Օդի ազատականացման բլեֆը
Հայաստանի օդի ազատականացման մասին հայտարարությունների հետ միաժամանակ՝ խոսվում էր, որ շուտով ավիատոմսերը մինչև 50%-ով կէժանանան: Արդեն անցել է շուրջ կես տարի: Ի՞նչ է փոխվել այս ընթացքում, և ինչպե՞ս է «օդի ազատականացում» ասվածն ազդել ավիատոմսերի գների վրա: 168.am-ի այս հարցերին ի պատասխան՝ «Եվրասիա Թրեվլ» ընկերության տնօրեն Գագիկ Մկրտչյանը հայտնեց, որ ինքնաթիռների տոմսերի գների մի փոքր անկում գրանցվել է հունվարին՝ 10%-ից ոչ ավելի:
«Տատանում կա, չեմ կարող ասել՝ նվազո՞ւմ է, թե՞ բարձրանում: Դա կապ ունի սեզոնայնության հետ: Ընդհանուր առմամբ, նվազման միտում չի նկատվում, եթե կա էլ՝ շատ չնչին: Սկզբունքորեն հնարավոր է, որ ապագայում գների անկում լինի, իջեցնելու տեղ կա, բայց թե իրականում ի՞նչ կլինի, չեմ կարող ասել»,- նշեց Գ. Մկրտչյանը:
Հայաստանի Ճամփորդական գործակալների միության փոխնախագահ Եղիշե Թանաշյանի խոսքով՝ օդի ազատականացումը մասնակի էր. «Դրանից հետո որոշակի փոփոխություն կա, բայց շատ հատուկենտ ուղղությունների վրա: Սեզոնային գները, միևնույն է, բարձր են: Ռուսական ավիաընկերությունների մասով մի փոքր նվազում կա, մնացածը նույնն է: Առաջիկայում չեմ կարող ասել՝ փոփոխություն կլինի՞, թե՞ ոչ, ինչ-որ աշխատանքներ տարվում են եվրոպական ավիաընկերությունների հետ, բայց չեմ կարող ասել, որ ինչ-որ բան կարելի է սպասել: Հարցը քաղաքականացված է, բայց գիտեմ, որ որոշ ուժեր կան, որ զբաղվում են այդ հարցով»:
ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ այս երկրում ամեն ինչ ստի վրա է կառուցված, խոստումներ են տալիս, ու ոչ մի բան էլ չի լինում:
«Օդի ազատականացում կոչեցյալը բլեֆ էր: Բլեֆ էր այն առումով, որ շուկան ամբողջովին տվեցին ռուսներին, և այդ մրցակցությանն իրենք երբեք չեն դիմանա: Տոմսերի ոչ մի էժանացում էլ չի լինի: Դա սուտ էր: Անցած տարի բազմիցս նշել եմ, որ եթե ուզում ենք հայկական ավիացիան փրկենք, պետական ընկերություն պետք է ստեղծվի՝ միջպետական համաձայնագրերի բովանդակությունը պահպանելով: Միայն այդպես կարող ենք փրկել ավիացիոն շուկան, բայց հիմա որ արդեն տրվել է, չեմ էլ պատկերացնում, թե ինչպես կարելի է ետ պտտել այդ ամենը: Արդեն անհնար է»,- ասաց նա:
Շ.Պետրոսյանի կարծիքով՝ «Էյր Արմենիան» չի կարող գնալ միակողմանի էժանացման: Նա նշեց, որ շուկան արդեն տրված է, եվրոպական ընկերություններն են չվերթերն ավելացնում, ռուսական տասնյակ ավիաընկերություններն են չվերթեր իրականացնում, և ստեղծված մրցակցությանը ոչ ոք չի կարող դիմանալ. «Եթե «Աերոֆլոտը» գները չի իջեցնելու, ո՞վ կարող է գին իջեցնել: Ամեն տեղ մենաշնորհ է, մասնավորապես՝ ավիավառելիքը մենաշնորհային է, ոչ մեկին թույլ չեն տալիս, որ ավելի էժան ավիավառելիք բերի: Սա նույն գազի պատմությունն է: Ամբողջ երկիրն է այս վիճակում, ոչ միայն ավիացիոն ոլորտը: Բացի դա, մենք օդաչու չունենք, բոլորը գնացել են: Ենթադրենք, մի 3-4 անձնակազմ պահպանվել է «Էյր Արմենիայում», բայց դա ոչինչ է, նոր օդանավ եթե բերեն, չվերթ ավելացնեն, օդաչու չկա, որ թռիչք իրականացնի»: