջ ենք, մարդիկ գնում են Հայաստանից:
-Այսինքն կարծում եք, որ նոր վարչապետի առաջին խնդիրը պետք է աշխատատեղեր ստեղծե՞լը լինի, որ մարդիկ այստեղից չհեռանա՞ն:
-Այո, դա առաջին խնդիրը պետք է լինի, մարդիկ ընտանիք պահելու համար աշխատանք պետք է ունենան: Հիմա մենք այնքան փոքր խանութներ ունենք, շուկաներ՝ ամեն տեղ դատարկ է՝ գնացեք նայեք:
-Պարոն Տեր-Թադևոսյան, գուցե կա՞ որևէ մեկը, ում տեսնում եք վարչապետի պաշտոնում, և ով կկարողանա լուծել Ձեր նշած խնդիրները:
-Իհարկե, այստեղ կան նման մարդիկ, բայց ես կասեմ հետևալը՝ այն բոլոր տղամարդիկ, ովքեր եղել են և դեռ կլինեն՝ նրանք դեռ երկար ժամանակ այնպես կանեն, որ մեզ համար վատ լինի: Պետք է կին լինի, ես այդպես եմ մտածում: Կանայք պետք է ղեկավարեն: Մինչև կին չլինի՝ ոչ մի լավ բանի չենք կարող սպասել:
Մի կին լինի՝ նոր կկարողանանք խելքի գալ: Անպայման ուզում եմ կին լինի, տղամարդիկ իրենց դերը չկատարեցին: Եթե իմ կամքով լինր՝ վարչապետն անպայման կին կլիներ, իսկ տղամարդկանց մեջ արժանի մեկին չեմ տեսնում:
-Իսկ կանանց մեջ ով՞ է արժանի, գուցե նախարարներից որևէ մեկը:
-Մեզ մոտ տարբեր խմբակցություններում շատ պատգամավորներ կան՝ ինչո՞ւ ոչ:
Մնացածներին լսեք՝ ոչ մի տրամաբանություն չկա նրանց խոսքերում:
-Ընդդիմությունի՞ց, թե՞ իշխանությունից որևէ մեկը։
-Ես ոչ աջ կողմում կուզենայի լինել, ոչ էլ ձախ՝ այդ հարցերին չեմ ուզում խառնվել: Ինձ համար մեկ է, թե որտեղից լինի՝ կարևորն առաջացած խնդիրները լուծի: Ես կուզենայի ավելի շատ միացնող ուժ լինեի, քան իմ հայտարարություններով պառակտող: Չէի ցանկանա մի կողմի մասին լավ արտահայտվել, մյուսի մասին՝ վատ:
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։