Ռուսները նույնիսկ չեն խնդրել՝ «պարզ է չէ, թե ոնց եք քվեարկելու». «ՀԺ»

«Պարզ է չէ՞ թե ոնց եք քվեարկելու». այսպիսի տոնայնության մեջ հարցադրում է արվել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությանը՝ Ռուսաստանի Դաշնության պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի մակարդակով։
Խորհրդարանական մեր աղբյուրները հայտնում են, որ Նարիշկինն անգամ հարկ չի համարել խնդրել կամ գոնե մի փոքր հարզալից տոնայնությամբ իր ռազմավարական գործընկերը համարվող երկրի պատվիրակությանը հուշել, որ հանկարծ «կողմ» չքվեարկեն ԵԽԽՎ-ում ՈԴ-ի դեմ պատժամիջոցներ նախատեսող բանաձևերին։ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը մեկնարկում է ապրիլի 7-ին։ Նստաշրջանի կենտրոնում են լինելու ուկրաինական իրադարձությունները։
Մեծ Բրիտանիայի և Դանիայի ներկայացուցիչների կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձևի երկու նախագիծ է շրջանառության մեջ դրվել, որոնցից յուրաքանչյուրի տակ արդեն 50-ից ավելի ԵԽԽՎ պատգամավորներ են ստորագրել։ Նախագծերից մեկը վերաբերում է ԵԽԽՎ ռուսական պատվիրակության լիազորությունների վերանայմանը մյուսը ձայնի իրավունքից գրվելուն։ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը օրեր առաջ մեզ հետ զրույցում հայտնեց, որ «դեմ» է քվեարկելու ՌԴ պատվիրակության դեմ պատժամիջոցներ նախատեսող բանաձևերին։ Նա բացատրում էր, որ պատժամիջոցներն ընդհանրապես ընդունելի չեն։ «Պատժամիջոցներն այրում են կամուրջները, զրկում են երկխոսության հնարավորությունից։ Ենթադրենք, դրանք կիրառվեցին, հետո ո՞րն է լինելու հաջորդ քայլը»,– ասում էր Հարությունյանը։
Սա, իհարկե, պարզապես արդարացում է, և հասկանալի է, թե ինչ հեռանկար է սպասվում Հայաստանին՝ նման քվեարկությունից հետո։ Ըստ դիվանագիտական մեր աղբյուրների, ԵԽԽՎ-ում ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ բանաձևերի քվեարկության ժամանակ լինելու է մոտավորապես նույն պատկերը, որ արձանագրվեց ՄԱԿ-ի քվեարկության ժամանակ։ Հիշեցնենք, նախորդ շաբաթ ՄԱԿ-ում քվեարկության էր դրվել Ղրիմի հանրաքվեն անօրինական ճանաչելու մասին բանաձևի նախագիծը, որն ընդունվեց 100 «կողմ». 11 «դեմ» և 58 «ձեռնպահ» ձայներով։ Տասնմեկ «դեմ»– երի մեջ էին Հայաստանը, Ռուսաստանը, Կուբան, Սուդանը, Վենեսուելան, Զիմբաբվեն, Հյուսիսային Կորեան, Սիրիան, Նիկարագուան, Բելառուսն ու Բոլիվիան։
Սերժ Սարգսյանի սեպտեմբերերեքյան հայտնի հայտարարությունից հետո ՀՀ-ի առանց այն էլ չեղած վարկը Եվրոպական կառույցներում հայտնի է, թե ուր է հասել։ Նույնն էր նաեւ ԵԽԽՎ-ում, չնայած այն հանգամանքին, որ Դավիթ Հարությունյանը բավական լավ հարաբերություններ ուներ եվրոպական սույն կառույցի ղեկավարների հետ և կարողանում էր ՀՀ իշխանությունների համար դժվար պահերին զիջումներ կորզել ԵԽԽՎ-ից։ Իհարկե, չի բացառվում, որ մեր ութ հոգանոց պատվիրակությունը միաձայն «դեմ» քվեարկի վերոնշյալ բանաձևերին։ Պատվիրակության ՀՀԿ-ական անդամները, հասկանալի է, կքվեարկեն այնպես, ինչպես Դավիթ Հարությունյանը։ Նույնը վերաբերում է նաեւ ՕԵԿ-ին։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ևս արդեն հայտարարել Է, որ «դեմ» է քվեարկելու բանաձևերի նախագծերին։ Այս ընթացքում իրենց քվեարկության վերաբերյալ կոնկրետ հայտարարության չեն արել միայն ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի ներկայացուցիչները («ժառանգությունն» այնտեղ անդամ չունի)։
Երեկ, երբ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին հարցրեցինք, թե ինչպես է քվեարկելու, նա պատասխանեց. «Միասնական դիրքորոշում այդ հարցում չեմ տեսնում, որ հնարավոր է։ Ես վերջնական որոշում չունեմ, որովհետեւ ամեն րոպե նախագծերը փոփոխություն են կրում»։ Տեղեկություններ կան, որ ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի ներկայացուցիչները մտադիր են չմասնակցել քվեարկությանը, թեև Ստրասբուրգ նրանք մեկնելու են։
Ի դեպ, ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում նախատեսվում է նաև Ուկրաինայի վարչապետ Արսենիյ Յացենյուկի ելույթը։ Այն նախատեսվում է նստաշրջանի երկրորդ օրը՝ ապրիլի 8-ին։ Նստաշրջանը կբացվի ԵԽԽՎ նախագահի հայտարարությամբ, որին անմիջապես կհաջորդի ՌԴ պատվիրակության լիազորությունների վերանայման հարցը, իսկ այնուհետև, ինչպես նշված Է ԵԽԽՎ պաշտոնական կայքում, կսկսվեն սույն հարցով դեբատները. որոնք խոստանում են բավական հետաքրքիր լինել։ Բանաձևերի քվեարկությունը, սակայն, ինչպես մեզ հաջողվեց պարզել, նախատեսվում է անցկացնել հինգշաբթի օրը՝ ապրիլի 10-ին։ ՌԴ պատվիրակությունը նստաշրջանին մասնակցելու է։ Այդ մասին արդեն հայտարարել է ռուսական պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պաշկովը։ Նա. սակայն, նշել է, որ եթե ԵԽԽՎ-ն կոշտ կեցվածք ընդունի, ապա, մինչ բանաձևերի ընդունումը, իրենք կկասեցնեն իրենց աշխատանքն այդ կառույցում առնվազն մինչեւ տարեվերջ։Ըստ Պաշկովի, դա կզրկի ԵԽԽՎ-ին ՌԴ-ում մոնիթորինգ անցկացնելու հնարավորությունից։
Իսկ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն նախօրեին ասել էր. թե կտրուկ բանաձևերի ընդունման դեպքում ռուսական պատվիրակությանը կլքի նիստերի դահլիճը, ինչից ավելի շատ կտուժի ԵԽԽՎ-ն։ «Եթե մենք բախվենք տարընկալման,  մեզ լսելու ցանկության բացակայության, հակառուսական թշնամական հիստերիայի, ապա մեզ իրավունք կվերապահենք ցույց տալ, որ պատրաստ չենք ձեոքներս իջեցնել և , անարդար հանգամանքներ լսել Ռուսաստանի հասցեին»,– ասել է Մատվիենկոն։

Կարդացեք՝ «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս