Էդուարդո Լորենցո Օչոան . «Հայաստանը կունենա ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը՝ այլ անվանումով». «Ժամանակ»

«Ժամանակի» զրուցակիցն է Հայաստանի Եվրոպացի բարեկամներ կազմակերպության (EuFoA) ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան:

-Հայաստանյան պաշտոնյաները՝ նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, դեռ հնարավորություն են տեսնում, որպեսզի ԵՄ-ն Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը ստորագրի և սա այն բանից հետո, երբ ԵՄ-ն Ուկրաինայի հետ ստորագրեց այդ համաձայնագրի քաղաքական բաղադրիչը: Բայց, ինչպես տեսնում ենք, հայաստանյան պաշտոնյաների այս օպտիմիզմը չեն կիսում ԵՄ դիվանագետները: Նույնիսկ Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտն ասաց, որ Հայաստանն այլևս այլ լիգայից է: Ինչո՞ւ Ասոցացման համաձայնագրի շուրջ ԵՄ-ՀՀ բանակցությունների ամբողջ ընթացքում ԵՄ-ն չէր հաշվարկել, որ Հայաստանը հատուկ աշխարհաքաղաքական դիրք ունի և ուժեղ, գուցե արդարացի կախվածություն Ռուսաստանից: Ներկայումս Հայաստանը գոնե պաշտոնական մակարդակում փորձում է համատեղել այս երկու ուղղությունները, գոնե պահել քաղաքական համագործակցությունը ԵՄ-ի հետ, ինչո՞ւ դա հնարավոր չէ:

-Առաջին հերթին, ես կարծում եմ, որ հայաստանյան պաշտոնատար անձանց այդ նախաձեռնություններն օրինաչափ են, ու ի դեպ՝ դրանք նոր չեն, դեռ սեպտեմբեր ամսից պաշտոնյաներն առաջարկում են ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը, ես դա բավականին տրամաբանական եմ համարում նամանավանդ այն ժամանակ, երբ մենք բոլորս ականատեսը դարձանք ուկրաինական զարգացումներին: Բայց Դուք պետք է հաշվի առնեք, որ Ուկրաինան ստորագրեց ԱՀ-ի քաղաքական հատվածը բայց հանձնառությամբ, որ կստորագրի ԽՀԱԱԳ պայմանագիրը: Հայաստանի ու Ուկրաինայի միջև կան տարբերություններ՝ Հայաստանը Վիլնյուսում պետք է նախաստորագրեր ԱՀ-ն, այնինչ Ուկրաինան արդեն նախաստորագրել էր ԱՀ-ն ԽՀԱԱԳ-ի հետ երկու տարի առաջ: Բայց ես ինչ-որ տեղ համաձայն եմ Ձեզ հետ, որ կա հետևողականության պակաս այս մոտեցման մեջ, որովհետև մի կողմից ԵՄ-ն ասում է, որ Ասոցացման համաձայնագիրը Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրի հետ կազմում է մեկ միասնական գործիք, այնինչ այն ստորագրում է երկու տարբեր առիթներով, այսինքն՝ առանձին-առանձին: Ես հասկանում եմ, որ սա ընդունելի չէ տրամաբանության տեսանկյունից: Ես հասկանում եմ նաև, թե ինչու են հիմա նրանք այդ հարցը բարձրացնում: Բայց ամենակարևորն այն է, որ ինչ էլ լինի վերջնարդյունքում՝ ավելի մեծացող կոնսենսուսը և ԵՄ-ում, և Հայաստանում այն է, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների իրավական հիմքը պետք է հիմնովին վերանայել և սա հաշվի առնելով՝ այն բարձր մակարդակի համագործակցությունը, որին հասել էին կողմերը վերջին տարիների ընթացքում: ԵՄ-ի կողմից կա կոնսենսուս, որ ԱլԳ երկրների ու ԵՄ-ի միջև հարաբերությունները պետք է լինեն ավելի հարմարեցված, քան նախկինում: Ես համոզված եմ, որ վերջնարդյունքում, եթե ոչ ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը, ապա լինելու է մի բան, որը շատ նման է լինելու այս համաձայնագրի քաղաքական հատվածին՝ պարզապես այլ անունով, այսինքն՝ բովանդակությամբ նույն փաստաթուղթը: Մի մոռացեք, որ ԵՄ-ն ու Հայաստանը պետք է իրենց հարաբերությունները կառուցեն անցյալի ձեռքբերումների վրա, իսկ դրանք շատ հստակ են: Ես կարծում եմ նաև, որ հայաստանյան պաշտոնյաները ժամանակ են փորձում շահել, բայց ես արդեն ասացի, որ ինչ էլ որ լինի, այն չի տարբերվելու Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչից: Սա իմ անձնական կարծիքն է:

-Մի քանի ամիս է, արդեն, խոսվում է այդ հարաբերությունների վերանայման մասին, ե՞րբ է այն ի վերջո տեղի ունենալու:

-ԵՄ-ն սպասում է Հայաստանին՝ հստակեցնելու իր համագործակցության սահմանները, ոլորտները, առաջնահերթությունները ԵՄ-ի հետ, որպեսզի պարզ լինի հարաբերությունների հետագա հիմքը: ԵՄ-ն սպասում է դրան, թեև դա ինչ-որ չափով նաև տեղի է ունեցել Վիլնյուսում կայացած գագաթնաժողովին, երբ տարածվեց միասնական հայտարարություն, որն ավելի ընդհանուր և չմանրամասնված տարբերակն էր:

-Կարո՞ղ է այդպիսի հստակ նշան լինել Տիգրան Սարգսյանի ելույթը և առաջարկն օրերս Բրյուսելում:

– Իհարկե: Ես տեսնում եմ քաղաքական կամք, և դա արտահայտվում է սեպտեմբերի 3-ից հետո: Դա վերահաստատվել է Վիլնյուսյան գագաթնաժողովում և այն բոլոր միջոցառումներում, որտեղ ԵՄ-ն ունեցել է բարձր մակարդակի ներկայություն: Այդ հայատարարությունները պետք է վերափոխվեն ավելի հստակ ու ինտենսիվ առաջարկների այն ոլորտների վերաբերյալ, որոնցում Հայաստանը կցանկանա աշխատել ԵՄ-ի հետ: Սա է, ինչում հայաստանյան ղեկավարությունը հավելյալ ջանքեր պետք է գործադրի:

-Կարլ Բիլդտի հայտնի հայտարարությունն ինչի՞ արդյունք է, գուցե վստահության պակասի՞:

-Սա իր կարծիքն է, որը շատերը չեն կիսում: Նրանք, ովքեր հետևել են նրա քաղաքական կարիերային, լավ գիտեն, թե ինչպիսին են իր մոտեցումները և շփման կապերը:

– Պարոն Օչոա, ուկրաինական զարգացումներից և Ղրիմի անեքսիայից հետո աշխարհում ամեն ինչ է փոխվում, նոր աշխարհակարգի հաստատման մասին են խոսակցություններ ընթանում: Պարզ է, որ ԱլԳ տարածքում ուկրաինական հեղափոխությունից հետո փոփոխվելու է նաև ԱլԳ քաղաքականությունը: Ինչպիսի՞ն է լինելու նոր քաղաքականությունը:

-Մեկ հարցում ԵՄ-ում կա հստակ կոնսենսուս, որ ԵՄ ԱլԳ ծրագիրը պետք է ավելի հարմարեցված լինի ԱլԳ առանձին երկրներին՝ համաձայն այդ երկրների հավականություններին: Մյուս կողմից՝ ԵՄ-ն ներկայումս ավելի զգուշավոր և ավելի տեղեկացված է, որ ԱլԳ-ն ընկալվել է որպես աշխարհաքաղաքական քայլ, բայց սա այդ պարագան չէ: ԵՄ-ն այս ծրագրով աշխարհաքաղաքականություն չի վարում, ու սա ապագայում ավելի հստակ է լինելու: Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս