ԼՂ-ի հարցում ամենալավ որոշումը կլինի նրան Ռուսաստանի կազմում ներառելը. Ժիրինովսկի
Ռուսական РСН (Русская служба новостей) ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին պատասխանել է նաև ռադիոլսողների հարցերին: Նրանցից մեկը Ժիրինովսկուն հարց է ուղղել, թե արդյոք հնարավո՞ր է, որ հետագայում Ռուսաստանին միացվեն նաև Աբխազիան, Օսիան ու Լեռնային Ղարաբաղը:
Ի պատասխան՝ Ժիրինովսկին հայտարարել է. «Դուք կատարելապես ճիշտ եք: Հարավային ու Հյուսիսային Օսիան Օսիայի մեկ ժողովուրդն են: Նրանք լիակատար իրավունքներ ունեն՝ վերամիավորվելու Հյուսիսային Օսիայի հետ ու ավտոմատ ընգրկվելու համար Ռուսաստանի կազմում:
Աբխազիայի հարցում հեռանկարում նույնպես կարող է բարձրացվել այդ հարցը և մենք նույնպես կարող ենք հանրաքվեից հետո այն ներառել Ռուսաստանի կազմում: Լեռնային Ղարաբաղը երբեք պայմանավորվածության չի գա: Դրա համար էլ ամենալավ որոշումը կլինի այն Ռուսաստանի կազմում ներառելը:
Այդ ժամանակ հայերը չեն վիրավորվի, և ադրբեջանցիներն էլ կհաշտվեն դրա հետ, քանի որ այն (ԼՂ-ը) չի մնա Հայաստանին և կմտնի Ռուսաստանի կազմի մեջ: Նույնը վերաբերում է Մերձդնեստրին ու նախկին ԽՍՀՄ-ի բոլոր տարածքներին, ուր հանրաքվեի միջոցով, կամավոր ու առանց որևէ բռնության, խաբեության, խարդախության ի հայտ կգա Ռուսաստանի կազմ վերադառնալու ցանկություն:
Բոլորդ վերադարձե՛ք Ռուսաստան, և բոլորիդ համար լավ կլինի: Բոլորին խոստանում ենք ժողովրդավարություն, բարեկեցություն, անվտանգություն, և բոլորը տարեցտարի կապրեն ավելի լավ»: