«Հրաշալի քառյակը» լուծարման եզրին է. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. Վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո ոչ իշխանական քառյակում իսկապես շփոթ կա, քանի որ գոնե առաջիկա մեկ ամսում նրանց ծրագրած օրակարգը արժեզրկվեց: Այլևս անիմաստ դարձան առաջիկայում Գյումրիի և Վանաձորի իրազեկման հանրահավաքները, ինչպես նաև ապրիլի 28-30-ի շուրջօրյա հանրահավաքները: Իսկ մասնավորապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը զրկվեց ապրիլի 28-ին կառավարությանն անվստահություն հայտնելու և Տ. Սարգսյանին մի լավ քլնգելու հաճույքից:
Առանձնակի շփոթի մեջ է հատկապես ԲՀԿ-ն, քանի որ եթե այդ կուսակցությունն առաջիկայում չհայտնվի իշխանության մեջ, ապա առանց Տ.Սարգսյանին քննադատելու` քաղաքական դաշտում նրա գործունեությունն այլևս անիմաստ կդառնա: Վերջին 4-5 տարիներին ԲՀԿ-ին դժվար էր պատկերացնել առանց Տ. Սարգսյանի, կարծես թե նրանք միաձուլված լինեին ճակատագրերով: Եվ որքան էլ զարմանալի է, Տ. Սարգսյանը ԲՀԿ-ին պետք է հենց վարչապետի աթոռին, որ քննադատի ու հաճույք ստանա: Բայց կյանքը և հատկապես քաղաքականությունը միայն հաջողություններով կամ հաճույքներով չեն սահմանափակվում: Լինում են նաև հիասթափության և ընկճախտի նման պահեր:
Շփոթ կա նաև Դաշնակցության մոտ, քանի որ 120-ամյա այդ կուսակցությունը 2006 թվականից՝ ԲՀԿ-ի ստեղծումից հետո, հայտնվել է օլիգարխիկ այդ կառույցի ստվերում: Եվ այնպես է ստացվել, որ թե իշխանության մեջ, թե ոչ իշխանական դաշտում ՀՅԴ-ն ստիպված է լինում բավարարվել այդ դիրքերից բխող փշրանքներով: Հիմա էլ ՀՅԴ-ում մտահոգություն կա, որ իրավիճակի փոփոխության դեպքում նորից հայտնվելու է «մեծերի» ստվերում:
Բանն այն է, որ վարչապետի հրաժարականից հետո Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը չէր բացառել, որ կարող է լինել ազգային համաձայնության կառավարություն: Շրջանառվող տեղեկությունների համաձայն` նոր վարչապետի նշանակման դեպքում Սերժ Սարգսյանը հանդիպելու է ոչ միայն իր ՀՀԿ-ի և կոալիցիոն ՕԵԿ-ի, այլև ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ: Եվ եթե ընդհանուր հայտարարի գան, ապա նորից կառավարություն կկազմեն հին ընկերները՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ն և ՀՅԴ-ն: Իսկ եթե նման հնարավորություն ստեղծվի, ապա ՀՅԴ-ին ՕԵԿ-ի նման բաժին է հասնելու ընդամենը իշխանական գաթայի փշրանքները:
Երեկ օրվա վերջում տեղեկություններ էին շրջանառվում, թե ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն արդեն հանդիպել է Ս. Սարգսյանի հետ, բայց նրա սպասելիքները չեն արդարացել: Այդ է վկայում Գ. Ծառուկյանի երեկվա գրեթե ոչինչ չասող հարցազրույցը, որից ընդամենը կարելի էր հասկանալ, որ ԲՀԿ-ն դեռ սպասումների մեջ է: Սպասելիքները տվյալ դեպքում վերաբերում են նոր վարչապետի նշանակման հարցում ազդեցություն ունենալուն: Բնականաբար, սպասելիքներ ունեն նաև նախարարական պորտֆելներ ստանալու առումով: Ու քանի որ արդեն Տ. Սարգսյանն այլևս վարչապետ չէ, անիմաստ է, որ ԲՀԿ-ն շարունակի մնալ քաղաքագիտության համար անհասկանալի այլընտրանքային կարգավիճակում:
Այս ամենի մեջ ավելի ծանր վիճակում են հայտնվում ՀԱԿ և «Ժառանգություն» կուսակցությունները: Ս. Սարգսյանը նրանց հետ չի հանդիպելու և ազգային համաձայնության կառավարություն նրանց չի հրավիրելու: «Ժառանգությունն» այդ հնարավորությունը կորցրեց անցած տարվա նախագահական ընտրություններից հետո: Չի բացառվում, որ կարճ ժամանակ անց «հրաշալի քառյակը» դադարի գոյություն ունենալ, և այս երկու կուսակցությունները կհայտնվեն շատ ծանր վիճակում՝ ԲՀԿ-ի կողմից օգտագործված և լքված կարգավիճակում: Իսկ որ քառյակի ճանապարհները բաժանվելու են, նման ակնարկներ անում են նաև այդ ուժերի ներկայացուցիչները:
Նախօրեին Տ. Սարգսյանի հրաժարականից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել էր. «Կառավարության հրաժարականը դիտարկվում էր որպես իշխանափոխության առաջին փուլ: Առաջին փուլի խնդիրը կարելի է լուծված համարել: Հետևաբար` այս պահից սկսած մենք գտնվում ենք իշխանափոխության հաջորդ` Սերժ Սարգսյանի հրաժարականի պարտադրման փուլում»: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն էլ երեկ հայտարարեց, թե իրենք պայքարում են ամբողջական իշխանափոխության համար: Նա միաժամանակ շեշտեց, որ այդ հարցում քառյակում կան տարբեր մոտեցումներ: Խոսքը վերաբերում է ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին:

Կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս