Ժիրինովսկին վերստին խոսել է Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանին միացնելու հնարավորության մասին
Nakanune.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի ու Արևմուտքի պատժամիջոցները, որոնցով նրանք սպառնում են Ռուսաստանին, հարվածելու են հենց նրանց.
«Պատժամիջոցները միայն օգտակար են մեզ համար, մենք կստեղծենք մեր դրամական համակարգը, էլ ավելի մեծ ուշադրություն կհատկացնենք մեր արտադրությանը: Դրա համար էլ որևէ բացասական բան չկա հնարավոր պատժամիջոցներից:
Պատժամիջոցներն ավելի արագ կհարվածեն հենց նրանց: Այսինքն Եվրոպան ու ԱՄՆ-ը միայն կպարտվեն, եթե սահմանեն որևէ պատժամիջոց: Մենք էլ ժամանակին կպատժենք նրանց, մենք դպրոցականներ չենք, որպեսզի մեր նկատմամբ սահմանեն պատիժներ»:
Ժիրինովսկին հիշեցրել է, որ ինքնավար հանրապետություններն իրավունք ունեին ժամանակին մնալու ԽՍՀՄ-ի կազմում. «Մենք կճանաչենք ցանկացած տարածք, որի ժողովուրդը կքվեարկի նոր պետության ստեղծման կամ Ռուսաստանին միանալու օգտին: Եթե Ղարաբաղը ցանկանա միանալ Ռուսաստանին, ապա մենք կճանաչենք դա, նույն էլ Մերձդնեստրի պարագայում:
Դաշնակցային հանրապետությունների կազմում դրանց գտնվելն ապօրինի է, քանի որ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու մասին օրենքի համաձայն, ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալ ցանկացող հանրապետությունների կազմի մեջ մտած ինքնավար հանրապետությունները իրավունք ունեին մնալու նրա կազմում»:
Հիշեցնենք, որ մոտ 20 օր առաջ Ժիրինովսկին հայտարարել էր, որ ԼՂ-ի հարցում ամենալավ որոշումը կլինի նրան Ռուսաստանի կազմում ներառելը: