Նախարարություններում տագնապ է. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Նախարարություներում այս օրերին աշխատանքն սկսվում և ավարտվում է կառավարության ապագա ղեկավարի մասին ամենատարբեր կանխատեսումներով։ Լույսը դեռ չբացված, փոքր ու մեծ փորձում են գուշակություններ ու կանխատեսումներ փնտրել լրահոսի հորձանուտում։
Նախարարներից ոմանք այս օրերին զբաղված են իրենց դիրքերն ամրացնելու գործով, ոմանք, արդեն կռահելով իրենց գլխին գալիքը, այլընտրանքային աշխատանք են փնտրում։ Սակայն նկատենք, որ ապագան մշուշոտ է գրեթե բոլորի համար՝ անգամ ամենաբարձր օղակներում գտնվողների։ Բոլորն սպասում են Սերժ Սարգսյանի որոշմանը։ Եվ այդ անորոշությունն իսկական մղձավանջի է վերածել ապարատի առօրյան։
Մի կողմից, ապարատը ոչ միայն կանխատեսումներ է անում, այլեւ զբաղված է կեղծ ինֆորմացիայի արտահոսքեր կազմակերպելով։ Այսպես ասած՝ զոնդաժ են անում, թե ինչպես կարձագանքեն տարբեր մակարդակներում սրա –նրա նշանակման մասին խոսակցություններին։ Մյուս կողմից՝ Կենտրոնական բանկում Սերժ Սարգսյաևի հնչեցրած նախազգուշացումը, թե կառավարությունում Էական փոփոխություններ են սպասվում, ապարատում մեկնաբանում են որպես նախարարական կազմի լայնածավալ փոփոխության մասին հստակ հայտարարություն։
Ըստ լավատեղյակների, պաշտոնանկ է արվելու ներկա նախարարների մոտ 70 տոկոսը, կասկածելի է անգամ ՕԵԿ պորտֆելների հարցը, որոնք ավելի շատ կախված են ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ բանակցությունների վերջնարդյունքից։ Ըստ ՀՀԿ-ականների, Տիգրան Սարգսյանն իր հետ «տանելու» է իր տնտեսական «գիգանտներին»՝ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին, աշխատակազմի ղեկավար, նախարար Վաչե Գաբրիելյանին, Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյաևիև, ինչպես նաև բազմաթիվ դեղնակտուց փոխնախարարների, օգնականների ու խորհրդականների։
Ասում են՝ գնացողների ցուցակում են երկրի ռեսուրսների վաճառքով պատմության մեջ հավերժացած և այս ընթացք բազմաթիվ կուրյոզների հետ դարձած էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյաևը, Հայաստանի բնության հերն անիծած Արամ Հարությունյանը, տխրահռչակ կուտակային կենսաթոշակային համակարգի «կնքահայր» սոցապնախարար Արտեմ Ասատրյանը։
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին հանել-չհանելը 50-50 է. չնայած ասում են, նա Սերժ Սարգսյանի «լյուբիմչիկների» թվում է։ Թերևս իր տեղում կմնա Սեյրան Օհանյանը։ Սպորտի նախարարի մասով դեռ հստակեցված չէ , իսկ մշակույթը «սև ցուցակում» է։
Ըստ ՀՀԿ-ական շրջանակներում տարածված լուրերի, Սերժ Սարգսյանը նախ կփորձի լարված մթնոլորտը լիցքաթափել՝ վարկաբեկված դեմքերին պատմության գիրկն ուղարկելով։
Սերժ Սարգսյանի այն արտահայտությունը, «թե անհրաժեշտություն կա, որպեսզի նաև նոր աչքով նայվի եղած խնդիրներին, ոլորտներին», խոցելի է դարձել անգամ Հանրապետականի հիմնասյուն հանդիսացող առողջապահության նախարարի՝ Դերենիկ Դումանյանի կարգավիճակը, ով բժշկական սպասարկումը վճարովի դարձնելու ինչ-ինչ փորձեր է արել։
Ամենից քիչ խոսակցություն կա ուժայինների վերաբերյալ, թեև Գորիկ Հակոբյանի առողջական վիճակը լավ չէ. իսկ Արմեն Երիցյանին վաղուց էին առաջարկում տեղափոխվել ոստիկանություն։
Չի բացառվում, որ խոստացված էական փոփոխությունները տարածվեն նաև մարզերով, և այղ ալիքի մեջ ընկնեն մաշված մարզպետները՝ Կոտայքի և Տավուշի՝ Կովալենկո Շահգալդյանն ու Արմեն Ղուլարյանը։ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը մարզային մակարդակով փոփոխությունների մասին մեզ մետ զրույցում ասաց, որ լուրեր չունի, բայց ոչինչ չի բացառում։
Իսկ հնարավո՞ր է, որ Տիգրան Ս ա ր գ ս յ ա ն ի սկսած ծրագրերը վերանայվեն, օրինակ, գերատեսչություններն ապակենտրոնացնելու՝ մշակույթի և սպորտի նախարարությունները Գյումրի տեղափոխելու ծրագիրը, Ցոլակյանը դժվարացավ կոնկրետ բան ասել։
«Թող նորը գա, կխոսենք»,- ավարտեց նա՝ ընդգծելով, որ նոր կառավարությունից լավ ակնկալիքներ ունի, ավելի ճիշտ՝ լավատեսություն հայտնեց «Կուզենանք, որ լավ լինի…»։

Կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս