Ռուսաստանը Թուրքիային ու ԱՄՆ-ին մեղադրել է Մոնտրեի կոնվենցիան խախտելու մեջ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ը Թուրքիային ու ԱՄՆ-ին կոչ է արել խստապես պահպանել Սևծովյան նեղուցներով ռազմանավերի անցումը կանոնակարգող Մոնտրեի կոնվենցիան:

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ թուրքական կողմը չի կատարել Մոնտրեի կոնվենցիայի մի շարք դրույթներ, սակայն Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ Լավրովի այդ հայտարարությունը ոչ մի կերպ չի համապատասխանում իրականությանը:

Դրա հետ կապված՝ ՌԴ ԱԳՆ-ը հայտարարել է, որ թուրքական կողմի այդ հայտարարությունը մեծ զարմանք է հարուցում. «Մոնտրեի կոնվենցիան մի շարք սահմանափակումներ է նախատեսում այն երկրների ռազմանավերի մնալու համար, որոնք ափ չունեն Սև ծովում: Մասնավորապես, այդ ռազմանավերը չեն կարող Սև ծովում մնալ 21 օրից ավելի:

Փաստերը վկայում են, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի USS Taylor ֆրեգատը Սև ծով է մտել փետրվարի 5-ին և Միջերկրական ծով է հեռացել մարտի 9-ին, ինչը 11 օրով գերազանցել է առավելագույն թույլատրելի ժամկետը և հետևաբար հանդիսացել է կոնվենցիայի խախտում: Ընդ որում, թուրքական կողմը ժամանակին չի զգուշացրել տվյալ ձգձգման մասին:

Մենք մեր անհանգստությունները բանավոր նոտաների տեսքով ներկայացրել ենք ինչպես ամերիկյան, այնպես էլ թուրքական կողմին: Ռուսաստանը կարծում է, որ Թուրքիան ու ոչ ափամերձ երկրները հետագայում խստապես կպահպանեն կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները»:

Տեսանյութեր

Լրահոս